«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ․ ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգի մենակատարը Սեդա Ամիր-Կարայանն էր, դիրիժորը՝ Ֆրից Կրեմերը։ Համերգին մասնակցել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան գլխավորությամբ։
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը խոստովանել է՝ սա իր կյանքի ամենաերջանիկ պահն է։ «Կյանքում ամենակարևորը ոգևորությունը պահպանելն է, ինչը մեր միասնության շնորհիվ է։ Պետք է ավելի ուշադիր լինենք մեր հոգու և մտքի նկատմամբ, որպեսզի կարողանանք կոփել մեր միասնությունը։ Երջանիկ եմ, քանի որ այսքան հայ մարդ նստած է այստեղ ժպտուն աչքերով՝ ունկնդրելու համերգը, որտեղ հյուսվում է սիրո պատմությունը», - նշել է կոմպոզիտորը։
Համերգը կայացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել ժաննա Անդրեասյանը։ «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը լինելու պատիվ ունենք։ Սիրելի՛ մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ հոբելյանի կապակցությամբ։ Ինձ միշտ հիացրել են Ձեր եռանդն ու ոգևորությունը, որ փոխանցվում է բոլորիս։ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը։ Վստահ եմ՝ յուրաքանչյուրն ունի Ձեր ստեղծագործություններից որևէ սիրելի կտոր, որ միշտ իր հետ է։ Ձեր արվեստն ապրում է և ժամանակի մեջ դառնում անշրջելի։ Մաղթում եմ, որ Ձեր կենսասիրությունը, ստեղծագործելու ներուժն ու եռանդն անսպառ լինեն, և Դուք միշտ լինեք մեր կողքին», - ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։