Logo

Համաշխարհային ռոք հիթերը՝ Գյումրու փողային նվագախմբի մատուցմամբ

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:09 / 29.06.2024Լուրեր
null

Հունիսի 28-ին համաշխարհային ռոք հիթերը հնչեցին Գյումրու դրամատիկական թատրոնի բեմից՝ յուրօրինակ ձևաչափով: Ռոքային կատարումները հնչեցին փողային նվագախմբի և կիթառահար Վարդան Գաբոյանի մատուցմամբ: Նվագախմբի դիրիժորը Արտակ Գրիգորյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ձամուկաշվիլին: Հրավիրվել էին նաև ալտահար Լուսինե Խնկոյանն ու բաս-կիթառահար Արթուր Մոլիտվինը։

Ամենասիրված ռոքային կատարումները փողայինի հետ մատուցելու գաղափարը Վարդան Գաբոյանին բերել էր հայրենի քաղաք: Ըստ նրա՝ այս ձևաչափը եզակի էր նաև երաժիշտների համար: «Նվագախմբի յուրաքանչյուր անդամ մեծ ներդրում ունի այս համերգի կայացման գործում: Ես ու Արմեն Ձամուկաշվիլին վաղուց ունեինք այս մտահղացումը, բայց երբ գալիս էր խոսքը գործ դարձնելու պահը, վախենում էինք: Շատ ուրախ եմ, որ այս համերգն առաջին անգամ կայացավ Գյումրիում: Ունեցել եմ համերգներ Երևանում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ, բայց Գյումրու հանդիսատեսն ուրիշ է, շատ պահանջկոտ է», - խոստովանել է կիթառահարը:

Արտակ Գրիգորյանն էլ ընդգծել է՝ առաջին իսկ փորձից պարզ էր՝ գործակցությունը ստացվելու է: «Ունենք ստեղծագործություններ «System of a Down»-ից, «The Beatles»-ից, «Metallica»-ից: Փողային նվագախմբի հետ ռոք համերգ Հայաստանում երբևէ չի եղել: Սա առաջին դեպքն է», -  պատմել է նվագախմբի դիրիժորը:

Ավելի քան հինգ տասնամյակ գոյություն ունեցող Գյումրու փողային նվագախումբը վերջին շրջանում համալրել է նվագացանկը՝ փողային նվագախմբերի համար նախատեսված գործերից բացի ներկայանում է նաև ժամանակակից, սիրված ֆիլմերի հիթերով։ Արմեն Ձամուկաշվիլու խոսքով՝ նվագախումբն այսուհետև կներկայանա նոր, ժամանակակից նվագացանկով, այդ թվում՝ համաշխարհային հիթեր, ժամանակակից էստրադային, ջազային կատարումներ, սաունդթրեքներ և դասական գործեր:

fastnews-ads-banner