Logo

Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային շրջագայությանը

23:49 / 29.11.2024Լուրեր
null

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: Դանիել Դանիելյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է։ «Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ իրականացվող հոբելյանական այս ծրագիրը լավագույնս է ներկայացնում Ազնավուրի ժառանգությունն ու արվեստը»,- ասել է նախարարի տեղակալը:

Համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով: Հատկանշական է, որ համերգային ծրագրում նվագախումբը և մենակատարները կատարում են նաև Կոմիտասի ստեղծագործություններից:

ԿԳՄՍ նախարարությունը 22 մլն դրամի տեխնիկա և գործիքներ է ձեռք բերել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար։ Ըստ Դանիելյանի՝ Ազնավուրին նվիրված հոբելյանական այս ծրագիրը շատ լավ առիթ է համերգային շրջագայության ընթացքում հնչեցնելու այս գործիքները: Հոբելյանական ծրագիրն արդեն իրականացվել է Բրյուսելում, Բուդապեշտում, Լյուքսեմբուրգում, Եթովպիայում: Եզրափակիչ համերգները կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին և կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, այնուհետև Լատվիայում:

 

 

fastnews-ads-banner