Logo

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները՝ հայ հեղինակի նկարազարդումներով

11:07 / 18.04.2023Նկարիչներ
null

Ապրիլի 21-ին՝ ժամը 17:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64) տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի էսքիզների ցուցահանդեսի բացումը:

1988թ-ին «Արևիկ» հրատարակչությունը լույս էր ընծայել «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» անվանումով գիրք, որտեղ տեղ էին գտել Վ. Աբրահամյանի նկարազարդումները: Թանգարանը նախաձեռնել է այդ նկարազարդումների բնօրինակ էսքիզների ցուցադրություն:  35 տարի առաջ ստեղծված էսքիզներն առաջին անգամ կցուցադրվեն:  

Թանգարանում կթևածի ֆրանսիական ժողովրդական իմաստնությամբ ու հումորով լի հեքիաթների շունչը՝ արտացոլված հայ նկարչի յուրօրինակ պատկերացումներում, նրա վրձնած վառ ու գունեղ կերպարներում: 

Կցուցադրվեն նաև Վ. Աբրահամյանի մի քանի կտավներ, որոնք ստեղծել է՝ ներշնչվելով ֆրանսիական հեքիաթների կերպարներից:  

Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ Ցանկում և՛ հայ գրողների գրքեր են, և՛ թագմանություններ: Ուրույն տեղ է զբաղեցնում մանկական գրականությունը:

Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով: Նա մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների՝ Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան և այլն: Վ. Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։

Աղբյուրը՝  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

fastnews-ads-banner