Logo

Հայկական մշակութային օբյեկտներ, որոնք տուժել են վերջին ավերիչ երկրաշարժից [լուսանկարներ]

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:33 / 13.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական մշակութային օբյեկտներ

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ։ Ցնցումները զգացվեցին երկրի մի շարք նահանգներում՝ Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում (Այնթապ), Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, նաև հարևան երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Իսրայելում, Կիպրոսում, նաև՝ մեր երկրում։

Ավելի ուշ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց՝ երկրի կենտրոնական հատվածում։ Ավերվեցին կամ վնասվեցին հազարավոր շենքեր և մշակութային ժառանգության օբյեկտներ:

Երկրաշարժի հետևանքով ավերվեց Այնթապ (այժմ կոչվում է Գազիանթեփ) նահանգի պատմական ամրոցը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծագործական քաղաքների» ցանկում։ Ամրոցը կառուցվել է Խեթական թագավորության ժամանակ՝ մեր թվարկությունից առաջ։ Այնուհետ այն վերակառուցվել է Հռոմեական կայսրության տարիներին։ Հիմնական տեսքը, որը պահպանվել է մինչ օրս, միջնաբերդը ստացել է XIII դարում՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Այնուհետեւ բերդում բացվել է համայնապատկերային թանգարան։

Հայկական մշակութային օբյեկտներ-1

Երկրաշարժը վնասել է նաև Հալեպի միջնաբերդը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտ է։ Միջնաբերդի առաջին ամրությունները կառուցվել են 10-րդ դարում, իսկ 13-րդ դարում այն ​​դարձել է Մերձավոր Արևելքի ամենահարուստ քաղաքներից մեկը։ 19-րդ դարում ամրոցը տուժել է երկրաշարժից, իսկ 2021 թվականին փորձագետները սկսել են վերականգնել միջնաբերդը Սիրիայում զինված հակամարտությունից հետո։

Երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև մի քանի հայկական եկեղեցիներ։ Վնասվել են Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիները։

Հայկական մշակութային օբյեկտներ-2

Հալեպում վնասվել է նաև Նահատակաց հայկական եկեղեցին, ինչպես նաև Կիլիկյան ճեմարանն ու Մխիթարյան վարժարանը՝ շենքը մասնակի փլուզվել է, առաջացել են ճաքեր։ Թեթև վնասվել է սիրիական Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է հայկական Յակուբիե գյուղում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:  

Հայկական մշակութային օբյեկտներ-3

Աղբյուրը՝ armmuseum 

fastnews-ads-banner