Logo

«Ես կարող էի մեռնել». Սելին Դիոնը ցուցադրել է սրտաճմլիկ լուսանկարներ՝ արված իր անբուժելի հիվանդության նոպայի ժամանակ

12:46 / 26.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սելին Դիոնը ստիպված է դիմանալ բազմաթիվ տհաճ պրոցեդուրաների։ 56-ամյա կանադացի երգչուհին պայքարում է ծանր հիվանդության դեմ։

Սելինը տառապում է անբուժելի կոշտ մկանային համախտանիշով։ Երգչուհին արդեն 17 տարի է, ինչ ցավալի ախտանիշներ է ունենում, որոնք նույնիսկ ստիպել են նրան հեռանալ բեմից։ Աստղը սկսել է հանրության հետ կիսվել իր կյանքում կատարվողի մանրամասներով։

«My Heart Will Go On» հիթի երգիչը բազմաթիվ տհաճ պրոցեդուրաների է դիմացել և հարյուրավոր ժամեր անցկացրել ֆիզիոթերապևտի կաբինետում։ Ցավը հատկապես ուժեղ է նոպաների ժամանակ։ Երգչուհին իր «Ես Սելին Դիոնն եմ» ֆիլմում տեսախցիկի առջեւ է հայտնվել բնական տեսքով։ Ոչ մի դիմահարդարում, ֆիլտր կամ հանդերձանք լավագույն ոճաբաններից. այս ամենն արտիստի իրականությունն է կյանքի և առողջության համար պայքարում:

«Չեմ ուզում դրամատիկ լինել, բայց կարող էի մահանալ։ Ես դեղերի վտանգավոր չափաբաժիններ ընդունեցի, որպեսզի կարողանամ քայլել։ Ես պետք է սովորեի կուլ տալ: Ինձ պետք էին տարբեր դեղամիջոցներ, որպեսզի իմ մարմինը կարողանար նորմալ աշխատել: Մեկ հաբ, երկու, ևս հինգ... Չափազանց շատ դեղահաբեր, բայց շոուն պետք է շարունակվեր»,- ասել է Դիոնը:

Աստղը խոստովանել է, որ երկար ժամանակ փորձում էր խաբել բոլորին իր շրջապատում, որ իրեն լավ է զգում։ Նույնիսկ համերգների ժամանակ Սելինը հաճախ դիտավորյալ խոսափողն ուղղում էր դեպի հանդիսատեսը, որպեսզի երկրպագուները երգեն նրա փոխարեն։ Այս կարճ ընդմիջումների ժամանակ արտիստը կարող էր շունչ քաշել։

Սելինը որոշել է խոսել իր ծանր հիվանդության մասին երկու տարի առաջ։ Նա վստահեցրել է, որ սիրելիների և երկրպագուների աջակցության շնորհիվ իրեն ավելի լավ է զգում։ Երգչուհու խոսքով նրա խնամքի հարցում մեծ է իր երեխաների աջակցությունը։

 

fastnews-ads-banner