HBO-ի «Վիշապի տունը» սերիալի երկրորդ սեզոնը բաղկացած կլինի ութ էպիզոդից, հաղորդում է Deadline-ը:
Սթրիմինգային ծառայության ղեկավարությունը որոշել է էպիզոդների թիվը 10-ից կրճատել 8-ի՝ սերիալի 3-րդ սեզոնի պլանների հետ կապված։ Ի սկզբանե «Վիշապի տունը» ստեղծողները ծրագրել էին տասը դրվագից բաղկացած պատմություն, սակայն սցենարն ի վերջո փոխվել է, իսկ երկրորդ սեզոնի էկրանային ժամանակը՝ կրճատվել։
Ենթադրվում էր, որ դրվագների քանակի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել մայր ընկերության՝ Warner Bros.-ի ծախսերի կրճատման քաղաքականությամբ։ Սակայն HBO-ի ներկայացուցիչը նշել է, որ որոշումը կայացվել է հենց սցենարի փոփոխության պատճառով:
Ավելի վաղ «Վիշապի տունը» սերիալի շոուռաներ Ռայան Քոնդալը որոշ մանրամասներ է բացահայտել 2-րդ եթերաշրջանի վերաբերյալ: Պրոդյուսերը խոստացել է «հինգ նոր վիշապ» և հավելել, որ գալիք սեզոնի նկարահանումները կսկսվեն «շատ շուտով»՝ 2023 թվականին։