Logo

Հայաստանը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

14:49 / 26.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը հայտնում է, որ Հայաստանը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին։ Նշենք, որ մրցույթը կայանալու էր հուլիսի 8-ից 18-ը Բելառուսում։ 

«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին  երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները:  Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,-նշել է Վրեժ Կիրակոսյանը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նման հայտարարության համար հիմք էր հանդիսացել Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանին քաջալերելու մասին:

fastnews-ads-banner