1746 թ. մարտի 30-ին ծնվել է իսպանացի մեծ գեղանկարիչ ու փորագրանկարիչ, ռոմանտիզմի ժամանակաշրջանի մեծագույն վարպետներից մեկը` Ֆրանչիսկո Գոյան։ Այսօր ձեզ համար առանձնացրել ենք Գոյայի հայտնի կտավներից մի քանիսը` հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի մեկնաբանությամբ։
Կոստան Զարյանի գրական, գեղարվեստական ու արվեստաբանական միտքը միախառնվելով ստեղծել է իսպանացի նկարչի ամբողջական կերպարը։ Սա այն դեպքն է, երբ հավասարաչափ արժեքավոր են ոչ միայն Գոյայի կտավները, այլ նաև դրանց մասին գրված զարյանական տեքստը։

Գոյան` այդ կատաղի Արագոնացին
Արագոնացի` ոտքից մինչև գլուխ, գոռոզ, համառ, տոկուն, քաջությունը միացած հանդգնության, կամքը` ծայրահեղության, ազատության և անկախության սերը` մոլեռանդության, օտարականի դեմ պայքարը` հազար դանակներ սրած ատելության։
Ֆրանչիսկո Գոյա ի Գրասիա Լուսիենտեսը ծնվել էր 1746-ի մարտի 30-ին, 150 բնակիչ ունեցող Ֆուենդետոդոս ժայռանիստ և աղքատիկ գյուղում, երկու հավի, մի աքլորի և մորուքավոր մի այծի տեր, թշվառ շինականների ընտանիքում։

Նա իջել էր վար` գլուխը թափահարելով լեռների դեմ, աչքերը վառ, քայլերը վստահ։
Իր գույները` սև, սպիտակ, խրուկ, դեղինկավ, Սիենայի հող։

«Բնության մեջ – պիտի ասեր ավելի վերջը – ո՛չ գույնը գոյություն ունի և ոչ գիծը. կա արևը և կան ստվերները։ Մի կտոր ածուխով ես կարող եմ նկարել մի նկար։ Ամբողջ նկարչությունը զոհաբերության և տեսակետի խնդիր է»։
Այդ զոհաբերությունև և տեսակետը ստեղծեց մի դար` Գոյայի դարը։
Գոյան Սարագոսայից եկել էր Մադրիդ` վայելելու համար կյանքը
Երկայն մի կապայի մեջ փաթաթված, լայն սև գլխարկը աչքերի վրա առած, թևի տակ մի ահագին կիթառ սեղմած` նա խնջույքից խնջույք էր վազում, ժամադրությունից` ժամադրություն։ Գիշերը գեղեցիկ մի Ռոզինայի պատուհանի առջև կանգնած նա սերենադներ էր երգում և ուրիշ սիրահարների հետ կատաղի կռիվների բռնվում։

Այդպես չորս տարի շարունակ, մինչև որ մի գիշեր, Լավապիես արվարձանի փողոցներից մեկում, կռվի ժամանակ նավախայի հարվածը մեջքին, վայր է ընկնում արյունաթաթախ…
Հազիվ իր վերքը բուժած` նա ստիպված էր փախչել մայրաքաղաքից…
Մեկնում է Հռոմ
Այստեղ վարպետների գործերը ուսումնասիրելու տեղ, նա նախընտրում է նկարել իր երկրի տեսարանները, օտարությունը շատ չզգալու համար։ Մեծ հաջողություն։

Նա ուզում է շարունակել իր արկածախնդրությունները։ Ամենախենթ բաները, որ կարելի է երևակայել։ Մի գիշեր, փոքրիկ մի ճրագ ձեռքին, նա բարձրանում է Սբ Պետրոսի գմբեթի բարձրագույն կետի վրա և դանակով փորում իր անունը։ Ուրիշ օր, իր անվախությունը և ճկունությունը ցույց տալու համար, կատվի նման մագլցում է Սեսիլիա Մետելլայի գերեզմանի վրա և շուրջի նեղլիկ պսակի ծայրերով ման գալիս։ Մի ուրիշ օր էլ, երբ սկսում է բարձրանալ մի վանքի պատից վեր, փախցնելու համար գեղեցիկ մի մայրապետ, որին խենթի նման սիրահարված էր, Պապի սբիրները նրան ձերբակալում են։ Սպանիական դեսպանի միջամտությունը ազատում է նրան բանտից, և 29 տարեկան հասակին, նա նորից ստիպված է լինում վերադառնալ Մադրիդ։
Վերադարձ Մադրիդ
Ամուսնանում է մի կնոջ հետ, որ իրեն պիտի տար քսան զավակ։ Ինչը, որ սակայն արգելք չի հանդիսանում շարունակելու իր բուռն և անկանոն կյանքը։

Կին, գինի, էսպադա։
Գոյան երջանիկ է։
Եվ հանկարծ` ծանրածանր ամպեր, որոտ, փոթորիկ։ Վրեժի և ատելության երկու կատաղի էջեր։
1808 թ. Dos ևTres se Mayo
Ֆրանսիացիների արշավանքը, Կառլոս IV-ի բանտարկությունը, օտարականը Սպանիայում, ժողովրդական ապստամբության անողոք ճնշումը։ Հպարտ արագոնացին արթնանում է իր ամբողջ ուժի և վայրենության մեջ։ Ու այստեղ վրձինը դառնում է շանթահարող, վրիժառու, թշնամին հավիտենական ամոթի խաչին գամող մի ահավոր թափ։

«Մայիսի երկուսը» ներկայացնում է Տյուրայի զորքերի ժողովրդական ապստամբության անողոք ճնշումը, Պուերտո դե Սոլ հրապարակի վրա։ Դրագոններից և մամելուկներից բաղկացած ֆրանսիական հեծելազորքի վրա է հարձակվում կատաղած ամբոխը։
Այս նկարը նմանում է սոսկալի մի կորիդայի։ Ոչինչ կարել է երևակայել ավելի ներուժ, ավելի արտահայտիչ, ավելի պայթուցիկ։ Բողոքի հսկայական մի ճիչ է, որի ձայնը ճեղքում է դարի խավարը։ Աղաղակ, որ ձեզ լցնում է սարսռանքով ու հաղորդում իր ցասումը։

«Մայիսի երեքը» ներկայացնում է ապստամբության մյուս օրը։ Տոթահար մի գիշեր։ Օտար բանակը հաղթել է ապստամբներին և բերել շարել գնդակահարության պատի մոտ…
Չեմ կարծում , որ որևէ ուրիշ նկար պարունակե այդքան ուժ, այդքան ցասում, այդքան սոսկում։ Մանեի «Մաքսիմիլիանի գնդակահարությունը», որ ուզում է նմանել սրան, մանկական խաղ է։ Գոյան այստեղ, ներկայացնելով սպանիական պատմության ողբերգական մի դեպք, հանդիսանում է ոչ միայն հզոր նկարիչ, այլև բոլոր այդ տեսակ բռնությունները ամոթի մատնող ահավոր մի դատավոր։
Ամենաշառաչուն ապտակը և ամենուժեղ բողոքը, որ արվեստը ճանաչում է։
Ցասումից հետո` ծաղրը
Արագոնացի այդ գյուղացին երբեք չի մոռանում իր ծագումը։ Կառլոս IV-ի և Մարիա Լուիզի պատկերները լեցուն են ծաղրանքով և արհամարհանքով։

Փոր առած, շագանակագույն զգեստի մեջ սեղմված, բազմաթիվ շքանշաններով զարդարված, երեսին կպած տխմար ժպիտով, ոլոր կապույտ աչքերով այդ թագավորը, կամազուրկ, կարճախելք, ամենաողորմելի տպավորությունն է թողնում։

Նույնը` թագուհին, շռայլ կյանք վարած և պառավել սկսող անհրապույր մի կին, համեստորեն հագված, բարակ վիզ, փոքրիկ գլուխ, անառակ աչքեր, ճեղքված բերանի վրա ընկնող քիթ, անշուրթ և անակռա մի էություն, որից թառամածություն է բուրում և անկարող հեշտանք։
Ծաղրանքից հետո` սերը
Երկու MAJAS-ները (մախաները)։ Դքսուհի դ՛Ալբայի երկու պատկերներ։ Այն դքսուհին, որի գեղեցկությունը վայելել էր իր բուն խառնվածքի ամբողջ թափով։ Հագնվածը և մերկը, որ նրա գերզգայուն վրձնի տակ թրթռուն մարմիններ են պարզում շքեղորեն զգայուն և հրաշալիորեն կատարյալ։

Անհավատալի կերպով ներդաշնակված դեղինների, ճերմակների, սևերի համարանքները, որոնց միջից թափանցում է մսերի մեղմությունը և սարսռացող զգայնությունը։

Մերկի մեջ մանավանդ` մարմնականը վերածվում է մի ինչ-որ երաժշտականի, որի ամեն մի ձայնը շոյանք է, ամեն մի շեշտը` անուշ բոց և հրապույր։ Այդ ճկուն, փոքրիկ մարմինը, նիհար, փափլիկ, այդ վզի ձևը, ծիծերի մեղմ ալիքը` լի որոնումներով կազմված փորը, կայուն, զատված, հեռացած գրգռիչ, այդ աննշմարելի, ինչպես մարմարը, և տաք, ինչպես աղավնու մարմինը, այդ ոլոր զիստերը և նուրբ սրունքները, մանրիկ ոտքերը` պատրաստ պարելու, ծարավ շրթները, խոր տարփանքով լցված աչքերը…

