Հարաբերություններն այսօր այլ են՝ բարդ և հետաքրքիր միաժամանակ: Այսօր՝ տեխնոլոգիաների, տարատեսակ ազատությունների դարաշրջանում, սերն ու ընկերությունը բոլորովին այլ նշանակություն ունեն, քան մեր ծնողների ժամանակներում էր։
VNews Culture-ն առաջարկում է հարաբերությունների մասին պատմող 7 ֆիլմ․
«Սիրով, Ռոզի», «Love, Rosie»
Ֆիլմն այն մասին է, որ չի լինում ընկերություն աղջկա և տղայի միջև։ Այս վիճելի թեման ակտուալ է բոլոր ժամանակներում: Սա կյանքի պատմություն է երկու ընկերների մասին, որոնք մի օր միմյանց չհասկացան և վախեցան խոսել․․․
Տարիների ընթացքում կյանքը նրանց մի քանի անգամ բաժանեց, բայց հին զգացմունքները միշտ չէ, որ մարում են: Այս ամենը հուշում է, թե որքան կարևոր է խոսել, այլ ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը կկռահի և կհասկանա քեզ առանց խոսքերի։
«Բրուքլին», «Brooklyn»
Ֆիլմն այն մասին է, թե որքան դժվար է որոշումներ կայացնելը, երբ երիտասարդ ես, կրոնասեր ու խիստ դաստիարակություն ստացած: Չկա մեկը, որի հետ կարող ես խորհրդակցել, չկան հեռախոսներ և անկեղծ խոսակցություններ մոր հետ։ Եթե երբևէ ստիպված եք եղել բարդ ընտրություն կատարել՝ կասկածելով՝ արդյոք ճիշտ եք, թե ոչ, ապա ֆիլմը հաստատ դուր կգա ձեզ:
«Երկու ընկեր», «Les deux amis»
Սա սիրային եռանկյունու մասին թեթև ու գեղեցիկ ֆրանսիական դրամա է։ Ֆիլմը երկու լավագույն ընկերների մասին է, որոնցից մեկն օգնում է մյուսին գրավել մի աղջկա սիրտը։ Բայց աղջիկը մի գաղտնիք ունի, որը պահում է խնամքով․․․
«Քերոլ», «Carol»
Ֆիլմը կարծես հին Հոլիվուդի ոճով է, բայց հնություն չպետք է ակնկալել. էլեգանտության տակ թաքնված է կյանքով և դրամայով լի բովանդակություն:
Սա ֆիլմ է գեղեցիկ, անկեղծ, բայց արգելված սիրո մասին։ Արդյոք շրջապատող մարդիկ իրավունք ունե՞ն մեզ ասել, թե ում և երբ սիրել: Եթե հրաժարվում եք ձեր զգացմունքներից՝ հետևելով չգրված կանոններին, արդյոք չե՞ք զոհաբերում ինքներդ ձեզ:
«Դիգնիդադ գաղութ», «Colonia»
Ֆիլմը կարծրատիպեր կոտրելու մասին է. հերոսուհին շտապում է փրկել իր սիրելիին, որը հայտնվել է «Դիգնիդադ» գաղտնի կենտրոնում։ Պատմության գիտակ պետք չէ լինել ֆիլմը դիտելու համար, բավական է սիրել գլխավոր դերակատար Էմմա Ուոթսոնին:
«Փոփոխությունների ճանապարհ», «Revolutionary Road»
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների կեսերին, գլխավոր հերոսներն արվարձանային փոքր ընտանիքի անդամներ են։ Ֆրենկ և Էյփրիլ Ուիլլերներն իրենց համարում են միջին խավի ընտանիք, որը նման չէ որևէ այլ ընտանիքի, և մեծ ցանկություն ունեն տեղափոխվել Փարիզ: Սակայն ճակատագիրը մի շարք տհաճ անակնկալներ է պատրաստել ամուսինների համար։
«Կործանում», «Demolition»
Մոտիվացիոն ֆիլմ այն մասին, թե ինչպես սկսել նոր կյանք: Մահանում է գլխավոր հերոսի կինը։ Իր կյանքն ու զգացմունքները հասկանալու համար նա որոշում է բառացիորեն ջարդուփշուր անել ամեն բան՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով:


