Այսօր լրանում է համաշխարհային կինոյի կարկառուն, ամենաազատ ու ամենախիզախ ստեղծագործողներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 102-ամյակը։ Նա ապրում էր ժամանակից և համակարգերից դուրս։ Փարաջանովը պարզապես ֆիլմեր չէր նկարահանում։ Նրա աշխարհում գույնը գաղափար էր, առարկան՝ խորհրդանիշ, իսկ շարժումը՝ մի ողջ պատմություն։
Ծնված լինելով Թբիլիսիում՝ հայ ընտանիքում, Սարգիս Հովսեփի Փարաջանյանն իր մեջ կրում էր միաժամանակ մի քանի մշակույթ՝ հայկական, վրացական, ուկրաինական, արևելյան և եվրոպական։ Այդ բազմաշերտ ինքնությունն էլ դարձել է նրա արվեստի գլխավոր ուժը։
1960-ականներին ստեղծված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը շրջել է խորհրդային կինոյի բոլոր ընդունված կանոնները։ Իսկ «Նռան գույնը» դարձել է ոչ միայն կինոժապավեն, այլ մշակութային իրադարձություն, որը մինչ այսօր շարունակում է վերլուծվել ու բացահայտվել։

Ուսանողության տարներին նա սիրահարվում է թաթար մի աղջկա՝ Նիգյարին: Նրանք ամուսնանում են, սակայն նրանց երջանկությունը երկար չի տևում։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ նրա եղբայրները գալիս են Մոսկվա ու իմանում Նիգյարի և Սերգեյի մասին, գումար են պահանջում: Ուսանող Փարաջանովը չի կարողանում վճարել այդ գումարը: Աղջկա հարազատները պահանջում են հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվել է: Հարազատներն էլ համաձայն իրենց նահապետական բարքերի, նետել են երիտասարդ աղջկան գնացքի տակ:

Փարաջանովի կյանքը նույնքան դրամատիկ էր, որքան նրա ֆիլմերը։ Խորհրդային համակարգը չէր կարող համակերպվել մի արվեստագետի հետ, որը չէր ենթարկվում գաղափարական շաբլոններին։ Նրան բանտարկել են, լռեցրել, զրկել աշխատելու հնարավորությունից։ Սակայն նույնիսկ բանտում Փարաջանովը շարունակում էր ստեղծել՝ կոլաժներ, տիկնիկներ, որոնք այսօր ցուցադրվում են աշխարհի թանգարաններում։
102 տարի անց Փարաջանովը շարունակում է մնալ արդիական։ Մի աշխարհում, որտեղ արվեստը հաճախ ենթարկվում է շուկային, ալգորիթմներին ու արագ սպառմանը, Փարաջանովը հիշեցնում է, որ իսկական արվեստը դիմադրություն է։ Դիմադրություն՝ միօրինակությանը, միջակությանը, վախին։


