Logo

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը

16:23 / 14.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

ASA արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts) նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացնի ASA Forum 2025-ը։

Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը հրավիրում է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, մենեջերներին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

ASA Forum 2025-ն այս տարի կենտրոնանում է հետազոտության վրա հիմնված մշակութային քաղաքականության և կայուն ստեղծարար տնտեսության ձևավորման վրա։ Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ պանելային քննարկումները կշոշափեն մշակութային քաղաքականության այնպիսի հիմնարար հարցեր, ինչպես, օրինակ, ռեսուրսի և հնարավորությունների ապակենտրոնացումն ու թվայնացումը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարները, արվեստագետների իրավունքների և ջատագովման մեխանիզմների ամրապնդումը, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցության խթանումը:

Միջոցառումը կուղեկցվի նաև տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ՝ ստեղծելով հարթակ՝ նոր տաղանդների տեսանելիության բարձրացման համար։

ASA արվեստի ջատագովման համայնքը գործում է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից ֆինանսավորվող ArtNexus ծրագրի, ինչպես նաև AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ։ ASA Forum 2025-ի գործընկերներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Ռեզոնանս ծրագիրը և hosq հիմնադրամը։

fastnews-ads-banner