Logo

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը փետրվարի 12-ին

23:52 / 31.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ։  Մաեստրոն դեռ 2019-ին երեխաների լսումներ էր կազմակերպվել, նվագախումբ հավաքել, անգամ փորձերը սկսել։ Համաճարակի պատճառով գաղափարը հնարավոր չէր եղել իրականացնել․ փորձերը դադարեցվել էին, իսկ երեխաները չէին հասցրել անգամ համերգ ունենալ։

2023-ին  Էդուարդ Թոփչյանը որոշեց, որ պետք է փորձի իրականացնել երազանքն ու սկսեց զրոյից։ 2 ամիս մայրաքաղաքի 25 արվեստի և երաժշտական դպրոցներում երաժշտական լսումներ են կազմակերպվել։ Մոտ 500 երեխա է մասնակցել, որոնցից ընտրվել են լավագույնները։ Նվագախումբը 100-105 հոգուց է բաղկացած։ Ծրագրի նպատակն է Հայաստանում կարևորել դասական երաժշտության նշանակությունը և դիրքը։  

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

 

fastnews-ads-banner