Logo

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 14.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
հովհաննես շիրազ - Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա’խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, –
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, –
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, –
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, –
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, –
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, –
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա’վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, 
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, 
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս, 
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,- 
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին 
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, 
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին 
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, 
– Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- 
ու բացին 
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝ 
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին 
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, 
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, 
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով 
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, 
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։ 

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:

Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:

Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:

Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ…      

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափե

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 
Արև աչքերի լույսն է նա թափել՝ 
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին… 
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։ 

*** 

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում…


fastnews-ads-banner