Հասմիկ ջան, վերջերս այլ երկրներում երաժշտությամբ զբաղվող հայերը գալիս են մեզ մոտ՝ երգելու ու բարձունքներ նվաճելու: Հայաստանում ավելի լա՞վ են պայմանները երաժշտությամբ զբաղվողների համար:
Հայաստանն իմ հայրենիքն է: Եվ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, միշտ կարոտում եմ, ուզում եմ հետ գալ: Հաշվի առնելով իմ միջազգային փորձը, կարող եմ ասել, որ այո’, կան երկրներ որտեղ պայմաններն ավելի լավ են: Բայց հստակ է մի բան. պայմանները չեն, որ հայ արտիստներին բերում են Հայաստան, համենայն դեպս ինձ պայմանները չեն գայթակղել: Ավելի շատ հայրենիքի կարոտը և նաև հայ հանդիսատեսը:
Ի՞նչ է տվել Ձեզ Ուկրաինան: Ի՞նչ եք սովորել այնտեղ որպես երգչուհի:
Ուկրաինայում ես առաջին անգամ մեծ բեմ բարձրացա և ձեռք բերեցի փորձառություն և երաժշտական դաստիարակություն, ինչի համար անչափ ուրախ և շնորհակալ եմ: Ուկրաինայում ելույթ ունենալը ինձ նաև որոշ չափով տվեց այլ մտածելակերպ, ավելի ազատ եմ ինձ զգում, անկաշկանդ և դա ինձ օգնում է ինչպես երաժշտության մեջ, այպես էլ կյանքում:

Ըստ Ձեզ, ի՞նչն է Ձեզ առանձնացնում, դարձնում տարբերվող այստեղ:
Ես չեմ երգում միայն հայտնի դառնալու համար, ցանկանում եմ մի քիչ փոխել այս աշխարհը:
Դեպի Եվրատեսիլ. Լա՞վ նախագիծ է ինքնադրսևորվելու համար:
Այո, իհարկե: Դեպի Եվրատեսիլը ընձեռում է ինքնադրսևորվելու շատ լավ հնարավորություն բոլոր արտիստների համար:
Անցյալ տարի շա՞տ տխրեցիք, որ չհաղթեցիք:
Տխրեցի, բայց և ինքս ինձ լավ ճանաչեցի, քանի որ մարդ ինքն իրենց ճանաչում և բացահայտում է հենց դժվարությունների ժամանակ: Բայց նաև հասկացա, որ չեմ հանձնվելու, և հնարավորություն լինելու դեպքում կրկին փորձելու եմ ուժերս արդեն ավելի պարտաստված և վստահ քայլերով:

Այս անգամ վստահաբար ավելի մարտական և պատրաստված եք: Այդպես չէ՞:
Այո, իհարկե: Այս անգամ ամեն բան այլ է: Ավելի մարտական եմ տրամադրված, և ինձանից կախված ամեն բան անելու եմ հաղթանակի համար:
Ի՞նչ են տալիս Եվրատեսիլի և Ձայնի պես միջազգային նախագծերը Հայաստանի պես փոքրիկ երկրին և նրանում ապրող ու ստեղծագործող երգիչներին:
Բացում է քո առաջ մեծ հնարավորություններ, ստեղծագործական նոր ասպարեզ: Հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային երաժշտական շուկա: Հայաստանում ապրող և ստեղծագործող արտիստների համար առավել ևս մեծ շանս է Հայաստանի սահմաններից դուրս իրենց երաժշտությունը լսելի դարձնելու համար:


