Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը, որտեղ հավաքագրված են 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները՝ հայերեն բնօրինակների հետ համատեղ։
Նույն միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ Կառլո Վերդոնեի նախաբանով։
Ելույթներով հանդես են եկել Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Լա Սապիենցա» համալսարանի Հնագիտության դեպարտամենտի տնօրեն Ջորջո Պիրասը, «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի խմբագիր Դոմենիկո Պոլիտոն, Չարենցի երկերի թարգմանիչ Ալֆոնսո Պոմպելլան, «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի հեղինակ Լետիցիա Լեոնարդին, «Le Lettere» հրատարակչության ներկայացուցիչ Ֆիլիպպո Օռլանդոն և վերջում՝ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեն։
Հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանիը, Հասմիկ Վարդանյանը:
Աղբյուրը՝ Իտալիայում Հայաստանի դեսպանություն