Logo

Հրաչյա Հարությունյան․ «Լեոնիդ Ենգիբարյանի արվեստը հետապնդում և օգնում է ինձ միշտ»

13:01 / 14.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ Հրաչյա Հարությունյանի տարեդարձն է։ Հարցազրույցների ժամանակ բազմիցս է նշել, որ տարեդարձի օրվան այդքան էլ կարևորություն չի տալիս, առանձնահատուկ չի պատրաստվում և տարիքին էլ առանձնապես շատ լուրջ չի վերաբերվում: 

 Նա ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ Տարիներ առաջ  հանճարեղ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի կերպարից ոգեշնչված՝ Հրաչյա Հարությունյանն  էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում սովորելու ընդունվեց, ինչից էլ սկսվեց արտիստի մեծ բեմեր նվաճելու ճանապարհը: Նա հաճախ է ասել,որ հանճարեղ Ենգիբարյանն իր ստեղծագործական ընթացքում միշտ ուղեկցում է նրան.  վստահ է՝  Ենգիբարյանի արվեստը հետապնդում և օգնում է նրան միշտ: 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978 թվականից էլ աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։ 

«Փորձով կիսվելն ու երիտասարդ դերասանների հետ աշխատելն արտիստի յուրաքանչյուր օրվա խնդիրն է», -վստահեցում է Հրաչյա Հարությունյանը: 

Հեռուստաթատրոնում, ֆիլմերում, թատրոնում տասնյակ դերեր է մարմնավորել. «Տարիների ընթացքում ես հասկացա, որ դերասանի մասնագիտությունը երևի միակ մասնագիտությունն է, որը թույլ է տալիս մարդուն օրվա մեջ գոնե մի քանի ժամ չխաղալ. դա բեմում գտնվելու ժամերն են:  Տպավորություն է, որ մեր գործը խաղալն է, բայց իրականում հակառակն է: Ինձ համար  ամենակարևորն է, որ  բեմից իմ ասելիքը հասնի հանդիսատեսին և նրանք ինձ հետ սկսեն մտածել»:

 

fastnews-ads-banner