Logo

Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները․ միջազգային կոնֆերանս՝ Երևանում

18:04 / 13.04.2023Միջոցառումներ
null

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20-ը տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:

Փակ կոնֆերանսը հասանելի կլինի օնլայն տիրույթում․ Հայաստանի գինու պատմության թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը կապահովեն կոնֆերանսի ուղիղ հեռարձակումը ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։

Մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը «հելլենիստական» Հայաստանն ունեցել է ընդհանուր առմամբ 6 մայրաքաղաք, որոնցից հինգը գտնվում էին Արարատյան դաշտավայրի տարածքում։

Արմավիրից (մ.թ.ա. 330–210) մայրաքաղաքը տեղափոխվել է Երվանդաշատ-Երվանդակերտ (մ.թ.ա. 210–180), այնուհետև՝ Արտաշատ (մ.թ.ա. 180–77), Տիգրան Մեծի օրոք` հայկական տերության ընդլայնումից հետո, Մեծ Հայքի մայրաքաղաքը կարճ ժամանակով գտնվում էր Արարատյան դաշտից դուրս՝ Տիգրանակերտում (մ.թ.ա. 77–69), որը հետագայում տեղափոխվեց Արտաշատ (մ.թ.ա. 69–մոտ 120 թ.)։ Այստեղից մայրաքաղաքը տեղափոխվել է Վաղարշապատ (մ.թ.ա. մոտ 120–330), իսկ ավելի ուշ՝ Դվին (336–428 թթ.)։

Հենց այս բնակավայրերի և մայրաքաղաքների քաղաքաշինության դիախրոնիկ ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով էլ Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի պատվիրակությունն ամիսներ շարունակ հնագիտական աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքները կամփոփվեն կոնֆերանսի ընթացքում։

Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում մասնավորապես կքննարկվեն Արարատյան դաշտի երկրաբանությունը և աշխարհագրությունը, պալեոֆլորան և պալեոֆաունան, ինչպես նաև անտիկ հուշարձանների մարդաբանությունը, Արարատյան դաշտավայրի կապի և առևտրային ուղիները։ Պեղումներում ներգրավված գիտնականները կզեկուցեն Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրում, Երվանդաշատ-Երվանդակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Դվինում իրականացված ծրագրերի արդյունքները։ Քննարկումը կկենտրոնանա քաղաքաշինության նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մայրաքաղաքների մի վայրից մյուսը տեղափոխելու հնարավոր պատճառների շուրջ: Առանձին ժամանակ կհատկացվի նաև Մեծամորի, Գառնու և Օղլանքալայի հուշարձաններին։ Մասնագետները կանդրադառնան նաև Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս տեղակայված մայրաքաղաքներին։ Միջագետքի ավանդույթների արտացոլումը Հայաստանի քաղաքաշինության համատեքստում կգնահատվի՝ ուսումնասիրելով Միջագետքի մայրաքաղաքները, ինչպես նաև Աքեմենյան և հետաքեմենյան Կովկասի զարգացումները՝ հատկապես Վրաստանում:

 

fastnews-ads-banner