Logo

«Գուցե այս գիրքը լինի այն հենակն ու հենարանը, որը կօգնի վերանայել կյանքը»․ Newmag-ը հրատարակել է Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպը

Հեղինակ
Զառա Սարգսյան
13:10 / 20.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Newmag-ը հրատարակել է Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպը: 

Նկարագրություն

2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից...

Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

Հեղինակի մտքերը

«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

«Գրքում արծարծվող հարցերը տարբեր  են` բուլլինգ, կախվածություններ, մեղքի զգացում, ապրելը` մեծ կորուստներից հետո, անձնային փոփոխությունների ու խնդիրների հաղթահարման փորձեր... Այդ առումով «Աղի թեյը» շատ կետեր ունի, որոնք կարող են հատվել ընթերցողների հետ, արդեն ամեն ոք ինքը կզգա` որ գիծն է իրեն հարազատ:
Թեմաներն ընտրել եմ՝ ըստ իմ անձնական փորձառության ու նաև շրջակայքի, շրջապատի ուսումնասիրություններից ելնելով: Կարծում եմ, որ այս ու մնացած հարցերի մասին, որոնց հանդիպում ենք գրքում, պետք է խոսել, բարձրաձայնել ու լուծել դրանք: Ի վերջո, նման վեպ գրելը ևս փոքրիկ փորձ է. գուցե հենց գիրքը լինի այն հենակն ու հենարանը, որը կօգնի վերանայել կյանքն ու սկսել փոխել այն` ըստ անհրաժեշտության»,- VNews Culture-ի հետ զրույցում ասաց Սյունե Սևադան:

Հեղինակի մասին

Սյունե Սևադան (ծնվ. 1995 թ.)ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2010-ից ստեղծել էր իր բլոգ-կայքը, որտեղ պարբերաբար հրապարակել է իր պատմվածքները։ Դրանց հիման վրա 2019-ին հրատարակվել է Սյունեի առաջին գիրքը՝ «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն, որը ներառում էր հեղինակի գրական վաղ շրջանի ստեղծագործությունները։ Այս ժողովածուի որոշ պատմվածքներ թարգմանվել ու հրատարակվել են տարբեր երկրների ամսագրերում, գրական ժողովածուներում ու կայքերում։

«Աղի թեյը» Սյունե Սևադայի երկրորդ գիրքն է և առաջին վեպը։

fastnews-ads-banner