Logo

Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հեղինակ
naira-art
00:00 / 03.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 3 - Երբ գարունները ողջ թագավորեմ…

Տարվա գրեթե բոլոր եղանակները ոգեշնչել են բանաստեղծներին ու նկարիչներին, բայց ամենաշատը ու ամենագեղեցիկը գարունն է մղել նրանց ստեղծագործելու: Գարուն են երգել հայ գրեթե բոլոր պոետները, գարուն են պատկերել մեր բոլոր նկարիչները: Գարունն ինքնին գույն է, լույս, բառ, հնչյուն, թրթիռ ու տրոփյուն…

Բազմաթիվ ու բազմապիսի հարյուրավոր նկարներից ու բանաստեղծություններից ընտրել ենք մի քանիսը, ձեր գարնանային օրը գեղագիտորեն լիարժեք ու գունեղ դարձնելու նպատակով:

bashinjaxyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Գևորգ Բաշինջաղյան «Վաղ գարուն», 1890

 

sedrakyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Սեդրակ Առաքելյան «Գարուն», 1923

Համո Սահյան «Գարուն էր…»

Գարուն էր… սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ…
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցըս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ

araqelyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Սեդրակ Առաքելյան «Գարունը Երևանում», 1926

 

arshakuni - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Զավեն Արշակունի «Գարուն», 1960

 

Վահան Տերյան «Գարուն»

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

gayfechyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Վահրամ Գայֆեճյան «Գարուն», 1945

 

saryan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Մարտիրոս Սարյան «Գարունն սկսվեց», 1961

Համո Սահյան «Գարնանամուտ»

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք

Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճամբից:

qolozyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Բաբկեն Քոլոզյան «Գարուն», 1977

 

zardaryan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Հովհաննես Զարդարյան «Գարուն»,1967

Վահան Տերյան «Գարուն»

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

beqaryan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Արա Բեքարյան «Գարուն», 1956

 

nalbandyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…
Արփենիկ Նալբանդյան «Գարուն», 1960

 

Հովհաննես Շիրազ «Թագադրում»

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,

Երբ գարունները ողջ թագավորեմ…

melqonyan - Երբ գարունները ողջ թագավորեմ…

Աշոտ Մելքոնյան «Գարուն», 1983


fastnews-ads-banner