Logo

Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:04 / 27.03.2023Զրույցներ
Բացառիկ
Գևորգ Ասոյան-բալետ

VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Բեռլինի թատրոնի նախկին մենակատար Գևորգ Ասոյանը։ Նա այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում և մտադիր է բալետի իր դպրոցը հիմնել։

Գևորգի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Գևորգ, անկեղծ ասած, մի քանի օր շարունակ համացանցում փորձում էի Ձեր մասին տեղեկություն գտնել կամ Ձեր հարցազրույցները գտնել, բայց ոչինչ չկար:

-Մի անգամ տարիներ առաջ, երբ եկա Երևան, թերթերից մեկին եմ հարցազրույց տվել: Բայց համացանցում Ձեզ հետ հարցազրույցը լինելու է առաջինը:

Դե եկեք սկսենք ամենասկզբից՝ ինչպե՞ս ընտրեցիք բալետը:

-Հորս հետքերով եմ գնացել ու նրա ցանկությամբ եմ ընդունվել Պարարվեստի ուսումնարան: Սկզբնական շրջանում ընդհանրապես չէի սիրում բալետը: Վեց տարի շարունակ անընդհատ կռիվ էի անում, որ ինձ հանեին ուսումնարանից: Ինձ չէր հետաքրքրում բալետը․ մտածում էի՝ դասերս շուտ ավարտեի, որ բակում ընկերներիս հետ խաղայի: Իմ քույրը նույնպես ուսումնարանում էր սովորում և Տիգրան Միքայելյանի դասարանից էր: Դուք նրա հետ վերջերս եք հարցազրույց ունեցել (հարցազրույցը՝ այստեղ): Մի օր տարեվերջյան ավարտական քննության «վիդեոկասետը» բերեց, նայեցինք, ու այնտեղ ես տեսա Տիգրանին, ու նրան նայելուց հետո իմ մեջ ինչ-որ բան արթնացավ, ու ինքս ինձ ասացի, որ ես էլ եմ ուզում այդպես պարել: Ես փոքր էի՝ 14 տարեկան, ու Տիգրանն ինձ ոգեշնչեց: Հենց այդ օրվանից սկսեցի բալետը սիրել: Հորս ասացի, որ ինձ դպրոցից չհանի, քանի որ հայրս արդեն որոշել էր․ եթե ես չէի սիրում բալետը, չարժեր ստիպել շարունակել: Ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանն էլ էր արդեն հորս ասել, որ երևի թե ինձ հեռացնեն, քանի որ ո՛չ սիրում էի, ո՛չ էլ առաջխաղացում կար: Տիգրանին նայելուց հետո հորս խոստացա, որ էլ իմ փոխարեն ուսումնարանում չի ամաչի:

Իսկ Տիգրանն այս պատմության մասին տեղյա՞կ է:

-Ես նրան ասել եմ, չգիտեմ՝ մանրամասները կհիշի՞, թե՞ ոչ: Տիգրան Միքայելյանն իմ մտերիմ ավագ ընկերն է, ինքն ինձ համար համաշխարհային պարող է, մեծություն:

Դե այս հարցազրույցի շնորհիվ կվերհիշի:

-Ու այդպես, աչքիս առաջ ունենալով Տիգրանին, ես սկսեցի տանն էլ աշխատել: Հայրս մեկնեց ԱՄՆ, ու ինձ հետ քույրս էր պարապում: Ես և՛ ուսումնարանում էի պարապում, և՛ տանը, ու այդպես շատ կարճ ժամանակահատվածում Թերեզա Գրիգորյանը նկատեց ինձ մոտ լուրջ փոփոխություններ և ուղարկեց Սանկտ-Պետերբուրգ՝ Վահանովայի անվան ակադեմիայում սովորելու: Պետերբուրգում սովորելը շատ դժվար էր, մտածելակերպը բարդ է, թե ինչ ուղղությամբ են գնում իրենց նպատակին: Շատ ծանր էր:

Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե «ի՞նչ ուղղությամբ են գնում իրենց նպատակին»:

-Հայաստանում այն ժամանակ ընդունված էր՝ ով ավելի շատ պիրուետ կանի, ով ավելի բարձր կթռնի, նա էլ լավագույնն է: Իսկ այնտեղ այդպես չէ, այնտեղ քանակով պայմանավորված չէ, որա՛կն է կարևոր՝ ինչ գեղեցկությամբ կանես: Երբ ես գնացի Պետերբուրգ, սկզբում ասում էի՝ ո՞վ կարող է ինձ նման վեց հատ պիրուետ անել: Իսկ ուսուցիչը եկավ, ասաց՝ «Պետք չէ, դու երեք հատ արա, բայց գեղեցիկ արա: Հետո արդեն կանցնես ավելիին»: Առաջին անգամ դա հասկացա Պետերբուրգում: Ակադեմիան ավարտելուց հետո Երևանից չորս տղաներով մեկնեցինք Լոզան՝ մրցույթի, և այնտեղից հրավեր ստացա Համբուրգի Ջոն Նոյմայերի անվան դպրոցում սովորելու, որն էլ ավարտելուց հետո աշխատել եմ Բեռլինի Վլադիմիր Մալախովի անվան թատրոնում: Իմ ընկեր Արշակ Ղալումյանի հետ եմ պարել թատրոնում, և իմ ամբողջ ստեղծագործական կյանքի ուղին միասին ենք անցել:

Գևորգ Ասոյան-1

Դուք Ձեր ստեղծագործական կարիերայի ընթացքում բավական շատ մրցույթների եք մասնակցել:

-Այո, ու հիմնականում մրցույթներն ամռանն էին լինում: Բոլորը գնում էին ամառային արձակուրդների, իսկ ես առանց հանգստանալու շարունակում էի պարապել: Այդ ամենը շատ հոգնեցուցիչ էր: Մոտավորապես 7-8 տարի ամեն ամառ մեկնել եմ մրցույթների, ու միշտ ոսկե մեդալներով եմ վերադարձել: Բուդապեշտում կայացած Նուրիևի անվան մրցույթից եմ մրցանակ ստացել, Հռոմի Բալետի մրցույթում եմ հաղթել և այլն: Նուրիևի անվան մրցույթում հանձնաժողովի նախագահը լեգենդար Մայա Պլիսեցկայան էր: Շատ բարդ ու մեծ մրցույթ էր, ես էլ ջերմում էի, շատ դժվար էր ինձ համար տաքության մեջ պարելը, բայց, փառք Աստծո, հաջողեցի: Իտալիայում մի շարք մրցույթների նույնպես մասնակցել եմ, և միշտ ոսկե մեդալներ ու պատվոգրեր եմ ստացել:

Հասցրի՞ք շփվել Մայա Պլիսեցկայայի հետ:

-Այո: Բարեբախտություն ունեցա ոչ միայն նրա հետ շփվելու, այլև նրանից նվեր ստացա: Ինձ իր անցած ուղու մասին DVD նվիրեց՝ իր իսկ ստորագրությամբ:  Մոտեցավ ինձ ու ասաց․ «Սա ուզում եմ Ձեզ նվիրել»: Ու շարունակեց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում, որովհետև դուք Եվրոպայում  ու ամբողջ աշխարհում այնքան շատ եք ու մեկդ մեկից լավը»: Պլիսեցկայան հայերի հանդեպ առանձնահատուկ ջերմությամբ ու քաղցրությամբ էր խոսում ու  հայ արտիստներով շատ էր հպարտանում:

Գևորգ Ասոյան-2

«Դոն Կիխոտ» բալետ


Ի՞նչ զգացողություն է ունենում արտիստը, երբ հեղինակավոր մրցույթներում հաղթանակ է գրանցում:

-Դա անբացատրելի զգացողություն է: Ամենաշատը ցանկանում էի մրցույթներից հետո զանգել հորս և ասել՝ «Հիշո՞ւմ ես, ես քեզ բան էի խոստացել», ու նաև քրոջս շնորհակալություն ասել, քանի որ նրա ջանքերը շատ էին իմ կայացման գործում: Գիտեք, երբ ես ուսանող էի ու պարապում էինք, ամեն օր ներքևի հարևանը բարձրանում էր ու մեզ հետ վիճում, որ մեր պարի պատճառով իրենց հանգիստը խաթարվում է: Ու մի անգամ էլ երեկոյան ես ու քույրս ճաշասենյակում պարում էինք, հարևանը կրկին դուռը ծեծեց ու սկսեց զայրացած մորս բողոքել, թե ինչքան կարելի է մեր պարապմունքով իրենց հանգիստը խաթարել, մայրս ասաց՝ «Գիտեք, իմ որդին փաստաբան չի դառնալու, նա բալետի արտիստ է, խնդրում եմ, սա հասկացեք»: Հարևանը լռեց, հասկացավ ու այլևս մեզ չանհանգստացրեց:

Քանի՞ տարի եք Բեռլինի թատրոնում պարել:

