Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկը կամ պարզապես «Ուրախ, տխուր մարդը» այսօր կդառնար 94 տարեկան: Fast News Culture-ն առանձնացրել է Ֆրունզիկի մտքերն իր մասին:
«Առանձնակի մի կենսագրություն չունեմ… Ծնվել եմ մշեցու ընտանիքում… Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի։ Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»։ Պատասխանեցի. «Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ»։ Վարպետը մտածեց, մտածեց և ասաց. «Ա՛յ տղա.դու իսկական երևանցի ես…»:
«Մորս մասին խոսելը դժվար է, դա նույնն է, թե ինձ նկարագրեմ։ Ինչ լավ բան կա մեջս՝ մորս է, ինչ որ պակաս ու թերություն կա՝ նույնպես մորս է։ Ինձ համար կյանքում եղած հրաշքների, գեղեցկությունների, զանազան հիանալիքների մեջ սիրելուց ու հիանալուց բարձր է «Մայր» երևույթը։ Հիվանդանոցում ասացին, որ պիտի վիրահատեն։ Վիրաբույժին հարցրեց. «Դուք գիտեք ես ով եմ, ես Ֆրունզիկ Մկրտչյանի …»։ «Գիտենք, գիտենք»։ Վիրահատեցին։ Մի օր միջանցքում կանգնած եղբայրս բղավեց. «Ապեր, արի, մաման հայացքով քեզ է փնտրում»։ Գնացի ու առաջին անգամ տեսա նրա մազերը արձակած, պարզվեց՝ մազերը գանգուր են։ Մաշկը ավելի էր սպիտակել, շատ-շատ գեղեցիկ էր»։
«Հայ մարդու ճակատագիր է։ Հայրս ու մայրս Եղեռնից մի կերպ են փրկվել։ Որբ են եղել՝ դաժան ու սարսափով լի մանկություն ապրած։ Մի անգամ, մի քարի հետևում թաքնված ականատես են եղել, թե ինչպես են ինչ-որ բեղավոր մարդիկ եկել ու մորթել 2 սայլ մարդկանց, տասներկու սարվորի… Այդ վախն ու սարսափը նրանք իրենց հետ տանում էին ամբողջ կյանքում»։
«Երբ մայրս հեռացավ, եկանք տուն: Ես սգում էի, Պարույր Սևակն էլ միշտ հետս էր, սկսեցի արտասվել: Պարույրը ականջիս ասաց. «Մի՛ արա»։ «Ինչո՞ւ»։ «Ամբողջ կյանքդ հուզվելու ես»։ Մայրն այնպիսի բան է, որ մինչև կյանքիդ վերջ հիշելուց պիտի հուզվես։ Հիմա, երբ ինձ մի վատ բան է լինում, մի բան չի ստացվում՝ անհաջողություն, դժբախտություն, ես գիտեմ, որ ինքը տեսնում է, ու անմիջապես մի ուրիշ լավ բան է լինում։ Ես գիտեմ, որ նա միշտ ինձ հետ է: Մենք միշտ միասին ենք»։
«Երբ առաջին անգամ բեմ եմ բարձրացել, երեխա էի՝ 13-14 տարեկան։ «Նամուս» ներկայացման մեջ Ռոստոմի ծառայի փոքրիկ դեր ունեի՝ պիտի մտնեի բեմ, նայեի չորս կողմ, տերս կանչեր ու գնայի։ Երբ ներս մտա, ժողովուրդը ծիծաղեց, չգիտեմ՝ ինչու ծիծաղեց, մինչև հիմա էլ չգիտեմ՝ ինչի համար էր ծիծաղում։ Աշխատում եմ ինքս իմաստավորել այդ ծիծաղը։ Երբ ծիծաղը կտրվեց, լռության մեջ լսեցի բարձր մի ձայն. «Վայ, աման էդ իմ տղեն է»։ Տարիներ անցան, արդեն մեծ էի, փոքր եղբորս հետ «Գիքոր» ներկայացման մեջ էինք խաղում։ Ես՝ Բազազ Արտեմ, ինքը՝ Գիքոր։ Երբ սկսեցի Գիքորին ծեծել, տեսնեիք մորս. մի վեց հոգի հազիվ էին բռնել. «Անպետք ինչի ես էդ երեխուն ծեծում, բաց թող երեխին». Ասին՝ Սանամ, էն էլ է քո տղեն, հանգստացավ՝ աման, էդ իմ Ֆրունզն է, թող ծեծի»։
«Ես տեսքիս մասին սեփական կարծիք ունեմ։ Մի օր մեծ հանդիպման ժամանակ ինձ հարցրին. «Դուք վատ չե՞ք զգում, որ Ձեր քիթը մեծ է»: Երկտողը բարձրաձայն կարդացի ու ասացի. «Այ, ձեր՝ ամբողջ սրահի քթերը փոքր են։ Դուք շատ եք և ձեզ թվում է, որ դա է գեղեցիկ։ Պատկերացրեք՝ բոլորդ մեծ քիթ ունենայիք, իսկ ես՝ փոքր, ի՞նչ այլանդակ բան կլիներ…»։ Դերասանների քիթը, աչքերը, երեսը, մարմինը, ձայնը աշխատանքի գործիքներն են, որոնք չի կարելի թաքցնել, այլ հարկավոր է ճիշտ օգտագործել»։
«Չգիտես ինչու` մարդուն հանդիպելիս նրան միշտ պատկերացնում եմ երեխա, աշխատում եմ նրա մեջ տեսնել մանկականը, մաքուրն ու զուլալը։ Զարմանալիորեն չեմ կարող պատկերացնել, որ կարելի է այս կամ այն երեխային չսիրել, որքան էլ նա տարօրինակ լինի, չար ու խենթ։ Երեխաներին պարզապես պետք է ընդունել և վերջ»։
«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»։