Փետրվարի 6-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցների անունները։ Փետրվարի 16-ին՝ ժամը 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք կներկայացնեն իրենց երգերը։ Հայաստանյան պատվիրակին կընտրի հեռուստադիտողը «SMS» քվեարկությամբ։ «Երկարի տարիներ հիմնականում ներքին կարգով էինք ընտրում «Եվրատեսիլի» մասնակցին։ Հասկացանք, որ պահն է եկել ընտրելու հանրային քվեարկությամբ։ Այդ որոշմանը նպաստեցին նաև «Եվրատեսիլի» երկրպագուները։ Ոչ միայն երկրպագուները, այլև ամբողջ հանրությունն էր ուզում մասնակցել ընտրությանը։ Այդ պատճառով Հանրային հեռուստաընկերությունը որոշեց կրկին այս ձևաչափով ընտրել մասնակցին։ Սա արդեն սիրված ձևաչափ է, ինչպես նաև լավ հնարավորություն է հարթակ տրամադրել նոր գործունեություն սկսող արտիստներին», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Առաջին ալիքի» հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը։ Նրա խոսքով՝ մրցութային երգերը կհրապարակեն փետրվարի 9-ին՝ կիրակի։ «Հեռուստադիտողը կունենա 7 օր լսելու և ընտրելու իր սիրելի մասնակցին։ Քվեարկության կարգին կծանոթացնենք նախապես», - խոսքը եզրափակել է Լուսինեն։
«Դեպի Եվրատեսիլի» 12 մասնակցի մեկը Անահիտ Ադամյանն է։ Երգչուհին եվրատեսիլյան փորձ ունի՝ «Մանկական Եվրատեսիլ 2016-ում» գրավել է երկրորդ տեղը։ ««Մանկական Եվրատեսիլի» էմոցիաներից հետո երազանք ունեի մասնակցելու նաև «Եվրատեսիլին»։ Գիտեմ, որ բոլոր մասնակիցները շատ ուժեղ ու տաղանդավոր են։ Բոլորի երկրպագուն եմ։ Այդ պատճառով սա ինձ համար հետաքրքիր փորձություն է։ Երգիս խոսքերի նախնական տարբերակը գրել է փոքր եղբայրս։ Մենք այն որոշակի փոփոխել ենք», - անկեղծացել է Անահիտը։
Արսեն Գրիգորյանը ևս եվրատեսիլյան փորձ ունի։ Արտիստը Կամիլի կերպարով 2018 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլին»։ «Որոշեցի վերադառնալ, քանի որ ինձ մասնակցել առաջարկեց Կամիլը։ Սա ավելի շատ իր երազանքն է։ Ես էլ չկարողացա մերժել։ Որոշեցի մասնակցել, որովհետև ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա վստահ եմ, որ իմ երգով կարող եմ հաղթել և վերջապես այդ մրցույթը բերելու Հայաստան։ Եթե վստահ չլինեի, չէի մասնակցի։ Ելույթս բեմադրել է Նաիրա Ստեփանյանը, պարերը՝ Քրիստինա Ավագիմյանը։ Հեռուստադիտողն ու հանդիսատեսը բեմում կտեսնի և՛ Արսենին, և՛ Կամիլին, բայց չեմ կարող ասել՝ ինչ տեսքով։ Բոլորը սովոր են Կամիլին տեսնել Էքսցենտրիկ կերպարում։ Հիմա նա ամբողջությամբ փոխվել ու համեստացել է», - անկեղծացել է Արսենը։
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ հավելել է՝ փետրվարի 16-ի համերգին լինելու են նաև հատուկ արտիստներ ու ելույթներ։