Logo

«Դեպի ճամբար-հատուկ ջոկատի» պրեմիերան, կարմիր գորգն ու հատուկ հյուրը (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:15 / 06.10.2024Լուրեր
Բացառիկ
null

Հոկտեմբերի 3-ին «ԿինոՄոսկվայում» կայացավ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան: «Fast News Culture»-ը ներկա է եղել պրեմիերային, առանձնացրել կարմիր գորգի ամենահետաքրքիր դեմքերին ու դեպքերը, նաև զրուցել դերասանների հետ:

«Դեպի ճամբար» սերիալը էկրաններին է 2019 թվականից: Գեղարվեստական ֆիլմը ստեղծագործական այս թիմի համար դեբյուտային էր: «Ֆիլմը սերիալից կտրել ենք: Մեզ համար կարևոր էր, որ նայելիս մարդկանց մոտ հարցեր չառաջանան: Հանդիսատեսը տեսնի նոր ֆիլմ: Երկար-բարակ չենք մտածել: Բոլորս միանգամից հավատացել ենք գաղափարին ու անցել գործի: Տարիքային շեմը կինոթատրոններում նշված է 12+, բայց 6 տարեկանն էլ կարող է դիտել, հաստատ այդ տարիքի համար էլ հետաքրքիր կլինի։ Կարևորել ենք նաև այն, որ ֆիլմը հետաքրքրի մեծերին: Կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվել է, բայց ամենաճիշտը կգնահատի հանդիսատեսը»,- խոստովանեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:

Ֆիլմի տնօրեն Հռիփսիմե Ելինյանն էլ խոսեց դժվարությունների մասին: «Գեղարվեստական ֆիլմի ստեղծումն ամենևին էլ հեշտ չէ։ Սերիալում մենք 1 օրում կարող էինք նկարել 1 սերիա, բայց ֆիլմում ավելի շատ ժամանակ և ջանք էինք ներդնում յուրաքանչյուր տեսարանի համար: Շատ բարդ ու դաժան գործընթաց էր», - ընդգծեց Հռիփսիմեն:

Ֆիլմի ռեժիսրոը Կարեն Ամյանն է: Նրա խոսքով՝ երեխաների հետ աշխատելը շատ ավելի բարդ էր, բայցև հետաքրքիր: «Երեխաների հետ աշխատելիս պետք է չհոգնեցնենք նրանց, միաժամանակ կարողանանք տեսարանը լավ ստանալ: Շատ բարդ էր այդ երկուսը համատեղելը, բայց մեզ մոտ ստացվեց: Ֆիլմի գաղափարախոսությունը մեկն է՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի: Միմյանց նկատմամբ անտարբեր ճամբարականները հանգամանքների բերումով հասկացան, որ միասնական լինելու շնորհիվ կարող են լինել հերոսներ», - նշեց Կարենը:

Սցենարիտս Գարիկ Սեպխանյանն էլ անկեղծացավ՝ սցենար գրելն ավելի հեշտ է, քան իրականացնելը: «Որոշ տեսարաններ նկարահանման հրապարակում փոփոխել ենք: Գրելիս չես պատկերացնում, որ իրագործելն այդքան բարդ կլինի», - խոստովանեց Գարիկը:

Ֆիլմում նկարահանվել են նաև Մարիամ Ալեքսանյանն ու Վաչե Երիցյանը: Երկուսի դեպքում էլ այս թիմի հետ առաջին աշխատանքը չէ: Մարիամը նկարահանվել է «Դեպի ճամբար» սերիալում և «Սյուրպրիզ» սիթքոմում: «Գերէմոցիոնալ Տաթևի կերպարից հետո այստեղ հասուն, զուսպ ու այլ մասնագիտության տեր աղջկա եմ մարմնավորում: Այս թիմում բոլորն իմ ընկերներն են», - ասաց Մարիամը:

Վաչեն էլ խոստովանեց՝ այս թիմի հետ աշխատում են ոչ թե նկարահանման հրապարակում, այլ ընտանիքում: ««Սյուրպրիզից» հետո մեր ստեղծագործական «ընտանիքը» շարունակեց իր գործունեությունն արդեն գեղարվեստական ֆիլմում: Հուսով եմ՝ բոլորին դուր կգա ֆիլմը: Մենք էլ կշարունակենք մեր գործակցությունն այս թիմով», - ասաց Վաչեն:

«Դեպի ճամբար-հատուկ ջոկատի» պրեմիերայի հատուկ հյուրն էր Գրիգ Խանգելդյանը: «Trio Studio»-ի սանն այժմ ծառայում է բանակում, բայց հատուկ պրեմիերային մասնակցելու համար մեկօրյա արձակուրդով «ԿինոՄոսկվայում» էր: «Առաջին անգամ եմ նկարահանվում գեղարվեստական ֆիլմում, առաջին անգամ եմ քայլում կարմիր գորգով, առաջին անգամ եմ խոսում «ԿինոՄոսկվայի» բեմից և այս ամենը շնորհիվ Գրիգոր Դանիելյանի», - կինոթատրոնի բեմում անկեղծացավ Գրիգը: Նա ևս նկարահանվել է ֆիլմում:

 

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի

fastnews-ads-banner