Երբ ես 18 տարեկան էի… խաղացի առաջին դերը թատրոնում`Անուշը, Թումանյանի:
Մամայությունն ինձ դարձրել է ավելի… իմաստուն:
Ամուսնուցս սովորում եմ… պահպանել հավասարակշռություն, երբ նյարդերս տեղի են տալիս:
Եվ այդուհանդերձ…ես չափից ավել էմոցիոնալ եմ:
Հեշտ չէ ամեն օր լավ տրամադրություն ունենալը, բայց… ես սիրում եմ իմ գործը, և հեռուստադիտողը չպետք է խնդիրներդ իմանա, նա պետք է դրական էներգիա ստանա, ինչն էլ փորձում եմ ապահովել ամեն առավոտ:
Հումորն օգնում է… խուսափել տհաճ հարցերից:
Բայց երբեմն խանգարում է… երբ տեղին չէ:
Հայկական հեռուստատեսությունն այսօր… պարտվում է համացանցին:
Երևանը… երբ փոքր էի, շատ անհասանելի ու երազելի էր թվում:Աշխարհի ամենասիրուն քաղաքը…Վանաձորն է, որտեղ անցել է մանկությունս: Լոռին հրաշալի բնություն ունի:
Ինձ համար ամենառոմատիկ արարքը, օրինակ… շատ անկեղծ սիրո խոստովանությունն է՝ առանց հանդիսատեսի և տեսախցիկի… մոմի լույսեր, դու, նա և ջութակի նուրբ մեղեդի:
Վերջերս ես դարձել եմ ավելի… նրբազգաց. կարող եմ արտասվել փոքրիկ պատճառներից:
Կյանքը… հրաշք է, որ տրված է մարդուն, պետք է գնահատել յուրաքանչուր րոպեն:
Իմ անունը… Անահիտ. շատ եմ սիրում, նշանակում է անբիծ, անապական, մաքուր… մայրության և պտղաբերության աստվածուհին է կրել այս անունը: Շնորհակալ եմ ծնողներիս:
Կինոն… ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որում երազում եմ հայտնվել:
Երբ փորձում եմ ամեն բան ճիշտ անել… միշտ չի որ ստացվում է, քանի որ երբեմն քո և դիմացինիդ ճշմարտության մասին պատկերացումները չեն համընկնում:
Ամեն անգամ ուղիղ եթերից առաջ… շոկոլադ եմ ուտում:
Պետք չէ… խաղալ, երբ բեմում չես:
Լռությունը… երբեմն ավելի բարձր է խոսում:
Շատ խոսելը… հետաքրքիր չէ, երբ ասելիք չունես:
Ես հավատում եմ… Աստծուն:
Կինոյում գուցե նկարվեմ, եթե… պրոֆեսիոնալ թիմ աշխատի:
Կնոջ գեղեցկությունն ինձ համար… նրա գաղտնիք մնալու ունակության մեջ է, նա պետք է լինի անվերջանալի վեպ:
Միշտ էլ կարող եմ առիթ գտնել… սովորական օրը տոն դարձնելու համար:
Ես երբեմն շփոթում եմ… ու կարմրում:
Ես հաճախ եմ երազում… հետո երգեր են ծնվում:
Երևի այդպես էլ երբեք չեմ սովորի… կարդալ մարդուն մինչև վերջ:
Ամենադժվար բանն աշխարհում… ինքդ քեզ հետ ազնիվ լինելն է:
Եվ կուզեի մոռանալ… այն ամենը, ինչն ինձ տխրեցնում է:
Բայցևայնպես… հիշողությունը համակարգիչ չէ, որ մեկ շարժումով մաքրես անպետք լուրերը:
Ազատամտությունը… ամեն մեկին տրված չէ:
Կուզեի չունենալ… ժամանակի կորուստ:
Ես Անահիտ Կիրակոսյանն եմ, ես… սովորական մարդ եմ՝ իմ թերություններով ու առավելություններով:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև՝

