Logo

Եղիսաբեթ II-ի ազգականը հայտնել է Էլեոնոր Էքսերջյանի հետ իր նշանադրության մասին

13:53 / 15.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանական թագավորական ընտանիքը մոտ ապագայում կարող է ունենալ հայկական արմատներով առաջին անդամին։ Արքայադուստր Մարգարեթի թոռը և Եղիսաբեթ II թագուհու ծոռը՝ Սամուել Չատտոնը, հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագմամբ բրիտանացի նկարչուհի Էլեոնոր (Էլլի) Էքսերջյանի հետ։

Զույգը նշանադրության լուրը հայտնել է հուլիսի 13-ին՝ Ինստագրամյան իրենց էջերում հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ, որոնց կից Սամուել Չատտոնը գրել է.

 «Ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք անսահման երջանիկ ենք»:

Լուրը հաստատել է նաև Բուքինգհեմյան պալատը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու ընտանիքներն էլ «շատ ուրախ են» այս իրադարձության կապակցությամբ, իսկ թագավոր Չարլզ III-ը անձամբ շնորհավորել է զույգին։ Հարսանիքը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի գարնանը։

Նշանադրության մատանին ևս մեծ հետաքրքրություն է առաջացրել բրիտանական մամուլում։ Սամուել Չատտոնը որոշել է չհետևել թագավորական ընտանիքի դարավոր ավանդույթներին։ Եթե Վինձորների ընտանիքի անդամները սովորաբար ընտրել են խոշոր ադամանդներով, շափյուղաներով կամ հայտնի ուելսական ոսկուց պատրաստված մատանիներ, ապա Սամուելը ներկայացրել է առավել ինքնատիպ և ժամանակակից տարբերակ։

Մատանին ստեղծված է մինիմալիստական ոճով՝ պարզ հիմքով և աբստրակտ հյուսվածքային ավարտով։ Ոսկերչության մասնագետների գնահատմամբ՝ ճենապակու կիրառումը խորհրդանշում է հարաբերությունների կայունությունն ու երկարատևությունը։

Էլեոնոր Էքսերջյանը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում, սակայն տարիներ շարունակ հետաքրքրվել է իր հայկական արմատներով։ 2022 թվականին նա առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ աշխատել է իր դեբյուտային «Երևակայական լանդշաֆտներ» ֆիլմի վրա։ Այս տարվա գարնանը նա Լոնդոնում ներկայացրել է իր անհատական ցուցահանդեսը՝ «Մենք ենք մեր սարերը» խորագրով, որը ոգեշնչված էր Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բնապատկերներով։ Խորհրդանշական է, որ զույգի նշանադրության հայտարարության լուսանկարներից արվել են Երևանում:

Սամուել Չատտոնը և Էլեոնոր Էքսերջյանը երկուսն էլ 29 տարեկան են։ Նրանք ծանոթացել են Էդինբուրգի համալսարանում, որտեղ միասին սովորել են արվեստի պատմություն, իսկ նրանց հարաբերությունները սկսվել են 2021 թվականին։ Այժմ նրանք բնակվում են Լոնդոնում և զբաղվում ստեղծագործական աշխատանքով․ Սամուելը զբաղվում է գեղարվեստական կերամիկայի ստեղծմամբ, իսկ Էլեոնորը՝ նկարչությամբ։

Թեև Սամուել Չատտոնը չի իրականացնում պաշտոնական թագավորական պարտականություններ, նա պարբերաբար մասնակցում է բրիտանական միապետության կարևոր միջոցառումներին։

Ուշագրավ է նաև, որ նշանադրության հայտարարությունը կատարվել է հուլիսի 13-ին՝ ուղիղ 79 տարի անց այն օրվանից, երբ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց ապագա թագուհի Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի նշանադրության մասին։ Այս պատմական զուգահեռը արագորեն ուշադրության արժանացավ բրիտանական լրատվամիջոցների կողմից։

Եթե հարսանիքը կայանա 2027 թվականի գարնանը, Էլեոնոր Էքսերջյանը կդառնա Վինձորների թագավորական ընտանիքին միացած առաջին հայկական ծագում ունեցող կինը։

fastnews-ads-banner