«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 քաղաքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում: 2-րդ անգամ կազմակերպվող միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային ակտիվության խրախուսմանը: «Մշակույթի ռազմավարության կարևոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու համապատասխան միջավայրի ձևավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը: Մարզային 3 քաղաքում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում: «Ֆեստիվառն» աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50.000 այցելու է գրանցվել: Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, և ներառել այն քաղաքները, որոնցում կարևորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը», - հայտարարել է ԿԳՄՍ նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաև այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր:
Ներկայացնելով «Ֆեստիվառի» ծրագիրը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր՝ երկու երկրների տարբեր կատարողների մասնակցությամբ, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա «Լադանիվան»՝ ի թիվս այլ արտիստների: «Շատ կարևոր է, որ փառատոնին մասնակցեն ոչ միայն նշյալ համայնքների բնակիչները, այլև մեր հայրենակիցները թե՛ Հայաստանի տարբեր հատվածներից, թե՛ սփյուռքից, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ, քանի որ «Ֆեստիվառի» երեք հիմնական ուղղությունից մեկը զբոսաշրջությունն է: Ապահովվելու է նաև փոխադրամիջոց, որը տեղում հյուրերին ուղեկցելու է տարբեր զբոսաշրջային վայրեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան ծանոթանալ տեսարժան վայրերին»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին հուլիսի 22-ին Վանաձորում, օգոստոսի 12-ին Գավառում և օգոստոսի 26-ին Սիսիանում կազմակերպվել են մեծամասշտաբ համերգներ, որոնց մասնակցել է 2 տասնյակից ավելի արտիստ և բենդ: Համերգներին նախորդել են տեղական արտադրանքի տոնավաճառներ: 3 քաղաքում 91 տնտեսվարող անվճար հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, մեկ օրում գրանցել ռեկորդային ծավալի վաճառք: