Logo

Գևորգ Խաչատրյան. Երևանում ասացին, որ ինձ հետ հույսեր չեն կապում, Գրինսբորոյի բալետում դարձա մենակատար

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
14:22 / 12.07.2023Զրույցներ
Բացառիկ
Գևորգ Խաչատրյան-բալետ արտիստ

VNews Culture-ի զրուցակիցն է Միացյալ Նահանգներում բնակվող բալետի արտիստ Գևորգ Խաչատրյանը:

Գևորգի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Գևորգ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Պարարվեստում հայտնվել եք Ձեր կամքից անկախ:

-Այո, շատ ճիշտ եք: Մայրիկս է բերել Պարարվեստի ուսումնարան, քանի որ նա շատ էր սիրում պարը, հատկապես բալետը:

Ձեր մայրը երազել է պարուհի դառնալ:

-Այո: Մորս երազանքն է եղել դառնալ պարուհի, բայց չի ստացվել, քանի որ ամուսնացել է տասնութ տարեկանում, ու հետո մենք ենք ծնվել։ Հետո արդեն շատ բարդ է եղել շարունակել պարի գծով: Ու նրա երազանքն էր, որ իր երեխաներն էլ դառնան պարող: Ես ութ տարեկան էի, երբ ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան, ու ընդհանրապես գաղափար չունեի պարից ու հատկապես բալետից: Չգիտեմ՝ բախտի բերմամբ, թե ուղղակի, տվյալներս դուր եկան Հովհաննես Դիվանյանին, ու քննությունից հետո հարյուրավոր երեխաներից ընդամենը տասը անցան, ու տասից երկուսը ես ու եղբայրս էինք: Մենք գաղափար չունեինք պարից, բայց մեր մայրն էր շատ սիրում:

Գևորգ Խաչատրյան-1

Իսկ Դուք ե՞րբ սկսեցիք բալետը սիրել:

-Տասնչորս տարեկանում: Հինգ-վեց տարի տևեց, մինչև հասկացա՝ բալետն ինչի մասին է: Որովհետև, երբ դու նոր ես սկսում Պարարվեստի ուսումնարանում, դու չես պարում, ուղղակի սովորում ես շարժումները: Ընդհանուր գաղափար չես կարող կազմել, թե բալետն ինչի մասին է: Հետո հասկացա, որ բալետը շատ լուրջ ու բարդ արվեստ է: Ու հենց այդ ժամանակ է, որ պետք է հասկանաս՝ կարո՞ղ ես և ուզո՞ւմ ես շարունակել այդ ուղղությամբ, թե՞ ավելի լավ է այլ մասնագիտություն ընտրես: Հասկացա, որ պետք է շարունակեմ բալետի գծով: Բալետում ինձ լավ էի զգում, ու ինձ մոտ ստացվում էր:

Իսկ եղե՞լ է, երբ ինչ-որ բան չի ստացվել՝ շարժում կամ թռիչք, իսկ դա բոլորի մոտ է լինում, մայրիկին մեղադրեք, թե ինչի՞ իր երազանքը կապեց Ձեզ հետ կամ ինչո՞ւ ստիպեց:

-Չէ, մեղադրանքներ մայրիկի հասցեին երբեք չեն եղել։ Բայց եղել է հակառակը, մայրիկն է ասել, թե ինչո՞ւ այս մի բանը չկարողացար անել: Կամ, ինչո՞ւ չեմ պարում այս ներկայացման մեջ, քանի որ ինքը կուզեր ինձ տեսնել բեմում: Մայրիկին երբեք չեմ մեղադրել, ու կարծում եմ, որ շատ ճիշտ են արել, որ ինձ տարել են այդ ուղղությամբ: Ու շնորհակալ եմ նրանց, որ հայտնվել եմ պարարվեստում:

Գևորգ Խաչատրյան-2

Ուսումնարանն ավարտելուց հետո հայտնվել եք Օպերային թատրոնում, բայց շատ քիչ եք պարել:

-Հասկանում ես, որ եկել է քո կյանքի լավագույն հատվածը․ 17 տարեկան ես ու կարող ես ամեն ինչ պարել: Բայց գիտակցում ես, որ ունես ընդամենը մեկ տարի պարելու համար, քանի որ կա բանակի խնդիր:  Տասնութ տարեկանից հետո բոլոր տղաները պետք է գնան բանակ, ու դա բալետի արտիստի համար նշանակում է կարիերայի ավարտ: Ուսումնարանն ավարտելուց հետո գնացի Օպերա, բայց մեկ տարի տևեց, մինչև ընդունեցին աշխատանքի, քանի որ թատրոնում ազատ հաստիք չկար: Երևանում կորդեբալետում էի պարել:

Ասում են՝ Դուք այն արտիստներից եք եղել, որոնց հետ Երևանի օպերային թատրոնը հույսեր չի կապել: Մի փոքր կոպիտ է հնչում, բայց այդպես է եղել:

-Շատ չեմ ուզում խոսել այդ մասին: Ես Երևանի թատրոնում եղել եմ մեկ տարի:

Բայց ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ չպահեցին:

-Բալետում կան չափանիշներ, դրանցից մեկը հասակն է: Բեմում բարձրահասակ տղան միշտ նայվում է: Երբ մենք ընդունվում էինք թատրոն, մեզ հետ այլ տղաներ էլ կային, ու իրենք շատ ավելի բարձրահասակ էին ու ավելի լավ տեսք ունեին: Չեմ կարող ասել՝ արդյո՞ք տվյալներով էին ավելի լավը, քանի որ տվյալներն ու հասակը երկու տարբեր բաներ են: Ու այդ ժամանակ թատրոնի չափանիշն էր, որ պահանջվում է բարձրահասակ տղա: Մեզ ասացին՝ եթե կա երեք-չորս բարձրահասակ ու մի ցածրահասակ տղա, որը տեխնիկապես իրենցից առավել է, մենք կընտրենք բարձրահասակին, որովետև կան զուգապարեր աղջիկների հետ, ու հանդիսատեսի աչքին այլ է, երբ բեմում տեսնում է բարձրահասակ տղայի:

Արդյոք այդ խոսքերը հիասթափեցնող չէի՞ն: Ի վերջո, հասակը մի բան է, որը չես կարող փոխել: Եթե տեխնիկան կարող ես լավացնել, դերասանական խաղի վրա կարող ես աշխատել, ապա հասակը տրված է ի վերուստ, ու որևէ կերպ չես կարող բոյովանալ:

-Իրականում շատ հիասթափեցնող էր, մանավանդ՝ 18 տարեկանում,  ունես բանակի խնդիր ու քեզ ասում են՝ «դու մեզ այդքան պետքական չես»:

Ի՞նչ էիք զգում:

-Ինչ-որ ժամանակ նեղված էի, հիասթափված, բայց դե պետք է չկանգնես, որովհետև միաժամանակ գիտակցում էի, որ այդքան տարի աշխատել եմ, ու չեմ կարող այդ ամենը թողնել: Շարունակեցի իմ գործը՝ մտքով, որ պետք է ավելի բարձունքների հասնեմ: Իրականում, շնորհակալ եմ Օպերային թատրոնին ամեն ինչի համար:  Քանի որ իրենք էլ քիչ բան չեն արել ինձ համար: Հիասթափեցնող էր այն հանգամանքը, որ մեր մշակույթը չի կարողանում պահել իր արտիստներին ու օգնել, որ իրենք հասնեն այն գագաթնակետին, որին կարող են: Շատ տաղանդավոր պարողներ կան, ու նրանց տանում են բանակ, իսկ բանակից հետո արդեն պետք է խաչ քաշես այդ մասնագիտության վրա:

Գևորգ Խաչատրյան-3

Երևանից հետո տեղափոխվեցիք ԱՄՆ:

-Երբեք երազանք չեմ ունեցել տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Երբ ուսումնարանում էի՝ երազում էի, որ պարեմ Օպերային թատրոնի բեմում: Ու արդեն այն փուլում էի, որ «Գայանե» բալետում Արմենի դերն էին առաջարկել, ու արդեն փորձերն էին սկսվել, երբ իմ ընկերը՝ Գրիշա Զաքարյանն ասաց, որ ԱՄՆ-ում «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման համար Արքայազնի կերպարում պարող է հարկավոր: Դե, ես էլ հույս չէի կապում, որ կստացվի, բայց ասացի՝ խնդիր չկա, պատրաստ եմ: Ու այդպես ամերիկյան Rotary International-ից հրավեր ստացանք՝ մասնակցելու երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրի, որի շրջանակում ելույթներ ենք ունեցել Կալիֆոռնիայի, Թենեսիի, Օհայոյի, Արիզոնայի, Ֆլորիդայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, Ջորջիայի նահանգներում և Վաշինգտոնում: Որից հետո Հյուսիսային Կարոլինայի մեր հայրենակից Նատալյա Իգիթխանյան- Դեյվիսոնի ղեկավարած Artistic Motion School of Arts-ի կողմից կրթաթոշակ ու կեցության ապահովում ստացանք: Նատալյա Դեյվիսոնը հիասքանչ մասնագետ է ու իմ երկրորդ մայրը: Ինքն ինձ համար շատ բան է արել ու շատ օգնել: Օրեր են եղել, որ ունեցել ենք չորս-հինգ ներկայացում: Ներկայացնում էինք հատվածներ «Գայանե», «Մարդուկ-Ջարդուկ» բալետներից, ու շատ բարդ էր, քանի որ ներկայացումներն անցկացվում էին հիվանդանոցներում, դպրոցներում, տարբեր կենտրոններում, այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեին գալ թատրոն ու ներկայացում դիտել: Շատ ճիշտ ձևով մատուցեցինք հայկական բալետը:

Այդ շրջագայությունը նպաստե՞ց Ձեր ինքնավստահության բարձրացմանը:

-Օրեցօր այո, իհարկե, դառնում էի ավելի ինքնավստահ: Երբ ես եկա Օպերային թատրոն՝ պարում էինք ամսվա մեջ երկու-երեք ներկայացում, մնում ես կորդեբալետում ու այլևս աճելու տեղ չունես՝ ո՛չ բարձրանում ես, ո՛չ իջնում: Իսկ այստեղ շատ էինք պարում տեխնիկապես ավելի բարդ համարներ, ու դա մեզ օգնեց աճել, զարգանալ հենց մեր ասպարեզում:

Գևորգ Խաչատրյան-4

Իսկ հետո ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մնալ ԱՄՆ-ում:

-Մենք չէինք եկել Միացյալ Նահանգներ աշխատելու: Հետո մեզ հրավիրեցին Արիզոնա՝ որպես հրավիրյալ արտիստ «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման մեջ պարելու: Ու արդեն ստացվում էր, որ մենք նահանգներում ինչ-որ բանի հասել էինք: Ինչո՞ւ չմնալ այստեղ: Ու այն դեպքում, երբ Հայաստանում պարողներին ոչ մի հարցում աջակցություն չկա․ թեկուզ հենց բանակի հարցում: Ու ես չգիտեի՝ վերադառնամ ի՞նչ է լինելու, իմ այդքան արած գործը ջուրն է ընկնելու, որովհետև տանելու են բանակ: Երբ մենք գալիս էինք ԱՄՆ, Օպերային թատրոնում խնդրեցինք, որ մեզ արձակուրդ ձևակերպեն, որ երբ վերադառնայինք Երևան՝ վստահ լինեինք, որ մեր աշխատանքը չենք կորցրել: Որովհետև ուղիղ մեկ տարի Օպերային թատրոնում աշխատեցինք, որ կարողանայինք ընդունվել բալետային թատերախումբ: Բայց մեզ ասացին, որ հնարավոր չէ․ «Եթե ուզում եք գնալ ԱՄՆ, ապա պետք է դիմում գրեք ու ազատվեք աշխատանքից»:

Ես հիմա Ձեր խոսքերից վիրավորվածություն եմ զգում դեպի Երևանը:

-Չէ, այդ վիրավորվածությունը չի մնացել: Ոչ թե որովհետև ինձ չօգնեցին և այլն, ես այդ մարդը չեմ, որ անընդհատ մտածեմ այդ մասին: Կյանքում շատ բաներ կարող են լինել, բայց պետք է այդ մասին չմտածես ու անընդհատ շարժվես առաջ: Ու մեր օրինակով երիտասարդ պարողներ շատ կան: Մեզանից շատ ավելի տաղանդավոր տղաներ ավարտում են ուսումնարանն ու ոչ մի բան չի արվում իրենց համար: Նրանց տանում են բանակ, ու կարիերան ավարտվում է:

Գևորգ Խաչատրյան-5

Հիմա, երբ ԱՄՆ-ում ունենում եք նոր դերեր, նոր ներկայացումներ ու հաջողություններ, մտքով անցկացնո՞ւմ եք, որ «թող Երևանում տեսնեն՝ ինչից հրաժարվեցին»:

-Արդեն չէ: Անկեղծ եմ ասում: Արտահայտություն կա՝ «քեն պահել», չէ, չունեմ նման բան, թե «տեսեք, ձեզ ապացուցեցի»: Իրականում առաջնայինն անում եմ իմ գործը, ու անում եմ ինձ համար: Ես ապացուցելու բան չունեի:

Գուցե Երևանին ապացուցելու բան չունեիք, իսկ ինքներդ Ձե՞զ:

-Դե, բնականաբար, ինքս ինձ ապացուցում էի, որ կարող եմ: Անում էի ինձ համար: Չես կարող փոխել մարդու մտածելակերպը: Իրենք մտածելու են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում:

Գևորգ Խաչատրյան-7

Ե՞րբ հասկացաք, որ ԱՄՆ տեղափոխվելը ճիշտ էր:

-Վեց ամիս այստեղ գտնվելուց հետո պետք էր որոշում կայացնել՝ ի՞նչ անել: Ու ոչ թե որոշում կայացնել՝ վերադառնալ Հայաստան, թե ոչ, այլ դառնալ բալետի այն արտիստը, որին ձգտում էիր լինե՞լ, թե՞ վերադառնալ Օպերա ու շարունակել պարել կորդեբալետում: Իսկ մենք ուզում էինք զարգանալ ու աճել: Հենց այդ ժամանակ հասկացանք, որ այստեղ  կարող ենք հասնել դրան:

Այժմ որտե՞ղ եք պարում:

-Ժամանակավոր դադար եմ վերցրել բալետից, բայց երկար ժամանակ պարել եմ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքի «Triad International Ballet»-ում: Թատերախմբի հետ պարել եմ «Դոն Կիխոտ», «Բայադերկա», «Մարդուկ-Ջարդուկ», «Քնած գեղեցկուհի»: Բոլոր ներկայացումներում մենակատար եմ եղել:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս պահին չեք պարում:

-Որոշել եմ սովորել: Ընդունվել եմ քոլեջ՝ բիզնես մենեջմենթի բաժին, ու հաջորդ ամսվանից դասերը սկսվելու են:

Այսինքն՝ բալետի արտիստի կարիերան ավարտե՞լ եք:

-Չեմ կարող ասել, որ ավարտել եմ: Ժամանակավոր դադար եմ վերցրել: Ինձ նաև մի փոքր հանգիստ է հարկավոր՝ մտքերս ի մի բերելու համար: Այստեղ նաև բալետի վարպետության դասեր եմ տալիս: Տարբեր գործեր եմ անում, քանի որ այստեղ ապրելը շատ բարդ է, ու միայն բալետով զբաղվելով անհնար է ֆինանսապես քեզ ապահովել:

Գևորգ Խաչատրյան-8

Ունե՞ք նպատակներ բալետի հետ կապված, թե՞ հիմա ամբողջ ուշադրությունը կրթության վրա է:

-Չէ, բալետի հետ կապված նպատակներ կան: Ուզում եմ ստեղծել կենտրոն, որտեղ օգնեմ երեխաներին՝ հասնեն իրենց նպատակներին ու պարեն համաշխարհային բեմերում: Իմ օրինակով, երբ մենք ուսումնարանում էինք սովորում, բեմ դուրս ենք եկել պարելու միայն մեր ավարտական համերգի օրը, իսկ դա սխալ է: Պետք է գոնե տարվա մեջ մի քանի անգամ բեմ դուրս գալ, պարել, որ սովորես բեմին, որ հասկանաս՝ քեզանից ի՞նչ է պահանջվում: Ու պետք է բեմում պարել, փորձ ձեռք բերել: Կուզեի օգնել, տալ մոտիվացիա, նրանց տանել տարբեր մցույթների:

Իսկ Երևանի հետ կապված ծրագրեր ունե՞ք, թե՞ դուռն ամբողջությամբ փակել եք:

-Երևանի հետ․․․ Իրականում կուզեի Երևանի հետ կապված թեկուզ փորձի փոխանակում ունենալ կամ նման մի բան: Բայց չգիտեմ՝ մեր Օպերային թատրոնը որքանո՞վ է բաց նման համագործակցությունների համար: Մեր Օպերային թատրոնում այսօր պարում են այն նույն մոտիվներով, որով պարել են յոթանասունականներին: Բայց բալետը զարգանում է, պտույտները շատանում են, թռիչքները՝ բարձրանում: Թեկուզ հենց զգեստներն են փոխվում: Բայց մեր թատրոնում տեխնիկապես պարում են այն նույն կերպ, ինչպես պարել են 30-40 տարի առաջ:

Գևորգ Խաչատրյան-9

Չե՞ք կարծում, որ մեծ համարձակություն է պետք արդեն հաստատված ներկայացումը փոխելու համար, ու հատկապես հայկական իրականության մեջ դա ինքնասպանությանը հավասարազոր բան է: Քննադատությունն այնքան շատ կլինի, որ ուղղակի ոչ ոք չի նայի, թե ի՞նչ փոփոխություններ են արվել, ու որքանո՞վ են դրանք տեղին կամ անտեղին:

-Ամբողջությամբ համամիտ եմ Ձեզ հետ: Հայաստանում ցանկացած նոր բան շատ բարդ է ներկայացնել: Երևանում որևէ նոր բան ներկայացնելու համար պետք է պատրաստ լինել քննադատության: Այստեղ այդպես չէ: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչի՞ մասին է, ո՞րն է գաղափարը: Իսկ Երևանում կա նեգատիվ: Մարդկանց մոտ միանգամից բացասականն է առաջ գալիս:

Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ է պայմանավորված:

-Դա միայն բալետում չէ: Ամենուր է, և դա կախված է ընդհանուր կյանքից: Հայաստանում ապրելը շատ ավելի դժվար է ու բարդ: Ես չեմ ուզում այդ ամենը կապել կրոնի հետ, բայց դա էլ իր ազդեցությունն ունի, շատ մեծ ազդեցություն ունի:

Ի՞նչ նկատի ունեք:

-Ներկա պահին մարդիկ շատ են հեռացել Աստծուց: Շատերը սիրում են ասել՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք հպարտանում ենք, որ հայ ենք: Բայց միայն հպարտանալը քիչ է, երբ մարդիկ ասում են, որ քրիստոնյա են, բայց գնում են եկեղեցի միայն նկարներ անելու համար, իրենք չեն գնում եկեղեցի աղոթելու համար, Աստծուն մոտենալու համար: Ու մարդիկ հեռացել են Աստծուց: Մարդիկ իրարից շատ են հեռացել:

Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել Երևանում:

-2018  թվականին, երբ վերջին անգամ դուրս եկա Երևանից: Իհարկե, կցանկանայի վերադառնալ, բայց հիմա թղթաբանության հետ կապված հարցեր կան:

Չե՞ք զղջում, որ եկել եք ԱՄՆ:

-Չեմ սիրում արածի համար զղջալ: Այս կյանքում ինչ արել եմ, ինչ անում եմ՝ փոշմանեմ կամ մտափոխվեմ: Ես գտնում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Իհարկե, լինում են էմոցիոնալ պահեր, որ ասում եմ՝ վայ, ոնց կուզեի հենց հիմա լինել Երևանում, ծնողներիս կողքին:

Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին կլիներ Ձեր կյանքը, եթե, օրինակ, Օպերային թատրոնում այլ իրավիճակ լիներ: Դե պարզ է՝ բոլորը սկսում են կորդեբալետից, բայց հետո անցնեիք մենակատարի, ինչպես հիմա Ձեր թատրոնում եք:

-Հա, շատ անգամ եմ պատկերացնել, ոչ թե մի ուղղությամբ, այլ հարյուրավոր տարբերակներով: Բայց դե իմ կյանքն այդպես դասավորվեց, ու չեմ զղջում:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Էդգար Սամվելյան․ Մի օր եկա որոշման, որ ուզում եմ դառնալ բալետի արտիստ, ոչ թե հիփ-հոփ պարող

Արսեն Ազատյան․ Ամենակարևորը, թե քո պարով հանդիսատեսն ի՞նչ էմոցիա է ապրում

Ազատ Ղարիբյան․ Ինձ նվիրեց պապիկիս մատանին ու ասաց, որ այսօրվանից արժանի եմ կրել «Ազատ Ղարիբյան» անունը

Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»

Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի

Գարի Սևոյան․ Մենք այսօր Ուկրաինայում բալետային ներկայացումներով ենք պատերազմի մեջ ապրող մարդկանց ապրելու հույս տալիս

fastnews-ads-banner