Երեկ երեկոյան Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ «Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։
Ըստ փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի` «Հետ նայելով գալիքին» այս տարվա կարգախոսի իմաստն այն է, որ ոչ թե ցանկացել են կենտրոնանալ 20 տարվա ամփոփման վրա, ինչպես սովորաբար արվում է հոբելյանական տարեթվերի ժամանակ, այլ ցույց տալ, որ դա առիթ է է'լ ավելի հեռու նայել ապագային: Ըստ նրա` 20 տարին այդիսի մեծ թիվ չէ համաշխարհային կինոփառատոնային պատմության մեջ, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի մշակութային իրադարձություն է: «Մի կողմից մենք, իհարկե, հասկանում ենք, որ 20-ն ինքնին հոբելյանական է, բայց մյուս կողմից մոտենում ենք ինչպես յուրաքանչյուր տարվա, որովհետև յուրաքանչյուր տարի իր անկրկնելիությունն ունի` բովանդակային առումով»,- ասաց նա:
Փառատոնի մեկնարկը տրվեց կարմիր գորգի արարողությամբ, որին մասնակցեցին հայ և միջազգային հայտնի կինոգործիչներ։ Այնուհետև փառատոնի բացումն ազդարարվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։
Հուլիսի 9-16-ը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր հեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոդիտողներին։ Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասն է։
Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից են ճապոնացի հանրահայտ ռեժիսոր Տակեշի Կիտանոն, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները: Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
Փառատոնի հիմնական միջոցառումներն անցկացվելու են Երևանի կինոյի տանը և «Մոսկվա» կինոթատրոնում։
Կինոտոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

















Լուսանկարները` Ագնեսա Կիրակոսյանի


