Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը հրաժարվել է վարել MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը՝ ի նշան գործադուլ անող սցենարիստների հետ համերաշխության, հայտնում է Variety-ն։
Բերիմորը, որն արդեն մի քանի տարի վարում է իր սեփական հեռուստատեսային ժամանցային շոուն, հրավիրվել է վարելու առաջիկա MTV Movie & TV Awards-ը:
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի զանգվածային գործադուլի պատճառով «Չարլիի հրեշտակների» աստղը հրաժարվել է կինոմրցանակաբաշխությունը վարելուց՝ այդկերպ ցանկանալով ցույց տալ իր աջակցությունը սցենարիստներին:
«Ես հարգում եմ սցենարիստներին և նրանց աշխատանքը: Այն ամենը, ինչ մենք փառաբանում և մեծարում ենք ֆիլմերում և հեռուստատեսությամբ, հորինված է նրանց կողմից: Եվ քանի դեռ լուծում չի գտնվել, ես նախընտրում եմ սպասել և հրաժարվել այս տարի MTV Movie & TV Awards-ը վարելուց: Շնորհակալ եմ MTV-ին, որի հետ ես միշտ ինձ շատ հարմարավետ եմ զգացել աշխատելիս, և անհամբեր սպասում եմ հաջորդ տարի նրանց շոուի մի մասը լինելուն»,- ասվում է Բերիմորի հայտարարության մեջ: