
Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մասին հուշերը բացահայտում են նրա մարդկային դրական հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։ Այսօր ներկայացնում ենք երեք պատմություն Վարպետի մասին, որը պատմել է թատերագետ Ռուբեն Զարյանը։
Ուրբանիստը
«Մեր գրողներից մեկի հետ, որի ազգանունը հարմար չեմ գտնում տալ, կանգնած զրուցում էինք, երբ փողոցով անցնող Իսահակյանը մոտեցավ մեզ։
-Որտե՞ղ էիր, Վարպետ,- հարցրեց գրողը։
-Թալինում։
-Է՛, լա՞վ էր։
-Շա՛տ։
-Իսկի չգիտեմ էլ, թե Թալինը որտեղ է,- ասաց գրողն ու հարցրեց,- ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմով պետք է գնալ։
-Հիմիկվա գրողներդ,- ասաց Վարպետը,- Հայաստանը չեք ճանաչում, չգիտեք երկիրը, չեք լինում գյուղերում։
-Ես գյուղը չեմ սիրում,- արդարացավ գրողը։
-Մեր ժողովրդի արմատը գյուղացին է. պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, կենցաղը, լսել նրա ոճերը, դարձվածքները։
-Չե՛, չեմ սիրում, – վրա էր բերում գրողը նույն կատակ տոնով, չնկատելով Իսահակյանի դեմքի մռայլը։
-Դե՛, դուք ինչ գրողներ եք, գրում եք առանց ժողովրդի մեջ լինելու։ Մի հինգ գիրք կարդում եք և դրանց հիման վրա գրում մի նորը` վեցերորդը։
-Ես գերադասում եմ քաղաքի ժխորը։
Տեսնելով, որ դրությունը լրջանում է, մթնոլորտը մեղմելու նպատակով, ասացի կատակով.
-Ուրբանիստ է։
-Սա ուրբանիստ չէ, այլ թումբանի՛ստ, -վրա բերեց Վարպետը ու շարունակեց ճանապարհը։
Տրամվայը
Իսահակյանի հետ փողոցի մի մայթից անցնում էինք մյուս մայթ։ Տեսնելով, որ տրամվայ է գալիս, Վարպետը կանգ առավ, ինձ էլ ձեռքով նշան արեց, որ չշտապեմ։ Վագոնավարը տեսնելով բանաստեղծին կանգնած, տրամվայն անմիջապես կանգնացրեց ու դռնակը բացեց.
-Խնդրեմ, Վարպետ։
Իսահակյանը, որ թեև տրամվայ նստելու միտք չուներ և մեր ճանապարհն էլ բոլորովին այլ կողմ էր, անհարմար զգաց չընդունել առաջարկը։ Դարձավ ինձ.
– Բարձրանա՛նք։
Վագոնը լի էր մարդկանցով։ Անմիջապես տեղ ազատեցին նրա համար։ Ես, որ կանգնած էի մնացել, նայում էի Վարպետի դեմքին։ Իրեն լավ էր զգում։ Մի փոքր անց կողքի տեղն ազատվեց։ Նստեցի։
– Երբ քեզ բարի են ուզում` առ, մի մերժիր, թեկուզ և այդ րոպեին դրա կարիքը չունենաս էլ։
Մի որոշ տարածություն անցնելուց հետո իջանք։ Վարպետը շնորհակալություն հայտնեց վարորդին։ Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի արտահայտությունը. այդ հաղթանդամ մարդը մի հեզ հայացքով ուղեկցում էր Վարպետին, երջանիկ այն գիտակցությամբ, որ գեթ մի անգամ իրեն բախտ վիճակվեց «պատվել» իր մեծ ժամանակակցին։
Ծերությունը
Վարպետն ասաց.
-Շատ տարիներ առաջ էր։ Այն ժամանակ Փարիզ էի։ Փայլուն մրցանակ խոստացան նրան, ով մի բառով կարտահայտի ամենանվիրական հասկացողությունը։
Մի պահ լուռ մնաց և ապա շարունակեց խոսքը.
-Շատերը մասնակցեցին. մեկն ասաց` սեր, մի ուրիշը` հայրենիք, երրորդը` կյանք, մեկն էլ թե` ազատություն, ուրիշները` կարոտ, ձգտում, հմայք և այսպես շարունակ։
Լռեց։
-Եվ ինչ եք կարծում, ո՞վ շահեց մրցանակը։
Նայեց շուրջը նստածներին։ Ոչ ոք ձայն չհանեց։
– Շահեց նա, ով որ ամենանվիրական հասկացողությունը հայտարարեց ծերությունը։
Բոլորս էլ անակնկալի եկանք։ Վարպետը ժպտաց և ապա հայացքը կենտրոնացնելով մեկի վրա, որ նայում էի իրենց տարակուսանքով, բացատրեց.
– Հապա, սիրելի՛ս, այդպես է, ծերութունը իր մեջ ամփոփում է մնացած բոլոր հասկացողությունները։