Logo

Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 11.04.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Post image112111 - Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան

Կան լուսանկարներ, որոնք դիտելիս չեք կռահի, թե ինչ պատմություն կա թաքնված դրանց ետևում: Այդ պատմության մասին գիտի միայն նա, ով հաջողացրել է հավերժացնել պահը: VivaroNewsCulture-ը ներկայացնում է հայ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի 10 լուսանկարները, որոնց պատմությանը ծանոթացնում է հենց ինքը՝ լուսանկարիչը չմոռանալով կիսվել լուսանկարչության գաղտնիքներով, հմտություններով ու հետաքրքիր պատմություններով:

 

Սուրեն Մանվելյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է 16 տարեկանից: Լուսանկարչի իր պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը Սուրեն Մանվելյանը համարում է 2006 թվականը: Նրա լուսանկարչական հետաքրքրությունները ներառում են մակրո դիմանկարները, կրեատիվ ֆոտոնախագծերը, բնապատկերները, հարսանեկան լուսանկարները և ոչ միայն: Հայ լուսանկարչի աշխատանքները տպագրվել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են National Geographic-ը, The Sun-ը, Daily Mail-ը, The Independent-ը, Telegraph-ը, Guardian-ը, Huffington Post-ը, BBC Spain-ը, BBC Brasil-ը և այլք:

 

Այս երկու լուսանկարները Սուրեն Մանվելյանի «Քո գեղեցիկ աչքերը» հանրահայտ շարքից է:

Untitled 1 16 - Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան

Առաջին ֆոտոապարատը  Zenit E-ն էր:

Առաջին լուսանկարն առանձնացրել եմ, որովհետև այն տպագրվել է National Geographic ամսագրում: Այն, բացի անսպասելի լինելուց, նաև ինձ համար այս շարքի հաջողվածության գագաթնակետն էր:

Իմ լուսանկարներից պարբերաբար տեղադրում եմ անձնական վեբ կայքում և Behance-ի իմ էջում: Մի օր շատ անսպասելի նամակ եմ ստանում National Geographic-ից հետևյալ բովանդակությամբ՝ «CONTACT US»: Նորմալ մարդիկ, եթե նամակ են գրում, սովորաբար գրում են՝ «Բարև ձեզ, ես այսինչն եմ», իսկ ստանալ նամակ National Geographic-ից, այն էլ ասպիսի բովանդակությամբ, փոքր ինչ անհասկանալի էր, ու կարող էի լուրջ չընդունել: Բայց ի պատասխան գրեցի «CONTACT» և նամակն ուղարկեցի: Այ դրանից հետո բովանդակալից նամակ ստացա, որտեղ առաջարկում էին այս նկարը տպագրել ամսագրում. բնականաբար համաձայնեցի: Լուսանկարը տպագրվեց ու տեղ գտավ National Geographic-ի 2012 թվականի հունիսյան համարում:

Լուսանկարչությունը նման է աստվածաշնչի պատվիրաններին:Լուսանկարչությունը սպանություն է, որովհետև դու իրականում սպանում ես ու քարացնում:

180875 186113871409322 4956305 n - Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան
1. Your beautiful eyes Suren Manvelyan©

Կյանքի մեջ փոփոխություն կա, լուսանկարում ժամանակի մեջ չի փոխվում ոչինչ, այսինքն լուսանկարչությունը մահ է։

Ամենասկզբից ինձ հետաքրքիր էր, թե ինչպես կարելի է աչք լուսանկարել: Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, սիրում եմ «քչփորել», քչփորեցի ու գտա աչքեր լուսանկարներելու տարբերակը՝ բացարձակ չպատկերացնելով, որ ես ինչ-որ արտառոց բան եմ անում: Առաջին 20 լուսանկարները տեղադրեցի Behance-ում, որից մեկ ամիս հետո դիտումների քանակը տեսնելով ՝ապշեցի, 100.000-ից ավել մարդ էր տեսել: Պարբերաբար տարածվելով՝ մի անգամ էլ ֆիքսեցի, որ այս շարքի շնորհիվ 15 միլիոն օգտատեր էր այցելել իմ ֆեյսբուքյան էջ:

