Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Այգերն ասել է, որ իր ընկերությունն ուշադիր ուսումնասիրում է իր բիզնես-կոնտենտի բոլոր ասպեկտները, ներառյալ՝ կինոն և հեռուստատեսությունը, քանի որ այն լավագույն ճանապարհն է հարթում բարդ մեդիամիջավայրում: Նա մատնանշել է ոլորտի դժվարությունները, որտեղ գործում է իր ընկերությունը. հեռուստատեսային բիզնեսը, որն անկում է ապրում, կինոթատրոնային բիզնեսը՝ անորոշ ապագայով, և հոսքային հեռարձակումը, որն աճում է, բայց պահանջում է ընտրովի ուղի դեպի եկամտաբերություն:
Ելույթ ունենալով Morgan Stanley-ի կոնֆերանսում՝ Այգերն ասել է, որ ընկերությունը հատուկ կդիտարկի, թե որքան է ծախսում կոնտենտի վրա և որքան նախագծեր է արտադրելու ապագայում, գրում է The Hollywood Reporter-ը։
«Ես շատ գոհ եմ, որ ընկերության բովանդակությունը ստեղծողներից ստացած աջակցությունը զգալի է և այն արտահայտվում է բովանդակության համար ավելի ցածր ծախսերով, լինի դա սերիալ, թե ֆիլմ, որտեղ ծախսերը պարզապես աճել են, և ինչը, իմ կարծիքով, անընդունելի է: Նրանք բոլորը համաձայն են դրա հետ», - ասել է Այգերը:
Նա նշել է, որ ֆրանշիզի հիմնական բովանդակությունը (Marvel, Star Wars, Frozen և այլն) բացառիկ կմնա Disney-ին պատկանող հարթակներում:
«Disney-ը շատ ուժեղ է, անկասկած, ամենաազդեցիկ ապրանքանիշն է ընտանեկան ժամանցի համար», - ասել է Այգերը՝ հավելելով, որ երբ հեռուստադիտողները մայիսին դիտեն «Ջրահարսը», «դա կհիշեցնի ձեզ, թե որքան հզոր է այս ապրանքանիշը»:
«Մենք նկարահանեցինք «Աստղային պատերազմների» թեմայով երեք ֆիլմ և դրանք անվանեցինք սագաներ, որոնք Ջորջ Լուկասի առաջին վեց ֆիլմերի շարունակություններն են: Դրանք շատ լավ արդյունք ունեցան տոմսարկղում, իրականում շատ լավ։ Հետո որոշեցինք մի փոքր կանգ առնել․․․Մենք նախկինի պես զբաղվում ենք «Աստղային պատերազմներ»-ի թեմայով ֆիլմերի մշակմամբ։ Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ երբ այն ստեղծենք, այն ճիշտ լինի, ուստի մենք շատ զգույշ ենք»,- իր կարծիքն է հայտնել գործադիր տնօրենը։
Այգերն ասել է, որ նպատակն է կենտրոնանալ թողարկվող բովանդակության որակի, ոչ թե քանակի վրա:


