Logo

Ես հորս չէի սիրում, բայց անսահման պաշտամունք ունեի մորս հանդեպ

Հեղինակ
naira-art
00:00 / 11.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
3333 - Ես հորս չէի սիրում, բայց անսահման պաշտամունք ունեի մորս հանդեպ

Հայ մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանն իր օրագրում շատ հուզիչ պատմություն է ներկայացնում  իր ծննդյան օրվա, ծնողների ու ծննդավայրի մասին:

«Ըստ հետագա տեղեկությունների` ես ծնվել եմ Վանում 1865 թ. մարտի 11-ին, մի նահապետական ընտանիքում։

Մեր պապերը 360 տարի առաջ գաղթել էին Մոկաց Թալամազ անուն գյուղից, որից առաջ է եկել մեր ազգանունը` Թալամազենց կամ Թալամազյան։ Բայց հետագայում, երբ իշխող թյուրքերը հաճախ տարել ծեծել են մեր նախնիք և միշտ հաջողած են փող կորզել, մեր անունը փոխել են Թերլեմեզյան, որի հայերենն է անքիրտյան։ Ուրեմն Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն են հաստատել Վանի Այգեստան արվարձանում, Ախքեսեմ քյահրիզի գլխին։

Մեր պապերը մեծ գերդաստան էին։ Նրանք իրարից բաժանված և իրենց այգիներում մեծ-մեծ տներ շինած, կողք կողքի էին բնակվում։ Միայն նրանց մի եղբայրը (Մուղդուսի Մուրադը, կենտրոնից հեռու Խամուր քեսենի վրա տուն էր շինել և այնտեղ էլ ապրում էր։ Հետագային այդ Մուղդուսի Մուրադի ընտանիքից սերեցին երեք հեղափոխական եղբայրներ։ Նրանցից Կարապետը գնդակահարվեց քաղաքում, իսկ Մկրտիչը և Գրիգորը, որոնք Վանի 1896 թ. կռիվներից ճողոպրած 500 երիտասարդներին առաջնորդում էին Պարսկաստան, բոլորը միասին զոհվեցին Բարդուղիմեոս վանքի մոտ եղած կռիվեներում, նույն թվին։

Աշխարհ գալես առաջ, մեր հարստության ու կալվածքներ տեր պապս մեռել էր։ Հայրս, որ մինչ 30 տարեկանը երկրագործությամբ էր զբաղվել, հետո ինքզինքը արբեցողության տալով, գործի անընդունակ էր դարձել, այդ պատճառով պապենական հարստությունը կառավարել էր հորս փոքր եղբայրը։

Ունեցել եմ ինն քույր, մի եղբայր, որ չորս ամսական մեռել է, իսկ ես` տասնևմեկերորդս, ծնվելուց հետո, անհանգստացրել եմ աստվածավախ հորեղբորս, որովհետև այն ժամանակվա օրենքով` միայն արու զավակները իրավունք ունեին պապենական ժառանգության մասնակցելու։ Հինգ ամսական լինելուցս հետո, հորեղբայրս հեռավոր թաղում գնել էր մի խարխուլ տուն այգիով միասին ու մեր ընտանիքը փոխադրել այնտեղ։

Մեզ պապենական ժառանգությունից զրկելու այդ ժամանակավոր փորձը հորեղբորս հաջողվել էր հետո մշտական դարձնել։

big 1430210479 1329390 - Ես հորս չէի սիրում, բայց անսահման պաշտամունք ունեի մորս հանդեպ

Մեր նոր, տխուր ու աղքատիկ տան մեջ անցնում էին իմ անհրապույր մանկական օրերը։ Երեկոները, երբ հայրս մեյխանայից և ժամուց պոկված տուն էր գալիս, նրա միակ գործը իր անգիտակից հայհոյություններն  ու աղոթքներն էին. բնավ հայտնի չէր, թե նա հայհոյում է թե աղոթում, որովհետև երկուսն էլ մեջընդմեջ լսվում էին։

Մայրս եղել է մեծահարուստի աղջիկ, վարդերի ու անուշահոտության մեջ մեծացած։ Նա հորս տխմարությանց վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում և ժամանակ էլ չուներ ուշադրություն դարձնելու, որովհետև գիշեր ու ցերեկ աշխատանքի մեջ էր. այգին էր մշակում, կովն էր պահում, խոտ էր քաղում կովի համար, լվացք էր անում, և կովի կաթից փթիր էր թխում և ցան չորացնում ձմեռվա վառելիքի համար և այլն, և այլն։ Նրա այդ բոլոր տաժանելի աշխատանքով հազիվհազ մի թշվառ ապրուստ էինք ճարում։ Ես հորս չէի սիրում, բայց դրա փոխարեն անսահման պաշտամունք ունեի մորս հանդեպ և իմ միակ մխիթարությունը ազնիվ, աշխատասեր և գուրգուրոտ մորս խնամքն էր։

images - Ես հորս չէի սիրում, բայց անսահման պաշտամունք ունեի մորս հանդեպ

Երկրի կացությունը մորս ամուսնության տարիներին

1840 թ. մոտ թեև թյուրքերը հաղթել էին քյուրդ հուժկու ավատապետ Բադըրխան բեյին, բայց երկրի մեջ նորից երկիշխանություն է տիրելիս եղել։ Քաղաքից դուրս եկած հայերը թե՛ թյուրքերին և, թե՛ քյուրդերին հարկ են տվել։ Բադըրխան բեյի գեներալ խան Ավդալը տակավին ասպատակել  է երկիրը։ Այն օրը, երբ  խան Ավդալը Վանից երևացող Շուշանց գյուղը այրել  և սրի քաշել ազգաբնակչությունը, նույն գիշեր 40 զինված ձիավորներով 12 տարեկան մորս եկեղեցի էին տարել պսակելու։ Այդ ժամանակ պսակը միայն եկեղեցու սեղանի առաջ պիտի կատարվեր։ Ամուսնության արարողությունից հետո, տուն բերելիս, նկատում են, որ հարսը դողում է (նա դողում էր Շուշանցի մասին լսած սարսափելի լուրերից)։ Այդ պատճառով հարսին իր թանկագին շորերով կիսով չափ սառած թոնիրն են իջեցնում, որ տաքանա, բայց նա թոնրի մեջ խեղդվելու աստիճանին է հասել։ Հարսը խոսելու իրավունք չուներ։ Պատահաբար մեկը թոնրի սալը հետ է հրում, և հարսը ձեռքով իմաց է տալիս ու նրան դուրս են քաշում։ Մորս հայրը ոսկերիչ Մուղսի- Փանոս, մեծ կալվածատեր և հարուստ մարդ է եղել։ Նա, իմիջայլոց, ունեցել է երկու արաբական ձիեր, որոնք հայտնի էին եղել հայ և քյուրդ շրջաններում։ Պոլսից նոր եկած երկրի թյուրք կառավարիչը պահանջել է , որ այդ ձիերը իրեն տրվեն, բայց Մուղսի-Փանոսը մերժել է։ Այդ պատճառով գայմագամը հրամայել է ձմեռ ժամանակ ջուր բաց թողնել Սուրբ Նշան եկեղեցու բակում եղած ձյուների վրա, և մորս հորը 24 ժամ, ոտաբոբիկ կանգնեցնում են այդ ձյուների մեջ, որով նա մահանում է և նրա հսկայական կալվածքները` ինն առագաստանավերը և ձիերը հարքունիս է գրավում։

Այս դեպքերը մայրս պատմում էր արտասվելով»։


fastnews-ads-banner