Logo

«Համլետի» փորձերին Լիդիան նիհարել է 5 կգ. Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Համլետի» առաջնախաղը (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
19:00 / 22.06.2024Լուրեր
null

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Համլետ» ներկայացման առաջնախաղը: Դրամատիկականում «Համլետը» բեմադրվում է արդեն երրորդ անգամ, սակայն այս բեմադրությունն առանձնանում է մյուս երկուսից ռեժիսորական լուծումներով։ «Համլետի» բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը պատմում է՝ 1.5-2 տարի մշակել են միայն կոմպոզիացիան, ունեցել են ընդամենը 30 բեմական փորձ: Ըստ նրա՝ սրտերկրում այս թիվը նորմալ է, բայց Հայստանի համար քիչ է: «Թատրոնը հիմնելու տարիներին Հրաչյա Ղափլանյանը հիմնականում բեմադրում էր Շեքսպիր: Այն ժամանակ քաղաքում հումորով ասում էին՝ եթե դերասանական խումբը ուզում է կայանալ, պետք է Շեքսպիր բեմադրի և խաղա: Վերջին շրջանում մեր թատրոնից Շեքսպիրը բացակայում էր, բայց այժմ վերականգնում ենք «Շեքսպիրյան թատրոնի» մեր համբավը», - նշում է Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը:

 

«Համլետի» դերում Լիդիա Գրիգորյանն է: Խոստովանում է՝ կարիերայի ամենաբարդ դերն է: «Ժամանակին, երբ Սիրանուշը խաղացել է Համլետ, եղել է իր նախաձեռնությամբ, իսկ ինձ առաջարկեց ռեժիսորը: Բեմում կանգնած է լինելու մարդ, ոչ թե սեռ. այս գաղափարով է առաջնորդվել բեմադրիչը: Շատ դժվար էր, բարդագույն կերպարս էր: Սա դեր չէ, այլ հոգեվիճակ: Համլետ խաղալու համար դերակատարը գոնե մի փոքր պետք է ունենա Համլետի աշխարհայացքից, որպեսզի կարողանա լավագույնս ներկայացնել կերպարը», - ընդգծում է Լիդիան, ով փորձերի ընթացքում նիհարել է 5 կգ: 

Իսկ Օֆելյայի դերում Դիանա Մալենկոն է: Նա, Լիդիա Գրիգորյանը, Էմմա Մանուկյանը գլխավոր ռեժիսորի գլխավորությամբ երկար ժամանակ ուսումնասիրել են Շեքսպիրի պիեսը, արդիականացրել յուրաքանչյուր դետալ՝ բերելով մեր օրեր: Ըստ դերասանների՝ հանդիսատեսը կտեսնի նոր «Համլետ»՝ նոր լեզվամտածողությամբ: «Ինձ համար ևս ամենաբարդ դերն էր: Սկզբում չէր ստացվում, հետո ինքնաբերաբար ստացվեց: Երբ ուսումնասիրում էինք «Համլետը», ամեն տողի վրա զարմանում էինք, թե որքան տեղին է, որքան արդիական է: Երբ տեսնեք ներկայացումը կհաստատեք միտքս: Կարծես երեկ գրված լինի: Շեքսպիրի ֆենոմենը հենց դրանում է. նրա ստեղծագործություններն անժամանակ են», - ասաց Դիանա Մալենկոն: 

Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Գագիկ Մկրտչյանը, Լուիզա Ղամբարյանը, Վիլեն Սարգսյանը, Վլադիմիր Մսրյանը, Արմեն Մեսրոբյանը, Վահագն Սամվելյանը, Ռոբերտ Զախարյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Նարեկ Քթոյանը, Մարիաննա Գևորգյանը, Կարեն Ճաղարյանն ու Էմմա Մանուկյանը:

fastnews-ads-banner