VNews Culture-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը։
Ռազմիկ, շնորհակալ եմ այս հարցազրույցի համար: Ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ն կլինի հարցազրույցը:
Կարծում եմ՝ կլինի անկեղծ, և հուսով եմ՝ հետաքրքիր ընթերցողի համար:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական կայքում դու ներկայացված ես որպես առաջատար մենապարող: Քեզ համար կարևո՞ր են կոչումները: Դա օգնո՞ւմ է քեզ բեմում:
Շատ լավ հարց է: Եթե մի կողմ դնենք ֆինանսական հարցն ու այն տարբերությունը, որ կա առաջատար մենապարողի աշխատավարձի պարագայում, այդ կոչումը մի քիչ ավելի պատասխանատու է դարձնում քո աշխատանքը բեմում: Երբ դու կորդեբալետի պարող ես, այդքան պատասխանատու չէ, այդքան լարված չէ, ու նույն պատասխանատվությունը չէ, երբ դու ներկայացում ես տանում առաջ, և քո պարից են կախված մնացածը: Դո՛ւ ես պատասխանատու ներկայացման համար: Առաջատար մենակատարի կոչումը շատ չի ծանրացնում ինձ բեմում, բայց միաժամանակ շատ պատասխանատու է և հաճելի:
Կրասոս՝ ‹‹Սպարտակ›› բալետ
Դու բազմաթիվ մրցույթների ես մասնակցել: Որքանո՞վ ես դու՝ որպես բալետի արտիստ, աճել ու հասունացել հենց մրցույթներին մասնակցելու շնորհիվ:
Մրցույթներն ամենաշատն են օգնում, որովհետև դու ինչքան էլ թատրոնում աշխատես, մրցույթների ժամանակ տեսնում ես տարբեր երկրներից պարողների, նրանց աշխարհը, տարբեր պարեր, տարբեր տեխնիկա, տարբեր դպրոցներ, ու դու վերցնում ես այն, ինչ պետք է, ու փորձում ես դրանք օգտագործել: Մրցույթներից շատ բան եմ սովորել ու սպունգի պես ամեն ինչ վերցրել եմ:
Շատ բան վերցրիր միայն տեխնիկակա՞ն առումով, թե՞ նաև բնավորությանդ մեջ փոփոխություններ եղան:
Մեծամասամբ տեխնիկական, բնավորության առումով փոփոխություն չի եղել: Շատ կան վատ բնավորությամբ մարդիկ բալետային ասպարեզում: Բայց կփոխվես, թե չէ՝ քեզանից է կախված: Գնալ ստոր քայլերի, թե ոչ՝ էլի քեզանից է կախված: Մրցույթներց շատ բան սովորեցի՝ ինչպես քեզ պահես բեմում, դժվար իրադրությունից ոնց դուրս գաս ժպիտով, որ հանդիսատեսը չհասկանա, որ սխալվել ես և այլն:
Կրասոս՝ ‹‹Սպարտակ›› բալետ
Դու բալետային թատերախմբում ես ընդամենը վեց տարի, սակայն արդեն հասցրել ես բավական լուրջ դերեր ունենալ: Մինչ այսօր կերտած դերերից ո՞րն է ամենահոգեհարազատը:
Երկու դեր կա, որ շատ հոգեհարազատ է՝ ‹‹Սպարտակ›› ներկայացման մեջ Կրասոսի կերպարը և ‹‹Ժիզել›› բալետում Ալբերտի կերպարը: Կրասոսի կերպարը շատ է իմը, շատ հզոր կերպար է, ու մինչև կյանքիս վերջը, եթե առողջությունս ու տարիքս ների, կուզեմ պարել:
Ի՞նչ զգացիր, երբ քեզ առաջարկեցին Կրասոսի դերը: Չկա՞ր ցանկություն Սպարտակ պարելու:
Գուցե չհավատաք, որ ասեմ, բայց ես ուզում էի Կրասոս պարել: Բոլորը մտածում են, որ Սպարտակն առաջնային դեր է, բայց, երբ ինձ առաջարկեցին Կրասոս պարել, ես շատ ավելի երիտասարդ էի, իսկ Սպարտակը շատ հասուն կերպար է, նրա մեջ շատ կոպտություն կա: Կրասոսն էլ է հասուն կերպար, բայց Կրասոսն ինձ ավելի մոտիկ էր: Շատ ուրախացա, երբ ինձ վստահեցին այդ ներկայացումը: Շատ կարճ ժամանակահատվածում եմ պատրաստվել այդ դերին․ ընդամենը տասը օրում: Դե, իհարկե, ժամանակի հետ կատարումն ավելի հղկվեց: Հիմա իմ Կրասոսն ամբողջությամբ փոխվել է, միտք եմ դնում ամեն շարժման մեջ: Հիմա դետալների մեջ մանրանում եմ, խորանում ու դրանով ամբողջացնում կերպարը: Ու նաև կյանքի փորձը շատ կարևոր է, որքան շատ բան ես տեսնում, այնքան ավելի ես կարողանում կերպարի խորությունը ներկայացնել:
Արբենին՝ ‹‹Դիմակահանդես›› բալետ
Ընդհանրապես տարիքը կապ ունի՞ կերպարի կերտման համար: Ինչու եմ այս հարցը տալիս, քանի որ դու Արբենինի դերն ես կատարում ‹‹Դիմակահանդես›› ներկայացման մեջ, իսկ Արբենինը հասուն տղամարդ է ու հասուն զգացմունքներ ունի: Ըստ քեզ, դու կարողանո՞ւմ ես լիարժեք ներկայացնել Արբենինի կերպարը:
Շատ ճիշտ եք, ես շատ եմ դժվարանում Արբենինի կերպարը ներկայացնելիս, քանի որ նա հասուն տղամարդ է և հասուն, գիտակցված սեր է խաղում, իսկ ես երիտասարդ եմ: Եկեք համեմատենք երկու սիրո պատմությունները՝ ‹‹Դիմակահանդես›› և ‹‹Ռոմեո և Ջուլիետ››: Բացարձակ տարբեր աշխարհներ են, բայց միտքը նույնն է՝ սերը: Ինձ ավելի հեշտ է սերը ներկայացնել Ռոմեոյի կերպարում, քան Արբենինի: Բայց դե բեմում ես հղկվում, պետք է այնքան պարես, որ կերպարը դառնա քոնը: Ու ինձ թվում է՝ տարիքի հետ ես այդ դերը կներկայացնեմ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Ցավոք, հիմա այնպես չեմ ներկայացնում, ինչպես կուզեի:
Ռոմեո՝ ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› բալետ
Օգոստոսի սկզբին՝ 50 տարի անց, Օպերայի թատրոնի բեմում կրկին ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ներկայացման պրեմիերան էր, ու եռօրյա ներկայացումների բացումը դու արեցիր: Կկիսվե՞ս քո ապրումներով, ի՞նչ զգացողություններ ունեիր կուլիսներում:
Պրեմիերա հասկացության հետ համակերպվել եմ (ծիծաղում է-հեղ․): Բայց առաջին մուտքը շատ դաժան էր, առաջին քայլ անելը դժվար էր: Կուլիսներում մտածում էի, որ հանկարծ չսխալվեմ, բայց հետո ինքս ինձ ասացի՝ արա այն, ինչ կարողանում ես անել, ավել բան քեզանից չի պահանջվում: Ցույց տուր քո հնարավորությունները, ոչ թե մտածիր՝ ով ինչպես կներկայացնի ու դու ինչպես ես ներկայացնում: Ներկայացման մեկնարկից րոպեներ անց հանգստացա, թուլացա ու լարվածությունս անցավ:
Գո՞հ էիր ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ներկայացման մեջ քո կատարումից:
Լիարժեք գոհ չէի: Ներկայացումը լավն էր, նորմալ էր ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ հաջորդ ներկայացումներում ավելի լավը կլինեմ:
Ինքնաքննադա՞տ ես:
Չեմ խոսում բարձրաձայն այդ մասին, բայց ներքուստ շատ եմ ինքս ինձ հետ խոսում: Ներկայացումները կամ փորձերը ես նկարում եմ, որ հետո տեսնեմ, հասկանամ՝ որտեղ եմ սխալվել, որ հաջորդ անգամ նույնը չանեմ: Ես միայն իմ առաջ եմ արդարանում: Շատ եմ տանջվում, երբ մի բան չի ստացվում այնպես, ինչպես ես եմ ուզում:
Կա՞ դեր, որի մասին երազում ես:
Իհարկե: Երկու ներկայացում կա, որոնց մասին երազում եմ: ‹‹Կարապի լիճն›› իմ ամենասիրելի բալետն է: Նաև շատ եմ սիրում ‹‹Քնած գեղեցկուհին›› ներկայացումը: Սպասում եմ այդ ներկայացումներում իմ դերերին:
Եթե բալետը չլիներ, ի՞նչ կընտրեիր:
Փոքր ժամանակ շատ էի սիրում ֆուտբոլ, բաց դժվար թե ֆուտբոլիստ դառնայի, քանի որ ընտանիքս ֆուտբոլով չէր հետաքրքրվում: Էնպես չէ, որ բալետով շատ հետաքրքրվում էին: Շատ պատահաբար եմ հայտնվել Պարարվեստի ուսումնարանում: Մերոնք ինձ փոքր տարիքից հայկական պարերի խմբակ էին տանում: Մի օր ուսումնարանի կողքով էինք անցնում, ընդունելություն էր, մտածեցինք՝ փորձենք: Ու էդտեղ էլ խնդիրներ առաջացան, քանի որ ընդունելությունն ավարտվել էր: Ինձ առանձին նայեցին, տեսան տվյալներս, ու էդպես ընդունվեցի: Ու 5-րդ դասարան նստելու փոխարեն, նստեցի 6-րդ դասարան, որովհետև 5-ում տեղ չկար: Ես երբեք չեմ թաքցնում, որ ուսումնարանը շատ վատ վիճակում եմ ավարտել, չէի ուզի էդպես ավարտել: Ես մտածում էի, որ սովորում եմ մի բան, որն ապագա չունի, ու ընդհանրապես չեմ մտածել բալետի արտիստի կարիերայի ուղղությամբ: Դպրոց վերադառնալ չէի կարող: Մտածում էի՝ կավարտեմ ու արդեն կորոշեմ որտեղ ընդունվել: 16 տարեկանում ավարտել եմ ուսումնարանը, ու երկու տարի ամեն օր Օպերայի թատրոնի դահլիճից գիշերը ժամը 11-ին էի դուրս գալիս, օրերով պարապում էի: Դա իմ վերջին շանսն էր, ու օգտագործեցի և դարձա բալետի արտիստ:
Չե՞ս փոշմանել:
Բացարձակ, ոչ մի գրամ չեմ փոշմանել: Ես շատ մեծ աշխատանք եմ արել, ու գոհ եմ իմ կատարածից:
Քեզ 5 տարի հետո ո՞նց ես պատկերացնում:
Ուզում եմ շատ լավ պատկերացնել, պետք է հասնեմ իմ մասնագիտության առավելագույնին, ներկայացված լինեմ տարբեր թատրոններում: Ապագայի նպատակները շատ են, ու փորձում եմ քայլ առ քայլ գնալ այդ նպատակներին:
Արի կոտրենք մի քանի միֆ բալետի արտիստների հետ կապված: Ըստ ուսումնասիրության՝ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ բալետի արտիստն ընդհանուր հաշվարկով 1 տոննա զանգված է բարձրացնում, ու նա այլևս կարիք չի ունենում մարզասրահ այցելելու, մկանները ձգելու: Դա այդպե՞ս է:
Վայ չէ, բալետի արտիստին ամենաշատն է հարկավոր գնալ մարզասրահ, որովհետև ամեն օր պետք է մարզվել: Որովհետև եթե մեկ֊երկու օր չմարզվես, էդ մեկ տոննան չես կարողանա հանել, ու կհասկանաս, որ ֆիզիկապես չես հասցնում: Մարզասրահում ու թատրոնում միասին՝ ես մարզվում եմ օրական 6 ժամ:
Ասում են՝ բալետի արտիստները միայն դասական երաժշտություն են լսում, այդպե՞ս է:
Չէ, իհարկե, ես սիրում եմ Չայկովսկի, Ռախմանինով, բայց այլ ոճերի երաժշտություն էլ եմ սիրում: Փոփ ու ռեփ երաժշտություն եմ շատ սիրում:
Խնջույքներին կամ երեկույթներին ո՞նց ես պարում:
Դե, ոնց կարողանում ենք, էդպես էլ պարում ենք: Հո բալետ չենք պարելու (ծիծաղում է-հեղ): Ասեմ՝ «էդ տաշի տըմբըլն անջատեք, էստեղ ես հիմա Չայկովսկու ադաջիոն եմ պարում», չէ։ Ոնց բոլորը, էնպես էլ մենք պարում ենք հայկական երաժշտության տակ:
Ամենահիմար հարցը բալետի մասին, որ քեզ շատ հաճախ տալիս են:
Դուք էլ ե՞ք մատների վրա կանգնում, ինչպես աղջիկները: Ինձ թվում է՝ աշխարհում բալետի արտիստ չկա, ում այդ հարցը չեն տվել:
Ինչպե՞ս կբնութագրես քո աշխատանքը:
Էսթետիկ ու դաժան: Բեմում մենք անմարդկային աշխատանք ենք կատարում, թե՛ կորդեբալետը, թե՛ մենապարողները, թե՛ առաջատար մենակատարները: Դա հսկայական աշխատանք է: Սրտիդ աշխատանքն արագանում է, այնքան, որ կարող է արագությունից կանգնել: Ներկայացումն ավարտվում է, վարագույրը քաշվում է, ու դու ուժասպառ ընկնում ես: Ծանր, բայց գեղեցիկ աշխատանք է, ու ես չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս ուղին:
Ռազմիկը՝ պարապմունքների ժամանակ










Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Աննա Շաշիկյանը


