Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը տեղի ունեցավ PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի անվան քանդակագործության Հայ-իտալական միջազգային փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին հայտնի քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լեհաստանից:
Քանդակագործության փառատոնի գեղարվեստական ղեկավարներն էին՝ Արա Հարությունյանի նվիրյալ աշակերտ Վիգեն Ավետիսը և Հայաստանին նվիրյալ՝ Մասիմո Լիպպին, իսկ համադրող՝ արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն։
Քանդակագործները Իտալիայից ներկրված սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կերտեցին խաղաղությունը բնութագրող 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50-ամյակին։
Փառատոնի շրջանակում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները։ Քանդակագործության փառատոնի գլխավոր գործընկեր Fastex ընկերությունը պատրաստելու է փառատոնի ժամանակ ստեղծված քանդակների NFT տարբերակները, որոնք տեղադրվելու են FTNFT Phygital Space-ում, իսկ քանդակների NFT-երի վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում Akneye ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը։
Փառատոնի փակման միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, ներկայացուցիչներ Հնդկաստանի և Իտալիայի դեսպանատներից:
Նախաձեռնությանը միացել էր ArleAM ընկերությունը իր «Door» ապրանքանիշով:


