Երկիր՝ ճարպիկ խաղացող
Մի բաժակ օղի ու մի շերտ կիտրոն.
սրճարանների գոլ մշուշներում գլորում ենք օրերը,
որ մեր ժամանակն է քո ափերի մեջ,
մեզ ձեռքից ձեռք փոխանցած երկիր՝ ճարպիկ խաղացող:
Մեր կյանքը անցավ քո կիսախուփ հայացքի տակ՝
լուռ ու անտարբեր.
երկու սահմանի միջև՝
ոչ մերը եղավ ու ոչ էլ քոնը՝ չեզոք գոտու պես:
Տղաներ, որ մոլորվեցին
թափառումների աղի հորիզոններում,
կորցրեցին իրենց աշխարհը մտատեսիլ
և կորան աշխարհի համար իրական:
Մեղքի մեջ ու չարի բաժին դարձան նրանք,
ովքեր ծնվել էին սրբության վարքը բիբերի վրա
և երդվել էին` քո հաճույքով ու դառնությամբ ապրել:
Մենք եկել էինք քոնը քեզ դարձնելու վստահությամբ,
մեր ձեռքերում առավոտ կար
և մաշկի տակ՝ լուսաբացներ աննման.
քո երազի բուրմունքը` իրական վարդ, ու մեր հոգին էր:
Սակայն հավատը թերի և սերը հեգնող քո նայվածքում
ամայություն տեսանք ու մենությունը մեր՝ դեռ տեղ չհասած:
Խաղը չի ավարտվել տակավին,
ինչ ունեինք մեր սիրտ ու աչքերում
և ունենք թևերի վրա,
մաս-մաս տալիս ենք՝
ամեն անգամ մի վերջին խաղաթուղթ,
ու միշտ շահողը՝ մեր անդարձ կորստով,
դու ես լինում, երկիր, մեր միջի ճարպիկ տղա:
Ու փնտրեցինք ճանապարհը հետդարձի` դեպի քեզ բերող,
քանի որ խենթերն էինք քո,
և առավոտ էր մեր հայացքը դեռ:
Բայց տեսանք քեզ որոնող աչքերով,
որ այրել ես կամուրջներ ու եզրը մեր միջև:
Մենք քո թողած հաշիվն ու բացը փակեցինք, երկիր,
իսկ դու չտված թեյավճարը մեզ չներեցիր:
Հուսիկ Արա