Վերջապես մոտենում է Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի օրը: Նախորդ «Ավատարից» ավելի քան 10 տարի է անցել, սակայն այն շարունակում է կրել պատմության ամենաեկամտաբեր ֆիլմի տիտղոսը (բացառությամբ մի կարճ դադարի, երբ վերջին «Վրիժառուները» զբաղեցրեց առաջին տեղը)՝ 2,8 միլիարդ դոլար եկամտով։ Ու թեև ֆիլմի պրեմիերան դեկտեմբերի 14-ին է, այն արդեն քննարկում են բոլորը։ Կվերադառնա՞ն հին հերոսները։ Ինչի՞ մասին է լինելու նոր մասը։
Փորձենք պատասխանել «Ավատար. Ջրի ճանապարհը» սիքվելի վերաբերյալ հիմնական հարցերին․
Սցենար
«Ավատար»-ի երկրորդ մասում իրադարձությունները ծավալվում են առաջին ֆիլմի դեպքերից ավելի քան 10 տարի անց, երբ Ջեյք Սալին, ավատարի կերպարանք ընդունելով, դառնում է Նավի ժողովրդի առաջնորդը և ստանձնում առաքելություն՝ պաշտպանելու նոր տունը Երկրից եկած գործարարներից: Եվ նա պատրաստ է հետ մղել մինչև ատամները զինված երկրացիներին, որոնք վերադարձել են Պանդորա։
Ֆիլմի տևողությունը երեք ժամ է (առաջինը 2 ժամ 42 րոպե էր), և Ջեյմս Քեմերոնն Empire-ին տված հարցազրույցում նախապես պատասխանել է նրանց, ովքեր կարծում են, որ դա շատ երկար է կինոյի համար. «Պետք չէ նվնալ կինոթատրոնում ֆիլմի երկարության առնչությամբ, երբ տանը կարող ես 8 ժամ տրամադրել որևէ եթերաշրջանի դիտման համար։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես են քննադատները գրում. «Աներևակայելի երկար՝ երեք ժամանոց ֆիլմ»: Դադարե՛ք նվնվալ, հերի՛ք է։ Երեխաներս կարող են հինգ ժամ անընդմեջ մնալ էկրանի առաջ՝ սերիալ դիտելով: Պետք է սոցիալական տեղաշարժ լինի։ Մի՛ անհանգստացեք, կարող եք վեր կենալ և գնալ միզելու»: Ռեժիսորը նաև նշել է, որ եթե առաջին մասը սիրո մասին մելոդրամա էր, ապա շարունակությունն ավելի շատ ընտանեկան սագա է. «Ես որոշեցի իմ անհավատալի հերոսներին ընտանիք պարգևել: Այդ պատճառով նրանք խոցելի վիճակում են»։ Եվ, այո, «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմում գլխավոր հերոսները ծնող են դառնում։
Գլխավոր հերոսները
Սեմ Ուորթինգթոնը, որը մարմնավորել է Ջեյք Սալլիին, և Զոի Սալդանան, որը մարմնավորել է Նեյտիրիին, կվերադառնան իրենց դերերին։ Ֆիլմում կհայտնվի նաև Ջեյմս Քեմերոնի սիրելի Սիգուրնի Ուիվերը, չնայած այն բանին, որ նրա կերպարն առաջին ֆիլմում մահանում է․․․ Ռեժիսորը նրան տվել է գլխավոր հերոսների որդեգիր դստեր՝ Կիրիի դերը, ինչի համար 72-ամյա դերասանուհուն CGI և Motion Capture տեխնոլոգիաների շնորհիվ վերածել են դեռահասի․․․
Կարող եք կարդալ նաև՝
72-ամյա Սիգուրնի Ուիվերն «Ավատար 2»-ում դեռահաս աղջկա է մարմնավորել
![]()

Ի դեպ, նախագծին մասնակցել է նաև Քեյթ Ուինսլեթը (նա պատմել է, որ ռեժիսորը «Տիտանիկից» քառորդ դար անց ավելի հանգիստ է դարձել, մինչդեռ ինքը, ընդհակառակը, ավելի հիպերակտիվ է)` մարմնավորելով նվիրված և ուժեղ մարտիկի՝ Ռոնեյլի կերպարը, որը հղի լինելով՝ կողք կողքի կռվում է իր ժողովրդի հետ։


Տեխնոլոգիաներ
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Պանդորայի օվկիանոսում, որտեղ Ջեյք Սալին հանդիպում է Մեթկայինա խութերի կլանին, որը ղեկավարում են Տոնովարին և Ռոնեյլը: Եվ նրանք ուրախ չեն այս ծանոթությունից. իրենց նոր դաշնակցի ետևից անպայման կգան երկրացիները՝ իրենց զենքերով (ըստ Ջեյմս Քեմերոնի ծրագրի՝ այս հակամարտությունը պետք է արտացոլի փախստականների հետ կապված ներկայիս համաշխարհային ճգնաժամը):


Տեխնոլոգիական առաջընթացը Performance Capture-ի օգտագործումն էր. նկարահանումները տեղի են ունեցել հատուկ ջրամբարում, որը կարող էր տեղավորել գրեթե չորս միլիոն լիտր ջուր, ալիքի գեներատորով՝ ստորջրյա հոսանքների իմիտացիայի համար: Իսկ դերասանների նախապատրաստումը տեղի է ունեցել Հավայան կղզիներում, որտեղ նրանք սովորել են, թե ինչպես շունչը պահել ջրում, այդ հարցում նրանց օգնել է սուզորդ Քըրք Քրեքը, որը նաև մարզել է Թոմ Քրուզին «Rogue Nation» ֆիլմի համար։ Քեյթ Ուինսլեթի ռեկորդն, օրինակ, կազմել է 7 րոպե 14 վայրկյան:
Ինչո՞ւ էին ստորջրյա նկարահանումները պահանջում նման նրբություններ: Բանն այն է, որ ջուրն ազդում է քաշի վրա և անհավասար արտացոլում լույսը, և դա բավականին դժվարացնում է նկարահանման գործընթացը, իսկ ֆիլմի արտադրությունը, ի թիվս այլնի, հետաձգվել է անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման պատճառով։



