Այսօր լրանում է Հակոբ Պարոնյանի ծննդյան 182-ամյակը՝ այն ստեղծագործողի, որի սատիրան դարձել է XIX դարի հայ իրականության բացահայտիչ մասը։ 1843 թվականին Ադրիանապոլսում ծնված Պարոնյանը մանկուց կորցրել է հորը, նրան մեծացրել է մայրը։ Կրթություն է ստացել Արշակունյան վարժարանում, ապա հունաց մայր վարժարանում՝ միաժամանակ ինքնուրույն ուսումնասիրելով հայոց պատմություն, հին հունական և եվրոպական գրականություն։ Երիտասարդ տարիքում աշխատել է նաև դեղագործի մոտ, շարունակելով ինքնակրթությունը։
1863-ին տեղափոխվել է Պոլիս, որտեղ քաղաքի մտավորականների, ժամանակի դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների հետ շփումները նրա ստեղծագործական կյանքում նոր ուղի են բացել։ Պարոնյանը աշխատել է «Մեղու» երգիծաթերթում՝ հետագայում դառնալով դրա խմբագիրը, հիմնադրել է առաջին հայ մանկական պատկերազարդ պարբերականը և համագործակցել այլ թերթերի հետ, չնայած նրա կծու սատիրան հաճախ վախեցնում էր խմբագիրներին։ Նա նաև հրատարակել է «Խիկար» հանդեսը, որը, ինչպես բազմաթիվ այլ հայկական պարբերականներ, փակվել է թուրքական իշխանությունների կողմից։
Պարոնյանի գրականությունը հիմնված է սուր դիտողության, բարքերի քննադատության և խորքային հումորի վրա։ Նրա թատերգությունները՝ «Երկու տերով ծառա մը», «Ատամնաբույժն արևելյան», իսկ հետո գագաթնակետային «Պաղտասար աղբարը», այսօր էլ համարվում են հայ կատակերգության դասական գործեր։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով բացահայտում է ժամանակի հասարակական դեմքերը։
1888-ին պարբերականների փակվելուց հետո Պարոնյանը զրկվում է աշխատանքից, զբաղվում հաշվապահությամբ, սակայն հյուծող հիվանդությունը հաղթում է նրան։ Նա վախճանվում է 1891 թ. մայիսի 27-ին, Պոլսում։ Պարոնյանի թողած ժառանգությունը շարունակում է մնալ արդիական և սիրված անգամ մեր օրերում։


