VNews Culture-ի զրուցակիցն է Կարելիայի բալետային թատերախմբի նախկին մենակատար Էդգար Սամվելյանը:
Դուք երկար տարիներ զբաղվել եք ժամանակակից պարերով, մասնավորապես` հիփ-հոփով: Հետո միանգամից որոշել եք զբաղվել բալետով: Ինչպե՞ս ստացվեց այդ անցումը:
-Ինը տարեկանից հիփ-հոփով եմ զբաղվել, հետո որոշում կայացրի, որ պետք է պարարվեստի ոլորտում խորանամ ու լուրջ մասնագետ դառնամ: Դեռ այդ ժամանակ բալետի մասին չէի մտածում: Տասնչորս տարեկանում հասկացա, որ պարողը պետք է լինի ունիվերսալ: Ու այդ պատճառով ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան, որպեսզի դասական պարերի բացն էլ լրացնեմ: Ընդունվեցի հայկական պարերի բաժին, քանի որ այնտեղ նույնպես «Կլասիկա» էին դասավանդում: Ու հենց առաջին օրը մեր պարի ուսուցիչը քաղաքում չէր, ու մեզ դասավանդեց բալետի վարպետ Հովհաննես Դիվանյանը: Ու նրա հետ մի քանի դասընթացից հետո սիրահարվեցի բալետին, ու մի օր եկա որոշման, որ ուզում եմ դառնալ բալետի արտիստ, ոչ թե հիփ-հոփ պարող:
Հե՞շտ էր այդ տեղափոխումը հիփ-հոփից դեպի դասական պար ու բալետ:
-Շատ դժվար էր: Ծուռտիկ-մուռտիկ ոտքեր, թույլ կեցվածք ունեի, որը բնորոշ է հիփ-հոփին: Ի տարբերություն իմ հասակակիցների, ես օրական մի քանի ժամ ավելի էի աշխատում: Խնդրել էի Հովհաննես Դիվանյանին, որ զուգահեռ դասարանի պարապմունքներին էլ մասնակցեի․ չնայած ես նրանցից շատ հետ էի, շատ էի զիջում: Օրական երկու անգամ էի պարապում: Մեծ դժվարություններից ու քրտնաջան աշխատանքից հետո մեկ տարի անց հրավեր ստացա Մոսկվայի Լավրովսկու անվան բալետի դպրոց, ու այնտեղ ուսումս շարունակեցի: Ու օրեցօր սերը բալետի հանդեպ ավելի էր մեծանում ու խորանում:
Ի՞նչը բալետում Ձեզ գրավեց, ու ի՞նչ նպատակներ ունեիք: Ինչի՞ էիք ուզում հասնել:
-Պետք է մտածեմ այդ հարցի շուրջ: Քանի որ, որքան էլ թվում է, որ հարցը ուղիղ է, բայց ինձ համար դժվարություն կա պատասխանելու մեջ: Ինչ-որ բան դժվարանում եմ առանձնացնել, ինձ բալետը գրավեց ամբողջությամբ:
Բայց ո՞րն էր մոտիվացիան բալետով զբաղվելու:
-Վստահ եմ` «Հզոր զգացմունքներ» խմբի մասին գիտեք:
Իհարկե, խմբի մասնակիցներից մի քանիսի հետ հարցազրույցներ ենք անցկացրել:
-Սկզբնական մոտիվացիաս նրանք են եղել ու, բնականաբար, եղել է ցանկություն՝ լինել նրանցից մեկը, նրանց նման: Այդ տարիքում բոլոր նրանք, ովքեր սիրել են բալետը, ինձ թվում է, այդ տղաները՝ Տիգրան Միքայելյանը (նրա հետ մեր հարցազրույցը` այստեղ), Արսեն Մեհրաբյանը (նրա հետ մեր հարցազրույցը` այստեղ), Արթուր Բաբաջանյանը, Վահե Մարտիրոսյանը, Արման Գրիգորյանը, բոլորի հերոսներն են եղել, ու ես էլ բացառություն չեմ եղել ու հիացել եմ նրանցով, ցանկացել եմ նրանց մեծ ճանապարհն անցնել:
Ավարտելուց հետո անցել եք աշխատանքի՞:
-Ուսումն ավարտելուց հետո գնացել եմ բանակ:
Զինվորական ծառայությունն էլ անցկացրել եք արվեստի մեջ:
-Այո: Ուսումնարանն ավարտելուց հետո, ընդունվել եմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ու միևնույն ժամանակ գնացել եմ պարտադիր զինվորական ծառայության: Առաջին չորս ամիսն Էջմիածնում եմ ծառայել՝ Ինժեներա-սակրավորական ուսումնական գումարտակում, բայց հետո, թատրոնի ջանքերի շնորհիվ, տեղափոխվել եմ Երևան, ու մնացած ժամանակահատվածում, ծառայությանը զուգահեռ, մասնակցել եմ նաև թատրոնի փորձերին ու զբաղվածություն եմ ունեցել ներկայացումներում:
Երևանում ի՞նչ ներկայացումներում եք պարել:
-Այդ ժամանակահատվածում գնացող բոլոր ներկայացումների մեջ զբաղվածություն ունեցել եմ՝ «Չիպոլինո», «Գայանե», «Սպարտակ»:
Հիմնականում կորդեբալետում եք պարել:
-Այո, Երևանում հիմնականում պարել եմ կորդեբալետում, ու չէի ասի, որ լուրջ դերեր ունեցել եմ:
Բայց հետո տեղափոխվել եք Կարելիա ու այնտեղի թատրոնում եղել եք առաջատար պարող:
-Այո: Երբ զորացրվեցի, Երևանի թատրոնում ոչինչ չկար անելու, Քովիդի համաճարակն էր, ամեն ինչ փակ էր: Կես տարի չպարեցինք, միայն գնում էինք «Կլասիկա» պարապելու: 2021 թվականի հունվարին Կարելիայից հրավեր ստացա որպես մենակատար հանդես գալու, ու չմերժեցի նրանց հրավերը: Կարելիայում պարել եմ տարբեր ներկայացումներում՝ «Կորսար», «Ժիզել», «Կարապի լիճը», ու մի շարք նեոկլասիկ ներկայացումներում եմ պարել: Հետո որպես հրավիրյալ արտիստ մեկնել եմ հյուրախաղերի Գերմանիա, Լիտվա, Դանիա, Ռուսաստանի տարբեր քաղաքներ:
Ու եթե ճիշտ գիտեմ` ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ձեր պայմանագիրը խզվեց Կարելիայի թատրոնի հետ:
-Չէ, այդպես չի եղել: Ես ռուսական բալետային թատերախմբի հետ գնացի հյուրախաղերի, ու այդ ժամանակ սկսվեց պատերազմը: Ու այդ ժամանակ առաջացան խնդիրներ:
Ի՞նչ խնդիրներ:
-Նախ, հյուրախաղերն ընդհատվեցին: Ներկայացումների մի մասը չպարեցինք ու հետ եկանք: Այդ ընթացքում ես փորձել էի կապ հաստատել Միխայլովյան թատրոնի հետ․ գլխավոր բալետմեյստերն ինձ հրավիրել էր դիտումների: Բայց պատերազմը սկսվեց, ու եկա այն մտքին, որ ինձ համար Ռուսաստանը լավագույն տարբերակը չէ, ու թեկուզ աշխարհի լավագույն թատրոններից մեկում պարելու առաջարկ ստանամ՝ նախընտրում եմ հեռանալ:
Ու վերադարձաք Երևան:
-Չէ, այդ ժամանակ առաջարկ ստացա «Ֆրանս Կոնցերտից» և Բելառուսի Մեծ թատրոնի հետ «Կարմինա Բուրանա» ներկայացմամբ գնացի հյուրախաղերի: Հյուրախաղերը տևեցին երեք ամիս․ եղանք Ֆրանսիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում, ու հյուրախաղերն ավարտվելուց հետո վերադարձա Երևան: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցողն ու իմ սրտի ցանկությունը, ու կշեռքի նժարի վրա ծանր ու թեթև անելով` այժմ դիտարկում եմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարիերաս շարունակելու հավանականությունը:
Որքա՞ն ժամանակ է, որ Երևանում եք:
-Երկու ամսից մի քիչ ավելի:
Կա՞ պայմանավորվածություն օպերային թատրոնի հետ:
-Այդ թեման մի փոքր փակ եմ ուզում դեռ պահել:
Իսկ այս ընթացքում Երևանում ինչո՞վ եք զբաղվում:
-Ցավոք, վնասվածք ստացա, որը շատ լուրջ չէ: Հիմա վերացնում եմ խնդիրը, որ նոր սեզոնում, որտեղ էլ որ շարունակեմ իմ կարիերան, լիարժեք ապաքինված, առողջ լինեմ ու ամբողջական ուժերով կարողանամ տրվել իմ աշխատանքին:
Բալետի արտիստի մեջ ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:
-Կարգապահությունը:
Ինչպե՞ս է դա դրսևորվում:
-Ամենօրյա խելացի աշխատանքով: Յուրաքանչյուրս անհատականություն ենք, ու մենք պարտավոր ենք հիմնովին ճանաչել մեր օրգանիզմն ու ըստ դրա իմանալ՝ մեզ ի՞նչ է հարկավոր, ու մարմնին ապահովել դրանով: Կարիերայում ծանրաբեռնվածությունը տարբեր է լինում, ու պետք է լինել խելացի ու հասկանալ՝ ճիշտ աճի համար ինչ է հարկավոր ու ինչ չափաբաժնով, որպեսզի նաև կարողանաս խուսափել վնասվածքներից:
Կարողացե՞լ եք այս ժամանակահատվածում ամբողջությամբ ճանաչել Ձեր մարմինը:
-Կարծում եմ՝ այո, ու հատուկ աշխատում եմ դրա վրա: Բայց դե դա ինձ հարյուր տոկոսով չի ապահովագրում վնասվածքներ ստանալուց: Ոչ ոք ապահովագրված չէ վնասվածք ստանալուց:
Բալետի հետ կապված երազանքներ ունե՞ք:
-Երազանք ասվածը մի քիչ չափազանցություն է: Ինձ համար երազանքը բալետի դերասան դառնալն էր: Պատանեկության երազանք էր, որ մի քիչ անհասանելի էր թվում: Մարդիկ ութ-ինը տարեկանից գնում են, կրթություն են ստանում ու տարիներ անց կա՛մ կդառնան, կա՛մ չեն դառնա բալետի արտիստ: Ես 15 տարեկանից սկսեցի զբաղվել բալետով, ու ընդամենը երեք տարվա կրթություն ունեմ, ու իմ պատանեկության երազանքն էր, որ իրականացավ: Ու արդեն հասունանալուն զուգահեռ, կյանքին ուղիղ ու ռեալ աչքերով նայելուց հետո, ես հասկացա, որ ունեմ ոչ թե երազանքներ, այլ նպատակներ, ու միշտ համարում եմ, որ համապատասխան գործիքների տիրապետելուց հետո կարող եմ հասնել դրանց:
Որո՞նք են այդ նպատակները:
-Ունեմ նպատակ հնարավորինս բարձրացնել իմ որակները: Որտեղ էլ որ լինեմ` առավելագույնը տալ հանդիսատեսին ու ինձանից հետո մի լավ մասնիկ թողնել: Ու, բնականաբար, կարիերաս միանշանակ կավարտեմ մեր օպերային թատրոնում:
Բայց մտադիր եք նաև դրսո՞ւմ պարել:
-Համագործակցություններին, որոնք թույլ կտան լինել և՛ դրսում, և՛ այստեղ, դեմ չեմ լինի: Դա շատ կարևոր է արտիստի համար: Գլխավոր նպատակը՝ այն փորձով, որ հավաքվում է տարիների ընթացքում, օգտակար լինեմ հենց մեր երկրին: Իմ՝ դուրս գնալու նպատակն էլ հենց դա է եղել, որ զարգանամ, կատարելագործվեմ ու այդ ամենն օգտագործեմ Հայաստանի համար:
Կա՞ն դերեր, որոնք պարելը նպատակ է Ձեզ համար:
-Երբեք չեմ կենտրոնացել այդ հարցի վրա: Ես միշտ կենտրոնացել եմ իմ ներկա անելիքների վրա, զարգանալու, իմ որակները բարձրացնելու վրա: Ու կենտրոնանում եմ ներկայի վրա: Արել եմ այն, ինչ պետք է անել այսօր: Իմ նպատակն այն է եղել, որ պատրաստ լինեմ, որ երբ գա դեր ստանձնելու ժամանակը, ես պատրաստ լինեմ դրան: Բայց, որ հեռվում երազեմ, որ սա կուզեմ կամ նա կուզեմ, այդպիսի բան չի եղել:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Արսեն Ազատյան․ Ամենակարևորը, թե քո պարով հանդիսատեսն ի՞նչ էմոցիա է ապրում
Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»
Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար
Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում
Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի