Logo

Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 07.12.2017ՄՇԱԿՈՒՅԹ
image - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Ձմեռ. տաք տուն, հարմարավետ բազկաթոռ, թեյի բաժակ, տաք ծածկոց և գիրք: Իսկական ձմեռային իդեալական տեսարան: Իսկ ի՞նչ կարդալ ձմռանը:

Մենք խնդրել ենք գրականագետ, ԵՊՀ դոցենտ, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանին խորհուրդ տալ՝ ինչ կարդալ ցուրտ եղանակին՝ ամառը չկարոտելու և ձմեռային հեքիաթը ավելի լավ զգալու համար:

1. Համո Սահյան, Ընտրանի

xcwk92ng6zmr371o - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Հայկ Համբարձումjանը խորհուրդ է տալիս պոեզիա շատ կարդալ: Նրա սիրած պոետներից է Համո Սահյանը: Սահյանական նրբաթել պոեզիան, իր պարզությամբ և անզարդությամբ, ցույց է տալիս բնության գեղեցկությունը, օգնում տեսնել ամենահասարակ բաների մեջ գեղեցիկը և խորհրդավորը: Ընտրանու բանաստեղծությունները շատ են, ամենասիրելին ընտրելը դժվար է, բայց գրականագետը առանձնացրեց այս մեկը.

Մի փոքրիկ գիշեր,

Մի մեծ լուսին…

Աստղեր են իջել

Լեռան ուսին:

 

Տե՜ր, թույլ տուր մի քիչ՝

Ինձ փափագեմ,

Սե՛ր, թույլ տուր մի քիչ՝

Աչքս փակեմ…

 

Մի փոքրիկ լուսին,

Մի մեծ գիշեր…

Ա՜խ, լեռան ուսին

Ձյուն է իջել:

 

Փառքդ շատ, որ ես

Դեռ կամ, Աստված,

Ամեն ինչի հետ

Այսպես հաշտված:

2. Խալեդ Հոսեյնի, «Եվ արձագանքեցին լեռները»

թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան

default 1 - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

«Զանգակ» հրատարակությունը 2016 թվականին տպագրեց այս համաշխարհային բեսթսելերը: «Տարվա բոլոր եղանակներին ջերմացնող սրտառուչ մի վեպ է սա», – ասում է Հայկ Համաբարձումյանը:

Սա աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի երրորդ վեպն է: Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատմվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել Քաբուլում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։

3.Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն»

978 9939 68 480 2B - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը: Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…

«Մկրտիչ Արմենի այս վիպակը ցրտաշունչ, հավերժական ձմռան և երեխաների տաք սրտերի ու խիզախության մասին է», – պատմում է գրականագետը:

Գրքի նկարազարդումները՝ Նաիրա Մուրադյանի:

4.Ջաննի Ռոդարի, «Երկնագույն Նետը»

թարգմանիչ՝ Վահե Հակոբյան

978 9939 68 340 9.b - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

«Հուզիչ հեքիաթ Սուրբ Ծննդյան հրաշքների մասին»: 
Ըստ իտալական լեգենդի, ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում:
Ջաննի Ռոդարիի այս պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել:

5. Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը..»

թարգմանիչ՝ Արամ Արսենյան

13198524 858243730946429 139247370331026209 o - Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

«Այս գիրքը պետք է կարդալ՝ գոնե տոներին երեխաներին ավելի լավ հասկանալու համար», – ասում է Հայկ Համբարձումյանը:

Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Այս գիրքը ամերիկացիների ամենասիրելի և պարտադիր ընթերցանության վեպերից է և համաշխարհային գրականության լավագույններից մեկը:

«Կարդացե՛ք լավ գրականություն որակյալ թարգմանությամբ և տարվա բոլոր եղանակներին»:

Հայկ Համբարձումյան


fastnews-ads-banner