DC-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքը (DCEU) բավականին բարդ ճակատագիր ունի: Այն Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի նման խոշոր ֆրանշիզի վերածելու փորձերը երբեմն ավարտվում էին անհաջողությամբ, ինչը ստիպում էր Warner Bros.-ին «կրկին փորձել»՝ վերագործարկելով տիեզերքը: Այս փորձերի ընթացքում լինում էին ինչպես բացահայտ թույլ ֆիլմեր, այնպես էլ ազդեցիկ կտավներ, որոնք արժեքավոր են նաև առանձին, ոչ ընդհանուր տիեզերքի կոնտեքստում: Սակայն որոշ ֆիլմեր՝ սկսած Զակ Սնայդերի «Պողպատյա մարդուց» (Man of Steel), հնարավոր է, ընդհանուր առմամբ, տեղավորել մեկ միասնական կինեմատոգրաֆիկ տիեզերքի կոնտեքստում, ճիշտ է՝ ոչ այնքան կուռ, որքան Marvel-ի դեպքում է:
Warner Bros. կինոընկերության ֆինանսական խնդիրներն ու ձուլումը Discovery-ի հետ ավելի սուր են դարձրել խոշոր, երկարատև կինոկոմիքսային ֆրանշիզի ստեղծման անհրաժեշտությունը: Հռչակավոր ռեժիսոր Ջեյմս Գանին DCEU-ի հետագա զարգացման ղեկավար նշանակելն, իհարկե, լավագույն քայլն էր, որ կարելի էր ձեռնարկել, սակայն մինչ այդ, կինոընկերությունը ևս մի փորձ կատարեց՝ որոշելով դեռ 2000-ականների սկզբի արտադրական դժոխքից դուրս հանել ու վերջապես նկարահանել DC կոմիքսների հայտնի հակահերոս Սև Ադամի մասին սոլո ֆիլմը: Մոտ 200 մլն դոլար բյուջեով կինոկոմիքսն այնպես չէ, որ լավ ֆինանսական ցուցանիշներ ապահովեց, բայց ձախողում անվանելը նույնպես սխալ կլինի: Կինոքննադատները հիմնականում դժգոհ էին, իսկ կինոդիտողներին ֆիլմը դուր էր եկել: Մենք նույնպես դիտեցինք «Սև Ադամն» (Black Adam) ու ներկայացնում ենք տպավորությունները:
Մ.թ.ա. 2600 թվականին Կանդակի արքա Ակ-Տոնը ստեղծել է Սաբբակի թագը, որի միջոցով դևերը կարող են արքային անսահման իշխանություն և ուժ տալ: Հրաշագործների խումբն էլ դևերի տիրապետության հաստատումն աշխարհում կանխելու համար անմարդկային ուժով է օժտում ստրուկ երեխայի՝ վերածելով նրան Կանդակի հերոս-պաշտպանի՝ Տետ-Ադամ անունով: Վերջինս հաղթում է Ակ-Տոնին ու անհետանում: Ավելի քան 4600 տարի հետո Կանդակի պաշտպանը վերադառնում է լրիվ այլ պատճառներով, սակայն Սաբբակի թագի ու դևերի վտանգը չի չքացել:
Ծագումով կատալոնացի ռեժիսոր Ժաումե Կոլետ-Սերան մինչ այժմ նկարել էր երկու բավականին հաջողված հորրոր (մեկը՝ շնաձկների մասին), Լիամ Նիսոնի մասնակցությամբ մի քանի միջակ մարտաֆիլմ ու անհաջող, սակայն շատ թանկարժեք արկածային ֆիլմ Դիսնեյի համար: «Սև Ադամի» խոշոր բյուջետային միջոցները ֆիլմի քրոնոմետրաժով դասավորված են զարմանալիորեն հարթ, ինչի շնորհիվ մոտ երկու ժամ տևողությամբ կինոկոմիքսը չի ձանձրացնում, դինամիկան ոչ մի մասում չի դանդաղում, իսկ հերոսները չեն հասցնում նյարդայնացնել:
Իհարկե, Ամանդա Ուոլերի «գազանանոցից» Ադամին օգնության հասած սուպերհերոսները՝ Կարտեր Հոլը (Hawkman), Դոկտոր Ֆեյթը (տեղական դոկտոր Սթրենջը), Ցիկլոնն ու Ալբերտ Ռոտշթեյնը (որը, բացի ահռելի մեծ չափերի հասնելուց, հիմար կատակներից ու պատմամշակութային հուշարձանները սեփական դանդալոշությամբ ոչնչացնելուց ուրիշ ոչնչի ընդունակ չէ), մեղմ ասած, այնքան էլ լավ բացված չեն, առավել ևս, որ սա իրենց առաջին հայտնվելն էր DCEU-ում: Սակայն դա չի խանգարում «Սև Ադամին» լինել մաքրամաքուր կինոկոմիքս՝ առանց ավելորդությունների. առանց ավելորդ փիլիսոփայության, առանց ավելորդ դրամատիզմի, առանց երկրորդ ու երրորդ հատակների: Ֆիլմի ամբողջ ընթացքում անդադար, բավականին լավ բեմադրված էքշն է, որն ընդհատվում է կարճ երկխոսություններով, բավականին լավ հումորով ու Դուեյն Ջոնսոնի «ժայռե» դեմքով:
«Սև Ադամին» կարելի է քննադատել շատ բաների համար. այստեղ չկա հասկանալի, մոտիվացված չարագործ, որին չես մոռանա անմիջապես դիտումից հետո․ անգամ հերոսներն են այստեղ խիստ պայմանական, առանց նորմալ բեքգրաունդի (եթե կոմիքսներին ծանոթ չեք), իսկ սովորական մարդիկ՝ ի դեմս Սառա Շահիի ու իր կերպարի որդու (որը, մեր մեջ ասած, միակ նյարդայնացնող հանգամանք է), այստեղ կատարում են զուտ ստատիստների դեր, ում ամենակարողներն անընդհատ պետք է փրկեն: Բայց սյուժետային խորությունը, հնարամտությունն ու դրամատիզմն այն չեն, ինչ կարելի է պահանջել նմանատիպ կինոկոմիքսից. «Սև Ադամը» իդեալական ամառային բլոկբաստեր է, երբ փոփքորնով, ուղեղը կիսով չափ անջատած կարելի է մտնել կինոդահլիճ՝ վստահ լինելով, որ ականատես ես լինելու լավ ատրակցիոնի: Իսկ ատրակցիոն նստելիս հո վերամբարձ բաների մասին չե՞նք մտածում:
Կարդալ նաև՝
Հասարակության ծնած հրեշը... Սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին նեթֆլիքսյան սերիալը
Դատապարտվածները. Հաշտվելու ու ապրումակցելու մասին Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբը»

.jpg)
