Համացանցում է հայտնվել Անա դե Արմասի և Քրիս Էվանսի մասնակցությամբ «Ուրվական» մարտաֆիլմի առաջին պաստառը։ Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանները միասին են նկարահանվում խոշոր նախագծում։ Նախկինում նրանք հանդիպել են «Դանակները դուրս» և «Մոխրագույն մարդը» ֆիլմերի նկարահանման հրապարակում։
«Ուրվականը» ռոմանտիկ մարտաֆիլմ է։ Ֆիլմի կարգախոսն ասում է. «Այս առանձնահատուկ մարդու հետ հանդիպումը կարող է իսկական արկած դառնալ»: Սպասվում է, որ ժապավենը կթողարկվի Apple TV+ սթրիմինգային ծառայությունում։

Ըստ Deadline-ի՝ ֆիլմի ռեժիսոր Դեքսթեր Ֆլեթչերը ֆիլմի մասին խոսել է Critics Choice Awards-ի ժամանակ՝ հավելելով, որ «վերջին շտրիխներն է անում»։ Ֆիլմը պատրաստ կլինի մինչև ապրիլ։
Ի սկզբանե Marvel-ի գործընկերներ Քրիս Էվանսն ու Սքարլեթ Յոհանսոնը պետք է մարմնավորեին գլխավոր հերոսներին, սակայն գրաֆիկի անհամապատասխանության պատճառով դերասանուհին ստիպված է եղել հրաժարվել նախագծից, և նրա տեղը զբաղեցրել է Անա դե Արմասը։
«Ուրվական» ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են նաև Էդրիեն Բրոուդին, Թիմ Բլեյք Նելսոնը, Թեյթ Դոնովանը և Էմի Սեդարիսը։ Սցենարի հեղինակներն են «Դեդփուլի» համահեղինակներ Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը։


