Ֆրանսահայ օծանելիքագործ, Dior-ի օծանելիքների ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրանսիս Քուրկջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանը։
Քուրքջյանն այս պարգևը ստացել է Ֆրանսիայի ազգային տոնի օրը: Նա այս առիթով սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել.
«Խորին երախտագիտությամբ այսօր առավոտյան տեղեկացա, որ արժանացել եմ Պատվո լեգեոնի Ասպետի կոչմանը։ Այս բարձր պարգևը մեծ պատիվ եմ համարում և այսօր այն կիսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր տարիների ընթացքում եղել են իմ կողքին և աջակցել ինձ։
Այս գնահատականը նաև ոգեշնչում է ինձ շարունակելու «PerFumum» հիմնադրամի նախաձեռնությունները՝ նվիրված օծանելիքի արվեստին և նրա ժառանգության պահպանմանը, ինչպես նաև «Francis Kurkdjian» հիմնադրամի գործունեությունը, որն աշխատում է հանուն բազմազանության և մշակույթից հեռու գտնվող հանրությունների ներգրավման։
Ի վերջո, հուզմունքով եմ հիշում իմ տատիկին ու պապիկին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, իրենց նոր հայրենիքի հանդեպ ունեցած վստահությունը և այն արժեքները, որոնք նրանք փոխանցել են ինձ, այս պատվին առանձնահատուկ իմաստ ու հնչեղություն են տալիս։
Շնորհակալ եմ այս բարձր գնահատանքի, ինչպես նաև բարության ու ջերմության բազմաթիվ ուղերձների համար, որոնք խորապես հուզեցին ինձ»,- անկեղծացել է նա:


