Մարտի 2-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։
Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։
Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:
1997 թ. նվագախումբը միավորվեց Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 թ.-ից): Արդյունքում կազմավորվեց ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թ.-ից ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում:


