Նոյեմբերի 23-ին Netflix հոսքային հարթակով թողարկվեց Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» («Wednesday») դետեկտիվ սերիալը: Արդեն հայտնել էինք, որ այն դարձել է Netflix-ի ամենադիտվող անգլիալեզու սերիալը՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» («Stranger Things») սերիալի չորրորդ սեզոնից։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում սերիալն ունեցել է 341,2 միլիոն ժամ դիտում։
Սերիալը պատմում է Գոմես և Մորտիշա Ադամսների դստեր մասին, որը Nevermore ակադեմիայի ուսանողուհի է։ Նա ստիպված կլինի տիրապետել էքստրասենսորային ունակությունների, որպեսզի կանգնեցնի տեղի սերիական մարդասպանին և բացահայտի իր ծնողների գաղտնիքը:
Այսօր կպատմենք ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Ջեննա Օրտեգայի մասին.
Օրտեգան մանկուց նկարահանվել է ֆիլմերում

Ջեննան ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 27-ին, 6 երեխաներով ընտանիքում։ Հայրը մեքսիկական և ամերիկյան ծագում ունի, իսկ մայրը՝ մեքսիկական և պուերտոռիկյան: Կինոյի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է 6 տարեկանում։ Ապագա դերասանուհին սկսել է նկարահանվել գովազդներում, այնուհետև անցել է հեռուստատեսային նախագծերի: Իսկ 8 տարեկանում փոքրիկ դերեր է ստացել «Ռոբ», ինչպես նաև «CSI: NY» ֆիլմերում:
Օրտեգան 4 տարի մասնակցել է Disney-ի «Bizaardvark» շոուին։ Ջեննան հայտնի է դարձել «Հարլիի կյանքը» սիթքոմում դերից հետո, որտեղ նա, ի դեպ, խաղում է լատինամերիկյան բազմանդամ ընտանիքից մի աղջկա դեր, որը երազում է դառնալ ինժեներ, և դեռահասների համար նախատեսված «Jane The Virgin» կատակերգությունից հետո, որը վենեսուելական շոուի ռիմեյքն է մի աղջկա մասին, որը խորհրդավոր կերպով հղիացել է գինեկոլոգի մոտ այցից հետո (Օրտեգան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն):
Իր մանկության և պատանեկության տարիներին դերասանուհին հաճախ էր ներգրավվում նախագծերում, որոնք ուղղված էին հիմնականում իսպանախոս հանդիսատեսին:
«Ես նկարահանվում եմ գրեթե 10 տարի, ժամանակն իսկապես արագ է անցնում: Չնայած ինձ հիմա թվում է, որ դա այդքան էլ երկար ժամանակ չէ» - ասել է Ջեննան The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում
2013-ին դերասանուհին փոքր դեր ունեցավ Marvel-ի նախագծերից մեկում՝ 3-րդ «Երկաթե մարդը» ֆիլմում, իսկ 2018-ին հայտնվեց «Դու» սերիալի երկրորդ սեզոնում։ Օրտեգայի գլխավոր դրամատիկ դերը մինչ օրս Մեգան Փարքի «Հետևանք» (The Fallout) ֆիլմն է, որտեղ նա մարմնավորում է ավագ դպրոցի աշակերտուհու, որը վերապրում է դպրոցական փոխհրաձգությունը:
Օրտեգան ոչ միայն նկարահանվում է սարսափ ֆիլմերում, այլ նաև անչափ սիրում է դրանք

Օրտեգան սկսել է նկարահանվել սարսափ ֆիլմերում «Ճիչը» ֆիլմի վերագործարկման մեջ նկարահանվելուց հետո: Ջեննային նկարագրում են որպես «նոր սերնդի «ճիչի թագուհի»՝ ֆրանշիզի էվոլյուցիայում իր առանցքային դերի համար», իսկ երկու ամիս անց թողարկվում է Թայ Ուեսթի «X»-ը, որում Ջեննան մարմնավորում է ռեժիսորի օգնականի: Մինչ այդ, Օրտեգան արդեն աշխատել էր Ջեյմս Ուանի «Աստրալ․ Մաս 2»-ում:
The Face-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ իրեն գրավում են մռայլ նախագծերը.
«Ես արյուն եմ սիրում։ Ինձ միշտ դուր են եկել վանող բաները, որոնք ավելի ուշադիր զննելուց հետո պարզվում է, որ այնքան էլ գեղեցիկ չեն, անգամ խուճապ են առաջացնում: Ինչ-որ անտեսանելի թել կա, որը կապում է սերիական մարդասպաններին, հրեշներին և ինձ»:
Օրտեգան ջանասիրաբար է պատրաստվել Ուենսդեյի դերին

«Իմ նախորդ հերոսներից ավելի էքսցենտրիկ և վախեցնող կերպարի դեր ստանձնելը շատ հետաքրքիր էր, բայց նաև մեծ պատասխանատվություն էի զգում նման սիրված կերպար մարմնավորելիս», - խոստովանում է Օրտեգան: «Սակայն մենք երբևէ այսքան մեծ Ուենսդեյ չենք տեսել, հետևաբար ինձ համար ավելի հեշտ էր այդ առումով, քանի որ այն արդեն այլ կերպար է: Այս դերին պատրաստվելն ամենամեծ ֆիզիկական կերպարանափոխությունն էր, որ երբևէ արել եմ՝ թե՛ արտաքինի առումով, թե՛ դեմքի միմիկայի, ժեստերի և նույնիսկ խոսելու ձևի առումով: Ինձ թվում է, որ նրա վերջնական կերպարն անակնկալ էր ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև ինձ համար։ Սա բացարձակապես խելահեղ նկարահանման փորձ էր և ամենադժվարներից մեկը»:
Դերասանուհու խոսքով՝ դիմահարդարների և Բարթոնի գրեթե բոլոր ուժերն ուղղված էին Ուենսդեյի հյուսերը սիմետրիկ դարձնելուն.
«Մենք փորձում էինք դրանք հասցնել կատարելության։ Քանի որ Թիմն անընդհատ մոտենում և ասում էր. «Ոչ, սա ճիշտ չէ, հյուսը բավականաչափ ուղիղ չէ», մենք կարող էինք երկու ժամ հետ մնալ գրաֆիկից: Նրանք անընդհատ ինչ որ հատված էին սափրում, ինչ որ բան կտրում, իսկ Բարթոնը հատիկ- հատիկ ուղղում էր մազափունջս մինչև դրա իդեալական լինելը»:
Vulture-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ այս դերի համար ինքը ոչ միայն գերմաներեն ու թավջութակ նվագել է սովորել, այլ նաև պար բեմադրել։ Նրան ոգեշնչել են բրիտանացի ռոք երգչուհի Լենա Լովիչը և Siouxsie and the Banshees խմբի կատարումները։ Զուր չէ, որ դերասանուհու պարը դպրոցական դիսկոտեկում The Cramps-ի «Goo Goo Muck» երգի հնչյունների ներքո վիրուսային դարձավ համացանցում:

Ջեննան ցանկանում էր կա՛մ բուժքույր դառնալ, կա՛մ կոմպոզիտոր

Մանուկ հասակում Ջեննան դիահերձում էր սատկած կենդանիներին, որոնց գտնում էր բակում, և չի բացառում, որ կարող էր բուժքույր դառնալ իր մոր պես, քանի որ ցանկանում էր կյանքեր փրկել.
«Հուսով եմ, որ ապագայում ես կանեմ միայն այն գործը, որը դուր է գալիս ինձ։ Կարծում եմ՝ կընտրեի indie ֆիլմերի (նման ֆիլմերն ամենից հաճախ ունեն սահմանափակ բյուջե, բայց դրանք ամբողջությամբ արտացոլում են ռեժիսորի տեսլականը) ավելի դրամատիկ ուղին, բայց չեմ պլանավորում հրաժարվել slasher-ից (սարսափ ֆիլմերի ենթաժանր)։ Ուզում եմ իմ ֆիլմագրության մեջ հավաքել ժանրերի տպավորիչ հավաքածու։ Ճիշտ է, իմ մի մասը գիտակցում է, որ կարող եմ կանգ առնել, մորս հետքերով գնալ և բուժքույր դառնալ։ Կամ էլ կցանկանայի վերադառնալ երաժշտական դպրոց՝ կոմպոզիտոր դառնալու նպատակով»:
Ուրիշ որտե՞ղ կտեսնենք Օրտեգային

Բացի «Ուենսդեյ» սերիալի երկրորդ սեզոնից և «Ճիչը» ֆիլմի սիքվելից, Օրտեգան նաև նկարահանվում է Բրայան Հելգելենդի քրեական թրիլլերում և «Miller's Girl» կատակերգական դրամայում՝ Մարտին Ֆրիմանի հետ:


