
Հայ նշանավոր քանդակագործ Երվանդ Քոչարի կյանքում կանայք կամ մուսաներ շատ են եղել։ Նրա վերջին կինը` Մանիկ Մկրտչյանն իր հուշերում շատ հետաքրքիր ու յուրօրինակ կերպով պատմում է Քոչարի կանանց մասին.
Առաջին կինը
«Քոչարն առաջին անգամ ամուսնացել է 1925 թ. Փարիզում։ Աղջիկը պոլսեցի էր, Վարդենին` էքսցենտրիկ, բանաստեղծական հովերով տարված մեկը, մի գիշեր բացում է հոր դրամարկղը (սեյֆը), փողերը վերցնում և` ու՞ր ես, Փարիզ… հայդե։

Քոչարը բազմիցս պատմել է հետևյալ երազ-հալյուցինացիան.
-Վարդենիի հետ ծանոթացա Համլիկի տանը։ Նույն երեկոյան եկա տուն, կեսգիշեր էր, երազ տեսա, որ Վարդենին եկավ, դուռը թակեց, ներս մտավ, նստեց մահճակալիս։ Մի փոքր շատ կարճատև զրույցից հետո, ասաց. «Ես այստեղից այլևս չեմ գնա»։
-Երդվում եմ,- ասում էր Քոչարը,- աչքս բաց արեցի, տեսա` երազ էր, դեռ երազի ազդեցության տակ էի, դուռը բախեցին, բաց արեցի, տեսա Վարդենիին. ներս մտավ, նստեց մահճակալիս և ասաց, որ այլևս չի գնալու… Ու այդպես ամուսնացանք…
Երկրորդ կինը
Մելինեն` Քոչարի երկրորդ կինը (ամուսնացել են 1930թ.), դիմեց ամեն միջոցի, ընդհուպ ցուցահանդես կազմակերպելու պատրվակով Քոչարին Փարիզ հրավիրելը…
1966 թ. մարտ ամսին Մելինեն կազմակերպեց Քոչարի` Փարիզում թողած գործերի մի փայլուն ցուցահանդես, որից հետո աճուրդի ներկայացնելով Քոչարի` իր մոտ եղած գործերը` ցրեց չգիտենք ուր և շատ չանցած` ինքնասպան եղավ…

Երրորդ կինը
Երրորդ անգամ Քոչարն «ամուսնանում է» Երևանում, ավելի պատահական, քան առաջին երազ-հալյուցինացիան… Պատմում էր.
-1938թ. գնացքով մեկնում էի Մոսկվա։ Նույն վագոնում էին Երևանի կոնսերվատորիայի մի քանի ուսանողուհիներ, որոնց մեջ և Թամարա Իսահակյանը։
Եկավ իմ կուպեն, ծանոթացանք, իմացավ` ուր եմ գնում, ինչ նպատակով։ Մոսկվայում հանդիպեցինք, գնում-գալիս էր։ Այնուհետև ես մնացի Մոսկվայում, ինքը վերադարձավ Երևան։ Մեկ-երկու անգամ նամակ գրեց, իմացել էր նաև մեր Թիֆլիսի հասցեն և նամակագրություն սկսել քրոջս աղջկա` Ռուզանի հետ։

Ու ահա, Մոսկվայից վերադառնում եմ Երևան, կայարանում ինձ դիմավորում է Թամարան` Հովիկ Հաբեթյանի հետ։ Ինձ հրավիրում է տուն` ճաշի, չեմ հրաժարվում։ Ճաշից հետո ուզում եմ գնալ հյուրանոց, չեն թողնում։
-Մնացեք, կընթրենք, հետո կգնաք,- սրան էլ եմ համաձայնվում։ Ընթրիքից հետո ճամպրուկս ուզում եմ վերցնել, մայր ու աղջիկ թե` «Ուշ է արդեն, մինչև գնաք, հերթապահ, գրանցում, հոգնեցուցիչ է, մնացեք այս գիշեր մեզ մոտ, վաղը կգնաք»։
Համաձայնվեցի և այս առաջարկին։ Առավոտյան վաղ նախաճաշը պատրաստ էր, նախաճաշեցինք, ուզում էի գնալ, մեկ էլ տեսա, Թամարան մի կողմից, մայրը` մյուս, ինչ կասեն հարևանները, եկար, գիշերը մնացիր… Ես ապշել էի, սա ինչ ներկայացում է, շանտաժ… Մնացի մեկ օր, երկու օր… Երրորդ օրը, թե` «Երվանդ, քեզ մի հետաքրքիր բան եմ ցույց տալու», -ես էլ կարծում եմ, թե Լեոնարդոյի, Միքելանջելոյի կամ որևէ կլասիկի հետաքրքիր ռեպրոդուկցիա կամ որևէ այլ նկար է ցույց տալու… Եվ ի՞նչ… Իմ առաջ կանգնած է 8-9 տարեկան մի տղա. «Էմիլն է… իմ տղան…»։ Ես զարմացա, նա ինձ ներկայացել էր «օրիորդ», հիմա ոչ միայն տիկին է, այլև մայր և ունի որդի…
Մնացի որոշ ժամանակ, 1939թ. օգոստոսի 31-ին ծնվեց տղա, և քանի որ «Սասունցի Դավթի» 1000-ամյակի օրերին ծնվեց, անունը դրեցինք Դավիթ։ Դավթի ծնվելուց մի քանի ամիս անց սկսվեցին մեր ընդհարումները… Չէր թողնում որևէ մեկին նկարեի, ում խանդում էր, նկարը պատռում էր…
Ձեղնահարկում մի թեթև արվեստանոց էի կառուցել, ապրում էի արվեստանոցում…Հայրենական պատերազմի առաջին օրն ևեթ ինձ բանտ նետեցին։ Միայն Ժենյայի ջանքերով 2 տարի 4ամիս հետո ազատվեցի բանտից…
Ու՞ր պիտի գնայի, փող չունեի, ազգական չունեի։ Գնացի իմ արվեստանոցը և ի՞նչ տեսա, – Թամարան հղի էր` ծննդաբերելու օրերն էին… Բայց ներեցի` մտածելով, գրեթե բաժանված էինք, երբ բանտարկվեցի, միայն ասացի. «Ներում եմ, սակայն այլևս կապեր չունենաս նրա հետ, ումից որ պիտի ծնվի երեխադ և երեխային պիտի հանձնես հորը»։ Համաձայնվեց, ծննդաբերեց` աղջիկ էր…
Հայրը Կոմիտասի անվան կվարտետի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանն էր, իսկ նրա կինը` Լյուսի Թարգյուլը։ Նրանք զավակ չունեին` սիրով համաձայնեցին ընդունել-որդեգրել Թամարայից ծնված երեխային…Կարծես թե ամեն ինչ կարող էր հարթ ու խաղաղ վերջանալ, բայց… Նորից կապվեց Ավետ Գաբրիելյանի հետ.. Թողեցի գնացի Դերենիկ Դանիելյանի մոտ։ Թամարան հույս ուներ, որ պիտի զայրույթս անցներ, վերադառնայի… Հազիվ էի ազատվել»։
Չորրորդ կինը
Երվանդ Քոչարը 1946 թ. ամուսնանում է Մանիկ Մկրտչյանի հետ։ Մանիկն իր հուշերում գրում է նաև իրենց ամուսնության մասին.

«Պարանը ձեռքիս գնում էի Քոչարի իրերը կապկպելու, հանդիպեսցի Աշխեն Հովհաննիսյանին, որին ճանաչում էի պետական կապելլայից.
-Բարև Մանիկ ջան,- ասաց Աշխենը,- էդ ու՞ր։
-Գնում եմ Քոչարի մոտ, գրքերը կապկպելու. ամուսնանում ենք։
-Վայ, ափսոս քեզ, ավելի լավ է` էդ պարանով կախվես, քան նրա հետ ամուսնանաս…

-Հրաշք պիտի լինի, որ Քոչարը Մանիկի հետ տևական ամուսնական կյանք ունենա, -ասում էր քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։
-Քանի չէր ամուսնացել, հետաքրքրվողներ քիչ կային, այդ ինչ եղավ, որ բոլորն ափսոսում են Մանիկին,- ասում էր պրոֆ. Արսեն Տերտերյանը` իմ սիրելի դասախոսը։
-Ափսոս ես, Մանիկ, -ասում էր Աճառյանը,- նա մի ամսից ավելի քեզ հետ չի ապրի…»։
Երվանդ Քոչարն ու Մանիկ Մկրտչյանը միասին ապրեցին 39 տարի` մինչև Քոչարի մահը։ Իր հուշերը Մանիկն ամփոփում է այսպես.
«Գիտակցական կյանքիս 2/3-ը անցկացրի Քոչարի հետ։ Ես այդ բոլորն արեցի իմ ժողովրդի համար, թեև զրկվեցի անձնական կյանքից, տոկացի, տառապեցի, երբեմն արժանապատվությանս նսեմացման գնով…»։