Logo

Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
16:19 / 07.06.2023Հարցազրույցներ
Բացառիկ
Հակոբ Խառատյան

VNews Culture-ի զրուցակիցն է ամերիկյան և կանադական բալետի հայ պարող Հակոբ Խառատյանը։ Ծնվել է 1970-ին, Երեւանում, բալետի անվանի պարողներ Ռուդոլֆ եւ Նադեժդա Խառատյանների ընտանիքում։ 1980–1987թթ. սովորել է Երեւանի պարարվեստի ուսումնարանում, որից հետո կրթությունը շարունակել է Սանկտ Պետերբուրգի Վահանովայի անվան պարարվեստի ակադեմիայում: Ստեղծագործական կարիերայի ընթացքում Հակոբ Խառատյանը եղել է առաջատար մենակատար «Սարասոթա բալետ»-ում (1993), Ինդիանապոլսի բալետի խմբում, «Վաշինգտոն բալետ»-ում (1994–1995), «Հարթֆորդ բալետ»-ում (1996–1997), «Մոնրեալի դասական բալետ»-ում (1998–2000), «Կանադական մեծ բալետ»-ում, «Միլուոքի բալետ»-ում: Որպես հրավիրյալ աստղ՝ բազմիցս հրավիրվել է տարբեր թատրոնների (հատկապես Նյու Յորքի «Սեիսկայա բալետի») բալետային ներկայացումներում պարելու։

1999–2004 թթ. ելույթ է ունեցել «Արքա բալետ» խմբի կազմում՝ ներկայացնելով Ռուդոլֆ Խառատյանի բեմականացրած «Կորսար», «Սենյակը», «Երկխոսություն», «Արձագանքներ» եւ այլ համարները։

Այժմ Arizona School of Classical Ballet-ի տնօրենն է:

Հակոբ, Ձեր մասնագիտությունն ու ապագան կանխորոշվա՞ծ էր՝ հաշվի առնելով Ձեր ծնողների ով լինելը:

-Չէէ, կանխորոշված չի եղել: Ծնողներս ցանկանում էին, որ ես դիպլոմ ունենայի: Բայց այլ ուղի եղավ: Այդ տարիներին բալետի դպրոցի ուսուցիչները գնում էին հանրակրթական դպրոցներ ու Պարարվեստի ուսումնարանի բալետի բաժնի համար երեխաներ ընտրում: Ես այդ ժամանակ Երևանի թիվ 71 դպրոցում էի սովորում: Եկան, տվյալներս ստուգեցին․ ոչինչ չգիտեին իմ մասին, թուղթ տվեցին ու ասացին՝ «Ծնողներիդ կասես, որ քեզ բերեն մեր դպրոց»: Այդպես եկա տուն, թուղթը տվեցի ծնողներիս, ու որոշվեց, որ պետք է ընդունվեմ Պարարվեստի ուսումնարան:

Հակոբ Խառատյան-1

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ծնողները չէին ցանկանում, որ Դուք էլ դառնայիք բալետի արտիստ: Կարծես, Ձեր ծնողները ցանկանում էին, որ Դուք դիվանագետ դառնայիք:

-Հա, կա նման բան (Ծիծաղում է - Հեղ․): Սկզբում ուզում էին, որ դիվանագետ դառնայի, բայց հետո մտափոխվեցին: Ծնողներս որոշեցին, ես էլ, դե, գնացի:

Իսկ ե՞րբ հասկացաք, որ արդեն միայն ծնողների ցանկությունը չէ, Դուք էլ եք ուզում դառնալ բալետի արտիստ:

-Մրցակցություն կար դասարանում, հետաքրքիր էր ուսումը: Դա ինձ գրավեց: Ու եթե անկեղծ լինեմ՝ ես էլ չհասկացա, թե ինչպես սիրահարվեցի բալետին: Սեր չէր առաջին հայացքից, բայց հետո վերածվեց հավիտենական սիրո:

Հակոբ Խառատյան-2

Թեպետ Ձեր հայրն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է Երևանին, բայց Դուք, ի տարբերություն նրա, Օպերայի բալետային թատերախմբում երբեք չեք պարել:

-Երևանում սովորելուց հետո մեկնեցի Սանկտ Պետերբուրգ՝ Վահանովայի անվան ակադեմիայում ուսումս շարունակելու: 1990 թվականին, երբ ավարտեցի ու վերադարձա, շատ խառը ժամանակներ էին Երևանում: Խորհրդային միությունը փլուզվում էր, Արցախյան առաջին պատերազմն էր սկսվում: Ընդունվեցի թատրոն, բայց ո՛չ ներկայացում կար, ո՛չ փորձեր, ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ պայմաններ: Ոչինչ չկար: Հայրս այդ ժամանակ մեկնում էր Կանադա՝ Մոնրեալում համերգ կազմակերպելու․ Հայաստանից պարողների խումբ հավաքեց, ու 1991 թվականի օգոստոսին մենք մեկնեցինք Մոնրեալ: Ու պարզ չէր, թե հետո ինչ է լինելու: Կանադայում համերգից հետո Մոնրեալում մնացի: Սկսեցի դասեր տալ: Հայրս այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր Վաշինգտոն ու  «Kirov Academy of Ballet»-ի պարուսույցներից էր:  Մի քանի ամիս անց ես էլ մեկնեցի Վաշինգտոն: «Kirov Academy of Ballet»-ն ինձ կրթաթոշակ տվեց․ ասացին, որ թատրոնում տղա պարողների պակաս կա, ու այդպես առաջին անգամ սկսեցի հայրիկիս հետ աշխատել: Ու շատ ավելի խորը ձևով հասկացա բալետը:

Հակոբ Խառատյան-3

Ձեր խաղացանկը բավական հարուստ է, բոլոր դասական ներկայացումներում պարել եք, նաև բազմաթիվ ժամանակակից ներկայացումներում եք գլխավոր դերեր կերտել:

-Շատ թատրոններում եմ պարել, ու միշտ եղել եմ առաջատար մենակատար: Իմ խաղացանկը շատ խիտ էր, ու ես միշտ մտածել եմ՝ որքան շատ բան հասցնեմ անեմ, այնքան ավելի լավ: Որքան շատ է բազմակողմանիությունը, այնքան հնարավորություններն ավելի շատ են:  Իմ աշխատանքը և՛ հետաքրքիր էր, և՛ դժվար: Միշտ հետաքրքիր էր նոր խորեոգրաֆների հետ աշխատելը, միշտ սովորելու նոր բան կար:

Ասում են՝ պարի մեջ 80 տոկոսն աշխատանքն է, մնացած 20 տոկոսը՝ տաղանդը: Դուք համամի՞տ եք այդ խոսքի հետ:

-Այո, ամեն ինչ աշխատանքի արդյունք է: Անգլերենում այսպիսի ասացվածք կա՝ Hard work beats talent, when talent doesn't work hard (Աշխատասիրությունը հաղթում է տաղանդին, եթե տաղանդը շատ չի աշխատում): Եթե չաշխատես, բացարձակ նշանակություն չունի՝ տաղանդ ունես, թե ոչ: Տարիներ շարունակ 8-10 ժամ պարապել եմ, փորձեր արել, կերպարիս վրա շատ աշխատել: Բալետի բոլոր արտիստները ձգտում են կատարելության: Մեր նպատակը շատ պարապելով, շատ փորձեր անելով այդ կատարելությանը մոտենալն է: Ոչ ոք, իհարկե, այդ կատարելությանը չի հասնում, բայց որքան մոտենում ես, այնքան ավելի երջանիկ ես քեզ զգում:

Հակոբ Խառատյան-4

Իսկ այն միտքը, որ միևնույն է՝ այդ կատարելությանը չես հասնի, չի՞ հիասթափեցնում: Թե՞ հակառակը՝ մոտիվացնում է:

-Գիտեք, ամեն ինչին պետք է ռեալ նայել ու փորձել բալանս գտնել: Բայց դե պետք է նպատակ լինի ու շարժվես առաջ՝ նպատակիդ հասնելու:

Ձեր նպատակը ո՞րն էր:

-Ես ուզում էի ամեն ինչ պարել, տարբեր պարեր, տարբեր կերպարներ՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից: Ժամանակակից բալետը բազմաթիվ ճյուղեր ունի, ու տարբեր խորեոգրաֆներ տարբեր ոճով են բեմադրում, տարբեր մտածողություն ունեն, ու այդ բոլոր նորությունները ցանկանում էի պարել, զգալ բեմի վրա:

Հակոբ Խառատյան-5

Դուք Հայաստանում և Ռուսաստանում եք բալետի կրթություն ստացել, բայց աշխատել եք Արևմուտքում, որտեղ ուղղվածությունը տարբերվում է Ձեր ստացած կրթությունից:

-Ամերիկյան բալետի ռիթմը շատ արագաշարժ է, ու սկզբում հարկավոր էր շատ արագ սովորել Բալանչինի տեխնիկան, որովհետև թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Կանադայում հիմնականում այդ ուղղությամբ են պարում: Ու որոշ ժամանակ անց իմ ներկայացումներից հետո «Նյու Յորք Թայմսն» ու էլի մի շարք այլ հեղինակավոր պարբերականներ, երբ անդրադառնում էին իմ պարին, գրում էին, թե ինչ հեշտությամբ է ռուսական տեխնիկայով մարզված արտիստը կարողանում փոխվել ու Բալանչինի ոճով պարել:

Դուք նշեցիք մամուլի մասին, ես մի քանի մեջբերումներ էլ անեմ․ «Վաշինգտոն թայմսը» Ձեր մասին նաև գրել է, թե ինչ հաճույք է Ձեր պարին հետևելը, «Նյու Յորք Թայմսը»՝ թե որքան նրբագեղ արտիստ եք բեմի վրա: Նման արժեքավոր գնահատականները կարո՞ղ են ստիպել արտիստին մեծամտանալ:

-«Աստղային հիվանդություն» երբեք չեմ ունեցել: Իհարկե, ամեն մեկը պետք է էգո ունենա, որ շարժվի առաջ, բայց ամեն ինչ պետք է հարմոնիայի մեջ լինի: Ես բազմաթիվ արտիստների եմ ճանաչում, որոնց թվում էր, թե իրենք վերջն են, որ իրենք լավագույնն են, բայց դա սխալ է: Ես երբեք այդ բալանսը չեմ խախտել:

Ի՞նչ կլինի, եթե այդ բալանսը խախտվի:

-Եթե բալանսը չպահպանվի, ադեկվատ մտածողություն չլինի, կարիերադ կավարտվի: Եթե ասես, որ լավագույնն ես, դրանից հետո էլ տեղ չկա, ինչի՞ն պետք է ձգտես, զարգանալու տեղ էլ չկա: Միշտ պետք է գտնես զարգանալու, առաջ գնալու, պարն ու տեխնիկան ավելի լավացնելու առիթ: Միշտ պետք է աշխատես լինել ավելի լավը, քան երեկ էիր:

Հակոբ Խառատյան-6

Սանկտ Պետերբուրգի Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայում


Թեպետ Ձեր կրթությունը ռուսական է, ու հիմնականում պարել եք արևմտյան բեմերում, բայց միշտ ասում եք, որ բեմի վրա Ձեր հայ լինելը միշտ արտահայտվում է: Ինչո՞վ է այն արտահայտվում:

-Այո, բեմի վրա իմ հայ լինելը միշտ արտահայտվում է, առաջին հերթին՝ հայկական խառնվածքով: Ես միշտ հպարտ եմ եղել, որ հայ եմ, հպարտ եմ եղել իմ ազգանունով, իմ հայրենիքով, ու միշտ մեծ երջանկություն է եղել, որ իմ մասնագիտության մեջ կարողացել եմ հայի անունը բարձր պահել կամ այնպես անել, որ մարդիկ իմ պարի միջոցով իմանան Հայաստանի մասին: Սկզբից գրեթե բոլորն ինձ հարցնում էին՝ արդյոք ռո՞ւս եմ, ես էլ միշտ բարկանում էի ու ասում, որ՝ «Չէ, հայ եմ, Հայաստանից եմ»:

Հակոբ Խառատյան-7

Ռուդոլֆ Խառատյանի բեմականացրած «Սենյակը»


Դուք Ձեզ բալետում ամբողջությամբ ինքնաիրացրե՞լ եք:

-Լավ կարիերա եմ ունեցել: Կարող էր ավելի լավ լինել, կարող էր ավելի վատ լինել: Բայց բազմաթիվ թատրոններում եմ պարել, խաղացանկս շատ մեծ է, ու  հա, դժգոհ չեմ: Հիմա, երբ քսան տարվա հեռավորությունից նայում եմ իմ կարիերային՝ գոհ եմ իմ կատարած աշխատանքից:

Դուք բալետի արտիստի կարիերան 2004 թվականի օգոստոսին եք ավարտել:

-Այո, որտեղ սկսել էի իմ կարիերան, այնտեղ էլ ավարտեցի: Այդ ժամանակ հայրս արդեն հիմնադրել էր «Արքա» բալետը, ու հյուրախաղերով Երևանում էինք: Երկու համերգ տվեցինք Օպերայում, ու դրանով եզրափակվեց բալետի արտիստի իմ կարիերան:

Հակոբ Խառատյան-8

Հյուրախաղերը Երևանում


Նկատի ունեք, որ Երևանում սկսեցիք Ձեր կարիերան, Երևանում էլ ավարտեցի՞ք:

-Այո, հենց դա նկատի ունեմ:

Մտածվա՞ծ էր այդ քայլը՝ հենց Երևանում ավարտել կարիերան:

-Չէ, այդպես դասավորվեց: Շատ էի հոգնել, թատրոնում տնօրեն էր փոխվել, խաղացանկ էր փոխվել, ու ես ինքս ինձ ասացի՝ «Հերի՛ք է»: Ես ինձ հետ ազնիվ էի, ու հեշտ եկա այն մտքին, որ ժամանակն է թողնել բեմը: Ծնկներս ցավում էին, մեջքս էլ: Փորձեր անելը դժվար էր: Վնասվածքներ կային, ու չէի ուզում շարունակել պարել, չէի ուզում, որ իմ տեխնիկան սկսեր զիջել ու հանդիսատեսը դա տեսներ: Մտածեցի, որ պետք է բարձր նոտայի վրա ավարտել: Միլուոքիում իմ վերջին ներկայացումն «Ապոլոնն» էր:

Կարիերան ավարտելուց հետո սկսել եք դասավանդել, ու արդեն մի քանի տարի է՝ Ձեր կնոջ՝ Իրինա Աբրամյանի հետ Արիզոնայի բալետի դպրոցն եք ղեկավարում:

-Այո (Իրինայի հետ մեր հարցազրույցը՝ այստեղ):

Հակոբ Խառատյան-9

Որպես խորեոգրաֆ ու բալետմեյստեր՝ ինչի՞ն եք ամենաշատն ուշադրություն դարձնում:

-2014 թվականից ենք դպրոցը ղեկավարում: Շատ լավ աշակերտներ ունենք, որոնք մրցույթների են մասնակցում, մրցանակներ շահում: Կամքի ուժը շատ կարևոր է, ու ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի: Արտիստը միշտ պետք է հարմարավետության գոտուց դուրս գա, որ ինչ-որ բանի հասնի: Եթե միշտ նույնն անես, միշտ նույն արդյունքը կստանաս: Հարկավոր է անընդհատ փոխես, լավացնես, որ ամեն ինչ ճիշտ ձևով արվի: Միշտ աշխատելու տեղ կա: Բացի տաղանդից, շատ կարևոր է աշխատասիրությունն ու ֆիզիկական տվյալները, հոգեկան ուժը, այսպես ասած՝ հոգեկան դիմացկունությունը՝ չկոտրվելու ու սթրեսներին դիմանալու համար: Պետք է միշտ գնալ շախմատ խաղալու գաղափարով ու փորձել մի քանի քայլ առաջ տեսնել, որ արդեն տարբեր սցենարների ժամանակ ճիշտ կողմնորոշվես ու հասկանաս, թե այդ իրավիճակում ի՞նչ անես ու ինչպե՞ս դուրս գաս:

Ձեր դուստրը՝ Սիլվին, Ձեր աշակերտն է: Ի՞նչ երազանքներ ունեք իր հետ կապված:

-Սիլվին լավ տվյալներ ունի, աշխատասեր է, տեսնենք, թե ինչ կստացվի: Ինձ համար շատ կարևոր է, որ ինքը ոչ միայն ինձ հասնի, այլև ինձանից առաջ անցնի:

Հակոբ Խառատյան-10

Ինչի՞ համար եք զղջում:

-Ոչ մի բանի համար: Այն, ինչ կյանքում կատարվում է, հենց այնպես չի կատարվում: Գուցե այդ պահին ինքդ քեզ հարցնես, թե ինչո՞ւ այդպես եղավ, բայց հետո հասկանում ես, թե ինչից ուր է տանում ու ինչ զարգացում է ունենում:

Կա՞ բան, որի մասին երազում եք:

-Խաղաղություն լինի ու մեր Վիլսոնյան Հայաստանին հասնենք:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի

Գարի Սևոյան․ Մենք այսօր Ուկրաինայում բալետային ներկայացումներով ենք պատերազմի մեջ ապրող մարդկանց ապրելու հույս տալիս

Լիլիթ Հակոբյան․ Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել

fastnews-ads-banner