Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր վերջին ելույթն է ունեցել հայրենիքում։ Նա որպես իր հրաժեշտի համերգի վայր ընտրել է Գլաստոնբերի երաժշտական փառատոնը։ Համերգը տեղի է ունեցել հունիսի 25-ին։ Սըր Էլթոնին տրվել է փառատոնի ամենահեղինակավոր հարթակը՝ Pyramid Stage-ը, ինչպես նաև Գլաստոնբերիում այս տարվա վերջին կատարողը լինելու պատիվը:
76-ամյա երաժիշտը բեմ է դուրս եկել ոսկեգույն կոստյումով և իր ավանդական ակնոցով։
Դաշնամուրի նվագակցությամբ արտիստը կատարել է իր բազմաթիվ հիթեր։ Միևնույն ժամանակ նա միայնակ չի ելույթ ունեցել՝ բեմ են հրավիրվել մի քանի հայտնի հյուրեր։ Խոսքը The Killers-ի մենակատար Բրենդոն Ֆլաուերսի և երգչուհի Ռինա Սավայամայի մասին է։
Համերգն ավարտվել է Rocket Man երգով և հրավառությամբ․
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Էլթոն Ջոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել իր «Farewell Yellow Brick Road Tour»-ով։ Հունիսի 14-ի դրությամբ երգիչը շրջագայության շրջանակում արդեն վաստակել էր 887 միլիոն դոլար։