Երբ նամակ ստացա ու իմացա, որ ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնն ուզում է իմ աչքերի շարքից 4 լուսանկար օգտագործել իր «Լյուսի» ֆիլմում, հավատս չէր գալիս: Համագործակցության առաջարկն իրոք շոկային էր։ Եթե իրականում հանդիպեի նրան, կուզեի խոսել իր կերպարների մասին։ Ժամանակակից ֆիլմարտադրության մեջ քիչ կհանդիպես կյանք ապրող կերպարների։ Նրա ֆիլմերը հենց իր կյանք ապրող կերպարներով են հետաքրքիր։

8e185b51505893.5608b443e3ec7 - Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան
2. Lama eye Suren Manvelyan©

Եթե առաջին ֆոտոշարքի ժամանակ ինձ հետաքրքիր էին մարդկանց աչքերի լուսանկարները, որոշ ժամանակ անց սկսեցի կենդանիների աչքեր լուսանկարել: Օրինակ այս մեկը լամայի աչք է, որը նկարել եմ Կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ գործով էի գնացել, որտեղ, պարզվում է, Սովետի ժամանակներից ներսում եղել է կենդանաբանական այգի: Դե հիմա պատկերացնում եք՝ ինչ մնացած կլինի այդ այգուց: Երկու լամա, որից մեկի աչքն էլ որոշեցի լուսանկարել: Աչք լուսանկարելու հարմարանքներս վերցրի ու մտա լամային տեսնելու: Մոտ մեկ ժամ տևեց, մինչև նրան համոզեցի, որ իրեն չեմ սպանելու, չեմ ուտելու ու ինքն ինձ թույլ տվեց, որ ես իմ լուսանկարներն անեմ:

Լուսանկարչությունը գողություն է, որովհետև Աստված ստեղծել է մայրամուտը, իսկ դու գողանում ես։  Լուսանկարչությունը ագահություն է։ Սա էլ նկարեմ, նա էլ նկարեմ…

309346 437646946256012 621007794 n - Իմ 10 լուսանկարներն ու դրանց էպիկ պատմությունները. Սուրեն Մանվելյան
3.Jump in pants Suren Manvelyan ©

Հարսանեկան լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել 2011 թվականից: Մարդ պիտի բարձր վարպետության հասնի մի քանի լուսանկարչական ժանրերում, մինչև «մտնի» հարսանիք: Հարսանիքը խիստ պայմաններ է դնում լուսանկարչության ժամանակ:

Հարսանիք նկարելու համար պիտի կարողանաս լավ պորտրետ, նատյուրմոտ, բնանկարներ ու ռեպորտաժ նկարել: Հարսանիքը 4-ը 1-ում է:

Այս լուսանկարը իմ նկարած ամենաիդեալական հարսանիքներից մեկի ժամանակ եմ արել: Փեսան ասել էր՝ «Սուր ջան, ինչ ուզում ես, արա, ոնց սիրտդ ուզում է, նկարի»: Գնացի փեսայի տուն, փեսան՝ հագնված պատրաստ փողկապով, հարցրեց «Սուր ջան, ի՞նչ անեմ»,- ասացի՝ հանվի: Ու ստացանք այս լուսանկարը:

Լուսանկարչություն շնություն է։ Եկել է պատվիրատուն, փողը տալիս է, ուզում է ոչ թե ոնց որ դու ես ուզում, այլ ուզում է իր ձևով։ Դու քո ստեղծագործական մաքուր, ջինջ «կույս» սկզբմունքը օգտագործում ես պատվիրատույի ճաշակը բավարարելու համար։ Փողի դիմաց սա ինչ է, շնություն չէ՞։

1 2

fastnews-ads-banner