 -2004-2015 թվականներին: Պարել եմ մեծամասամբ դասական ներկայացումներում: Ամենաշատն իմ մեջ տպավորվել է Բազիլի կերպարը «Դոն Կիխոտ» բալետում: Նրա կերպարը շատ հոգեհարազատ է իմ կեցվածքին ու բնավորությանը: Ես շատ էի սիրում Բազիլի դերը, թեպետ հայրս միշտ ասում էր, որ ես ավելի շատ Ալբերտն եմ՝ «Ժիզելում»: Հետո, երբ ես Երևանում «Ժիզել» պարեցի, հայրս ներկա էր ու ասաց՝ «Տեսնո՞ւմ ես, ես էի ճիշտ: Ալբերտի դերը քեզ ավելի շատ էր սազում, ու դու այդ կերպարում ավելի լիարժեք էիր»:

Կա՞ն կերպարներ, որոնք կերտել եք, բայց չի ստացվել:

-Չէ, նման կերպարներ չունեմ: Այն, ինչ պարել եմ, ու եթե փորձել եմ ու իմը չի եղել, թողել եմ, չեմ շարունակել: Նման կերպարները հիմնականում ժամանակակից կամ նեոկլասիկ ներկայացումներում են, որտեղ դասականն ու ժամանակակիցը միախառնված են: Հասկացել եմ, որ ժամանակակիցը իմը չէ, գուցե կողքից գովել են, ասել են՝ շատ լավ է, բայց ես հասկացել եմ, որ իմը չէ, հաճույք չեմ ստանում, ու չեմ պարել:

Գևորգ Ասոյան-3

«Ժիզել» բալետ


Դուք բավական շուտ եք ավարտել բալետի արտիստի Ձեր կարիերան:

-Այո:

Ինչո՞ւ:

-Նիկիտա Մալախովի փոխվելուց հետո նոր տնօրեն եկավ, որը նախընտրում էր ժամանակակից ոճը: Ամբողջ խաղացանկը փոխվեց, ու ես շատ հիասթափվեցի: Դեմ չեմ ժամանակակից ոճին, բայց անձամբ չեմ սիրում ու չեմ պարի: Ես դասականի սիրահար եմ, ու հասկացա, որ երևի թե ժամանակն է, որ հեռանամ բեմից: Երկար տարիներ Հայաստանում չէի եղել: Որոշեցի արձակուրդ վերցնել ու գալ Երևան: Այդ ժամանակ Երևանում պարելու մտադրություն չունեի: Սկսեցի թատրոնում դասավանդել, ինձ համար շատ հետաքրքիր էր այդ աշխատանքը: Հետո ոգեշնչվեցի ու մի օր մոտեցա Վիլեն Գալստյանին ու ասացի, որ ուզում եմ թատրոնում աշխատանքի անցնել: Ու շատ կարճ ժամանակ անց նա ասաց, որ երկու շաբաթից պետք է «Ժիզել» պարեմ: Այդ կարճ ժամանակահատվածում ներկայացումը պատրաստեցինք, ու շատ լավ անցավ: Հետո «Դոն Կիխոտ» պարեցի, որը եղավ իմ վերջին ներկայացումը: Ես այդ ժամանակ չգիտեի, որ իմ վերջին ներկայացումն է լինելու:

Ինչպե՞ս այդպես ստացվեց:

-Պլանավորված չէր, որ դա լինելու է իմ վերջին ներկայացումը: Ներկայացումն ավարտվեց, ու ես հասկացա, որ շատ եմ հոգնել ու ի վիճակի չէի այլևս պարել: Երևի նաև պատճառն այն էր, որ այդքան շատ մրցույթների էի մասնակցել, այդքան տարի չէի հանգստացել ֆիզիկապես ու հոգեպես ի վիճակի չէի գնալ փորձերի: Դա գիտակցված որոշում էր: Հասկացա, որ էլ ֆիզիկապես ի վիճակի չեմ, թեպետ տարիքս թույլ էր տալիս, որ պարեի, բայց ես չարաշահել էի իմ մարմինը, ու հակացա, որ լուրջ խնդիրներ կունենամ, եթե ժամանակին կանգ չառնեմ: Ինքս ինձ ասացի՝ հեռանում եմ: Հայրս ծանր տարավ, բայց ես իսկապես չէի կարող: Հասկացա, որ ավելի լավ է անցնեմ դասավանդելուն:

Գևորգ Ասոյան-4

Բալետի արտիստի կարիերան ավարտելուց հետո ինչո՞վ եք զբաղվում:

-Մեկնեցի ԱՄՆ, և ցանկություն ունեմ ԱՄՆ-ում բացելու իմ դպրոցը: Իհարկե, կորոնավիրուսը պլաններս խառնեց, բայց շուտով կհասնեմ նրան, որ կունենամ իմ սեփական դպրոցը:

Ինչպե՞ս հասնել հաջողության:

-Միայն աշխատելու միջոցով: Իհարկե, շատ կարևոր է բնությունից տրված տաղանդը: Շատերն իրենց կյանքի ընթացքում այդպես էլ չեն կարողանում բացահայտել, թե ինչ տաղանդ ունեն: Իսկ մեզանից յուրաքանչյուրը մի տաղանդով է օժտված: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար ես ծնվել: Կան շատ պարողներ, որ գուցե կարող էին դառնալ ավելի լավ մարզիկներ կամ հակառակը: Պետք է ճիշտ ժամանակին հասկանալ՝ մասնագիտությունը քոնն է, թե ոչ: Իսկ երբ հասկանում ես, որ քոնն է՝ պետք է եռակի աշխատես, որ վերջում, երբ հասնես արդյունքի, հաջողության, հանգիստ սրտով քրտինքը սրբես ու ասես՝ ես այս ամենին արժանի էի:

Երեք բան, որ չափազանց կարևոր է արտիստին բալետի ասպարեզում:

-Աշխատասիրություն, բնությունից տրված տաղանդ և աղոթք:

Հաճա՞խ եք աղոթել:

-Այո, շատ հաճախ, ու կարծում եմ՝ իմ հաջողությունների հարցում մեծ դեր է ունեցել: Ես չեմ ասում, որ բնածին տաղանդ եմ, բայց այն, ինչ տրված է՝ Աստծո կողմից է: Պրեմիերաներից առաջ, երբ սիրտդ թրթռում է ու նաև մրցույթներից առաջ, միշտ խոսել եմ Աստծո հետ, խնդրել, որ կողքիս լինի, ինձ պաշտպանի: Հատկապես մրցույթներից առաջ: Գիտեք, ներկայացումների ու մրցույթների տարբերությունն այն է, որ ներկայացմանը եթե ինչ-որ բան էլ չստացվեց, հանդիսատեսը, թատերախումբը, տնօրենը քեզ ճանաչում են, գիտեն, որ դա պահի տակ չստացվեց, և արտիստը ստանում է երկրորդ-երրորդ հնարավորություն դա շտկելու համար, քանի որ մեկ ներկայացում չէ, առնվազն մի քանի անգամ նույն ներկայացումը գնում է: Իսկ մրցույթների ժամանակ դու ունես ընդամենը մեկ հնարավորություն ցույց տալու քո բոլոր հատկանիշներն ու առավելությունները: Երևի ես դրանից էլ էի հոգնել: Մտածմունքներն այնքան ծանր են, ամեն անգամ ապրումները՝ «ախր, բա որ մի բան չստացվի, ախր, բա որ հանկարծ էնպես չգնա», ու կանգնած ինքդ քեզ տանջում ես:

Էմոցիոնալ առումով սպառվել էիք:

-Հա, շատ ճիշտ ձևակերպեցիք, էմոցիոնալ առումով սպառվել էի:

Գևորգ Ասոյան-5

Ունե՞ք բալետում չիրականացված երազանքներ:

-Չեմ մտածել այդ մասին: Իմ սիրած դերերը՝ Բազիլ, Կոմս Ալբերտ, պարել եմ: Բայց այն, որ ես Երևանում պարեցի «Դոն Կիխոտ» ու դրանով ավարտեցի կարիերաս, շատ հետաքրքիր ստացվեց ինձ մոտ:

Կա՞ բան, որի համար փոշմանում եք, որ հետ եք նայում, ասում եք՝ սա չէի անի կամ ուրիշ ձև կանեի:

-Ես աշխատասեր մարդ եմ, ու ժամերով դահլիճից դուրս չէի գալիս: Երևի միակ բանը, որ կանեի, ավելի ու ավելի շատ կաշխատեի, մի ժամ ավելի կմնայի դահլիճում: Մնացած ամեն ինչ հնարավորինս արել եմ:

Ինչի՞ մասին եք այս պահին երազում:

-Երազում եմ՝ որքան հաջողված արտիստ եղել եմ, նույնքան հաջողված բեմադրիչ, բալետմեյստեր դառնամ: Կուզենայի ինձ նաև այդ կողմում բացահայտել, թե այն ներկայացումները, որտեղ ես եմ պարել, իմ սաներն ինչպե՞ս կպարեին: Ինձ հետաքրքիր է՝ արդյոք կկարողանա՞մ նույնքան հաջողված բալետմեյստեր լինել:

Գևորգ Ասոյան-7

«La Sylphide» բալետ


Դուք հետևո՞ւմ եք այսօր երևանյան բալետային կյանքում փոփոխություններին:

-Իհարկե հետևում եմ, ինձ շատ են դուր գալիս այսօրվա երիտասարդները: Անվանական չնշեմ, բայց շատ տաղանդավոր երիտասարդներ են գալիս: Ես Երևանում չէի պատկերացնում Ռուբենից (Ռուբեն Մուրադյան) ու Սևակից (Սևակ Ավետիսյան) բացի այլ տաղանդների, բայց շատ լավ սերունդ է գալիս: Իհարկե, Ռուբենն ու Սևակն իրենց տեղում մնում են, բայց երիտասարդներն էլ շատ լավ գործ են անում, շատ եմ ուրախանում:

Իսկ բալետի համաշխարհային միտումներին հետևո՞ւմ եք:

-Ե՛վ այո, և՛ ոչ:

Ինչու եմ հարցնում, որովհետև Դուք ասացիք, որ Ձեզ հոգեհարազատ է միայն ու միայն դասականը, իսկ ժամանակակիցը չեք ընդունում ու չեք սիրում, բայց միտումները կարծես գնում են դեպի ժամանակակից բեմադրություններ:

-Այո, լրիվ համաձայն եմ: Ոչ թե չեմ ընդունում, այլ ինձ չեմ տեսնում այդ ներկայացումներում: Օրինակ, կան շատ լավ ժամանակակից ներկայացումներ: Շատ սիրում եմ մեր Արսեն Մեհրաբյանի ժամանակակից բեմադրությունները: Շատ գեղեցիկ է բեմադրում: Արշակ Ղալումյանի բեմադրություններն էլ շատ գեղեցիկ են: Ձեզ հետ համաձայն եմ: Հիմա ամեն ինչ դեպի ժամանակակիցի կողմն է թեքվում, բայց նաև կպնդեմ, որ դասականը երբեք չի մահանա: Մոդեռնը, իհարկե, զարգանում է, ու դա շատ լավ է, բայց առանց դասականի՝ մոդեռնը չի կարող լինել:

Գևորգ Ասոյան-8

Կա՞ բան, որի մասին ես չհարցրի, բայց Դուք կցանկանայիք խոսել:     

-Ես խոսեցի Տիգրան Միքայելյանի մասին, բայց նաև կուզեմ Էլվիրա Մնացականյանի ու Հովհաննես Դիվանյանի մասին խոսել: Ես տեսա, որ Դուք հարցազրույց եք ունեցել Էլվիրա Մնացականյանի հետ (հարցազրույցը՝ այստեղ) : Նա իմ փորձավարն է եղել, երբ «Ժիզել» եմ պատրաստել, ու անբացատրելի է նրա համեստությունը, մարդկային մոտեցումը: Այնքան հաճելի էր էլվիրա Մնացականյանի հետ աշխատելը, փորձերն ավարտվում էին, չէի ուզում դահլիճից դուրս գալ: Ուզում էի շարունակել նրա հետ զրույցները, փորձերը: Նա յուրահատուկ անձնավորություն է, և ես խոնարհվում եմ նրա առաջ: Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Դիվանյանին, նա համաշխարհային փորձավար է ու բալետմեյստեր, ու ամենակարևորը, որ մարդը ոչ միայն լինի լավ փորձավար, լավ բալետմեյստեր, այլ նաև լինի լավ մարդ: Հովհաննես Դիվանյանն այդպիսին է: Ամեն անգամ Երևան այցելելիս, անպայման պետք է նրան հանդիպեմ, ու երկար զրուցում ենք, շատ հաճելի է նման մարդու ունենալ իմ կյանքում: Ես չեմ կարող չխոսել նաև այն մասին, որ երբ Արշակ Ղալումյանի հետ միասին Համբուրգում սովորում էինք, Արսեն Մեհրաբյանն արդեն աշխատում էր թատրոնում (Արսեն Մեհրաբյանի հետ մեր հարցազրույցը՝ այստեղ), և Արսենի ազդեցությունն էլ է մեծ եղել թե՛ իմ, թե՛ Արշակի վրա:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյան․ Ինձ զգացել եմ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում  

Ալբինա Ղազարյան․ Բալետում ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել

Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը

fastnews-ads-banner